Ինչ ճանապարհ են անցել դաշնակցական նոր պաշտոնյաները և ինչով են հայտնի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ վերջապես ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության մասին համաձայնագիրը: Ինչպես հայտնի է` այս երկու քաղաքական ուժերի համագործակցության մասին խոսում էին արդեն մեկ ամսից ավելի, սակայն ամեն ինչ հստակեցվեց միայն երեկ:

Համաձայնագրի ստորագրումից հետո ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ կուսակցությունը համաձայնագիրը տորագրելու պահից կրում է երկում բոլոր խնդիրների համար պատասխանատվություն:

Համաձայնագրի ստորագրումից կարճ ժամանակ անց ՀՀԿ-ական նախարարներ Կարեն Ճշմարիտյանն ու Արմեն Աշոտյանն ազատվեցին պաշտոններից և նրանց փոխարեն նշանակվեցին դաշնակցականները: Այսպիսով, տարածքային կառավարման նախարար կլինի Դավիթ Լոքյանը, Էկոնոմիկայի նախարար՝ Արծվիկ Մինասյանը, իսկ ԿԳ նախարար՝ Լևոն Մկրտչյանը: Շիրակի մարզպետը կլինի ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանը, իսկ Արագածոտնինը՝  Գագիկ Գյոզալյանը։ Այժմ կարճ անդրադառնանք նոր պաշտոնյաներին:

Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյան
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյան

Դավիթ Լոքյանի մասին առիթ ունեցել էինք գրելու:  Նա մասնագիտությամբ քիմիկոս-կենսաբան է: Նրա քաղաքական վերելքը սկսվել է 1998 թվականից, երբ Հայաստանում տեղի ունեցած փետրվարյան հեղաշրջումից հետո ՀՅԴ ռեաբիլիտացվեց եւ դարձավ Ռոբերտ Քոչարյանի հիմնական հենարաններից մեկը: ՀՅԴ-Ռոբերտ Քոչարյան համագործակցության շրջանակներում Դավիթ Լոքյանը 1998-ին նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ: 1999-ի մայիսի 30-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում Լոքյանին հաջողվեց մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դառնալ: Դրանից հետո, մինչեւ Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները, այսինքն՝ 1999-ի աշունը, Դավիթ Լոքյանը եւ ՀՅԴ խմբակցության մյուս անդամները սովորական ընդդիմադիր պատգամավոր էին:

Իսկ երբ Ռոբերտ Քոչարյանին 2000-ի մայիսին հաջողվեց ավարտին հասցնել Հայաստանում իրականցված արդեն երկրորդ հեղաշրջումը, Դաշնակցությունը կրկին վերադարձավ իշխանության: 2001-ի հունվարին Դավիթ Լոքյանը նշանակվեց ՀՀ քաղաքաշինության նախարար: 2003 թվականի նախագահական եւ ԱԺ ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանը կրկին կոալիցիա ձեւավորեց, որում արդեն Լոքյանին վերապահվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը: Նա այդ պաշտոնում երկու անգամ վերանշանակվեց` 2007-ին եւ 2008-ի ապրիլին: Ի դեպ, վերջին անգամ Դավիթ Լոքյանը գյուղատնտեսության նախարար վերանշանակվեց 2008-ի նախագահական ընտրություններից հետո ձեւավորված իշխանական կոալիցիայի շրջանակներում:

Չնայած Լոքյանն իր պաշտոնները մշտապես ստացել է որպես դաշնակցական, սակայն նա կառավարման համակարգում ունեցել է «գործարար» նախարարի համբավ: Նրա պաշտոնավարումը մշտապես եկամտաբեր է եղել ինչպես իր, այնպես էլ Դաշնակցության համար: Թե որքան եկամտաբեր է եղել Լոքյանի պաշտոնավարումը անձնապես նրա համար, կարելի է դատել նրա որդու` 29-ամյա անկուսակցական Սերգեյ Լոքյանի կուտակած կարողությունից: Վերջինս 2014-ի մայիսից մինչ օրս զբաղեցնում է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը:

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյան
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյան

Իսկ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը բոլոր ժամանակներում ջրի երեսին մնալու ֆենոմենալ հատկություն ունի: Իշխանական վերնախավում շատերը կան, որոնք երեք-չորս կամ ավելի անգամ նախարարական պաշտոններ են զբաղեցրել, բայց Լեւոն Մկրտչյանից բացի հնարավոր չէ գտնել մեկ ուրիշի, ով կարողացել է ավելի քան մեկուկես տասնամյակի ընթացքում չորս անգամ միեւնույն նախարարական պորտֆելը զբաղեցնել:

Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի իրականացրած փետրվարյան հեղաշրջումից հետո Լեւոն Մկրտչյանն առաջին անգամ նշանակվեց ՀՀ Կրթության եւ գիտության նախարար: Նա պաշտոնավարեց մինչեւ 1999 թվականի մայիսի 30-ի ԱԺ ընտրությունների արդյունքների ամփոփումը: Այն բանից հետո, երբ այդ ընտրություններում հաղթած «Միասնություն» դաշինքը Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ իշխանության եկավ, Լեւոն Մկրտչյանը դաշնակցական մյուս նախարարների պես կորցրեց պորտֆելը: Սակայն, ի տարբերություն մյուսների, Լեւոն Մկրտչյանին 1999-ին վստահվեց վարչապետի խորհրդականի պաշտոնը:

1999-ի Հոկտեմբերի 27-ի սպանդի միջոցով Հայաստանում իրականացված երկրորդ հեղաշրջման ավարտից հետո դաշնակցությունը կրկին աստիճանաբար վերադարձավ իշխանության: 2000-ին Լեւոն Մկրտչյանը նշանակվեց ԿԳ փոխնախարար, իսկ մի քանի ամիս անց նա դարձավ ՀՀ ԿԳ նախարար: Այդ պաշտոնում նա պաշտոնավարեց մինչեւ 2003 թվականի մայիսի 25-ի ԱԺ ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփումը: Դրանից հետո Մկրտչյանը տեղափոխվեց խորհրդարան եւ ստանձնեց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարի պաշտոնը: 2006-ին` մեկ տարի անց կայանալիք ԱԺ ընտրություններին ընդառաջ, Լեւոն Մկրտչյանը կրկին նշանակվեց ՀՀ ԿԳ նախարար եւ այդ պաշտոնում մնաց մինչեւ 2008-ի հունիսը: ԿԳ նախարարի պաշտոնից նա կրկին ազատվեց ՀՅԴ բյուրոյի անդամ ընտրվելու պաշտոնական պատճառաբանությամբ:

arcvik-minasyan

Էկոնոմիկայի նախարարն այսուհետ կլինի դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Վերջինս իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1996-1999թթ. ` աշխատելով այն ժամանակ դեռ  ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում որպես մասնագետ, բաժնի պետ, վարչության պետ:

1998թ. սկսած դասախոսում է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում:  1999-2000թթ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության պետի տեղակալ:

2000-2005թթ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել եւ աշխատել է ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի անդամի պաշտոնում:  2004-2005թթ. դասախոսել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, իսկ 2005-2006թթ.` նաեւ Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայում:  2005-2007թթ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել եւ աշխատել է ՀՀ աշխատանքի եւ սցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում: 2007 թվականից մինչ երեկ նա պատգամավոր էր:

Simonyan
Հովսեփ Սիմոնյան

ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանի փոխարեն Շիրակի մարզպետն այսուհետ կլինի Հովսեփ Սիմոնյանը: Նշենք, որ նա Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալն է և բացի նրանից այս պաշտոնի համար շրջանառվում էր նաև  ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Հակոբ Մաթիլյանի անունը:

Շիրակի մարզպետարանի աշխատակից լինելու հանգամանքն է պատճառը, որ Սիմոնյանին մարզում լավ են ճանաչում: Նա հատկապես հայտնի դարձավ Սամվել Բալասանյանի հետ ընտրապայքարի ժամանակ, երբ ցանկանում էր Գյումրու քաղաքապետ դառնալ:  ՀՅԴ-ական թեկնածուն այդ ժամանակ 10,281 ձայնով պարտվեց Սամվել Բալասանյանին:

Ի տարբերություն իր գործընկերոջ Գագիկ Գյոզալյանը նախկինում մարզպետ լինելու փորձ ունեցել է և ղեկավարել է հենց Արագածոտնի մարզը:  Այստեղ ևս բացի Գյոզալյանից այլ թեկնածու ևս դիտարկվել է: Քննարկվել է նաև դաշնակցական Դավիթ Երիցյանի թեկնածությունը։ Դեռեւս 2000-ականներից Արագածոտնը համարվում էր դաշնակցական մարզ, Գյոզալյանից առաջ էլ այդ պաշտոնում Հրայր Կարապետյանն էր։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս