Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը փետրվարի 23-ին ընդունել է ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնին: Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Արփինե Հովհաննիսյանը, դեսպանի հետ զրույցում բարձր գնահատելով Հայաստանի ու Լիբանանի միջև առկա հարաբերությունները և ձևավորված փոխվստահության մթնոլորտը, նշել է, որ դեռ անելիքներ կան երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ: Նախարարը կարևորել է արդարադատության ոլորտում փոխշահավետ համագործակցության խորացումը՝ պատրաստակամություն հայտնելով այդ ուղղությամբ ձեռնարկելու համապատասխան քայլեր:
Ժան Մաքարոնը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ Արդարադատության նախարարությունը կարող է լինել լավ գործընկեր՝ առկա հարաբերություններն էլ ավելի խորացնելու համար: Դեսպանը նույնպես կարևորել է արդարադատության նախարարությունների միջև փոխգործակցության խթանումը և վստահեցրել, որ այդ ուղղությամբ կձեռնարկվեն համապատասխան քայլեր:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել արդարադատության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը դարձնել առավել արդյունավետ: