ՀԱՄԱԼԻՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիս ամսին՝ կաթնամթերքի թանկացումից հետո, համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ վերջին ժամանակաշրջանում նույն շուկայում գրանցվել է գների նվազում: Իսկ նորաստեղծ “Իրազեկ եւ պաշտպանված սպառող” հասարակական կազմակերպության կողմից իրականացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ 2013թ. մայիսի 10-ից մինչ օրս կաթնամթերքը թանկացել է 8-12%-ով: 
Ըստ “Իրազեկ եւ պաշտպանված սպառող” հ/կ-ի՝ հավասարապես թանկացել է ե՛ւ այն կաթնամթերքը, որում օգտագործվում է նաեւ չոր կաթ (արտադրողներն իրենց արդարացնում էին կաթի փոշու թանկացմամբ), ե՛ւ այն կաթնամթերքը, որը պատրաստված է բացառապես կովի անարատ կաթից (այն դեպքում, երբ կաթի մթերման գինը նվազել է):
“Համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից գրանցված գների նվազումը ոչ մի կապ չունի արտադրողների կողմից սահմանված առաքման նոր գնի հետ. այն ուղղակիորեն պայմանավորված է իրացման ցանցի կողմից վարվող գնային քաղաքականությամբ: Ակնկալում ենք, որ վերոնշյալ փաստերի շուրջ համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից կիրականացվեն նոր ուսումնասիրություններ եւ գործողություններ”,-նկատեց “Իրազեկ եւ պաշտպանված սպառող” հ/կ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը: Նշենք, որ Պիպոյանը նախկինում սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) պետ Աբրամ Բախչագուլյանի մամլո խոսնակն է եղել:
Հիշեցնենք, որ մոտ 2 ամիս առաջ ՀՀ գյուղատնտեսության նախարարության (ԳՆ) անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ գյուղացիները կաթի իրացման գները մայիսի վերջին եւ հուլիսի սկզբին կսկսեն իջեցնել, ինչի պատճառով էլ կաթնամթերքի շուկայում կդիտվի գնային անկում: 
Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ հանրապետությունում կաթի արտադրությունը սեզոնային բնույթ է կրում: Եթե դեկտեմբեր-հունվարին կաթի ամսական արտադրությունը հասնում էր մինչեւ 20 հազար տոննայի, ապա ապրիլ-մայիսին սովորաբար արտադրությունը սկսում է բարձրանալ եւ հասնել մինչեւ 70-80 հազար տոննայի: Այդ իսկ պատճառով կաթի գները փոփոխվում են: Ըստ նրա՝ անցյալ տարի՝ մայիսին, արտադրական կազմակերպությունները կաթը մթերում էին 140 դրամով, մինչդեռ այս տարի` 170-180 դրամով:
“Այստեղ անելիք ունեն երեք պետական լիազոր մարմինները՝ ՀՀ ԳՆ-ն, ՍԱՊԾ-ն ու ՏՄՊՊՀ-ն: Մեկը գնի կարգավորմամբ է զբաղվում, մյուսը՝ կաթնամթերքի մթերմամբ, իսկ մյուսն էլ՝ լաբորատոր փորձաքննություններով: Այստեղ պետք է կոմպլեքս համագործակցություն լինի, որ խնդիրը կարգավորվի”,-պարզաբանեց Պիպոյանը: 
Վերջինս տարօրինակ է համարում այն, որ կաթի մթերման գնի նվազմանը զուգահեռ կաթնամթերքի գինը բարձրանում է: Իսկ կաթի արտադրությամբ զբաղվող ընկերությունները դա բացատրում են կաթի հումքի թանկացմամբ. “Այս պարագայում անհասկանալի է այն մթերքների թանկացումը, որոնցում օգտագործվում է բացառապես թարմ կաթը: Յուրաքանչյուր արտադրող ինչ-որ մի նոր գործողություն իրականացնելիս, օրինակ՝ ապրանքատեսակը թանկացնելիս, պետք է հասկանա, որ գտնվելու է պետական լիազոր մարմինների անմիջական ուշադրության կենտրոնում: Եվ արտադրողը, դա հասկանալով, կսկսի նմանատիպ պրոցեսներից խուսափել: Ահա այս դեպքում է, որ երեք պետական լիազոր մարմինները պետք է համալիր համագործակցեն, քանի որ կաթնամթերքի գինը կարող է տարածվել նաեւ այլ արտադրանքների վրա”: 
Ըստ հ/կ-ի նախագահի՝ ՍԱՊԾ-ն պետք է նաեւ փորձաքննություն իրականացնի եւ պարզի՝ կաթ արտադրող ընկերություններն արդյոք օգտագործում են կաթի փոշի, թե ոչ, մակնշում են արտադրանքը, թե ոչ, կամ էլ` յուղայնությունն ինչպես են կարգավորում: 
Ի դեպ, ՏՄՊՊՀ-ն մոտ 20 օր առաջ հայտարարեց, որ կաթնամթերքի շուկայում մոնիթորինգի արդյունքներով կաթնամթերքի բոլոր տեսակների գինը բարձրացել է 20-25 դրամով: 
Հ.Գ. Օրեր առաջ Շիրակի մարզի Ամասիայի շրջանի ութ համայնքի բնակիչներ բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք փակել էին Զորակերտ-Գյումրի տանող ճանապարհը, քանի որ կաթ մթերող կազմակերպությունները գյուղացիներին առաջարկել էին նախկին 150 դրամի փոխարեն կաթը մթերել 140 դրամով: Գառնալիճ համայնքի ղեկավար Վանիկ Մանուկյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում նշել էր. “Ընկերությունները պատճառաբանում են, որ գազի սակագնի թանկացման պատճառով իրենք վնասով են աշխատելու, դրա համար նրանք փորձել են գյուղացիներից կաթը 150-ի փոխարեն 140-ով մթերել: Իսկ գյուղացիներն էլ 22-25 մեքենայով փակեցին ճանապարհը: Ընկերություններից եւ ոչ մի ներկայացուցիչ չմոտեցավ նրանց, միայն վարորդների հետ հեռախոսով կապ հաստատեցին: Իսկ վերջիններն էլ խոստացան կաթի գինը թողնել անփոփոխ` նախկին 150 դրամը”:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 563 համար




Լրահոս