ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՃԻՆ ՆՊԱՍՏԵԼՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

BBA ընկերությունը Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միության հետ համատեղ կազմակերպում է թվով երկրորդ «Ինվեստ Արմենիա» բիզնես-ֆորումը, որը տեղի կունենա ապրիլի 22-ին: Ֆորումի նպատակների շուրջ «Ժողովուրդը» զրուցեց «Ինվեստ Արմենիա» ծրագրի համակարգող Վրույր Փենեսյանի հետ:

-Պարո՛ն Փենեսյան, ի՞նչ նպատակ ունի Ձեր կողմից կազմակերպվող բիզնես-ֆորումը:
-BBA ընկերությունը Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միության հետ համատեղ կազմակերպում է թվով երկրորդ «Ինվեստ Արմենիա» բիզնես-ֆորումը, որը, կարելի է ասել, արդեն ամենամյա բնույթ է կրում: Նշեմ, որ նախորդ ֆորումը մենք կազմակերպել էինք 2015-ի մայիսի 8-ին: Այս անգամ այն կանցկացվի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում` ապրիլի 22-ին, եւ հիմնական թեման լինելու է Հայաստան-Իրան-ԵՏՄ համագործակցության ծրագրերն ու հեռանկարները: Այս թեմայի շուրջ քննարկմանը հրավիրված են լինելու նաեւ ղեկավար կազմեր ե՛ւ ԵՏՄ-ից, ե՛ւ Իրանից: Մենք ունենք նախնական համաձայնություն, որ բիզնես-ֆորումին կմասնակցեն գործարար աշխարհի ներկայացուցիչներ Իրանից, Ռուսաստանից եւ Ղազախստանից: Հայկական կողմն այս թեմայի քննարկման ժամանակ կներկայացնի Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Ինչպես նաեւ մենք կունենանք այլ զեկուցողներ այս թեմայի շուրջ:
Երկրորդ թեման վերաբերելու է 2017, 2018 թվականների համար տնտեսական կանխատեսումներին: Եվ, վերջապես, երրորդ քննարկվելիք հարցը դա միջազգային խոշոր ցանցերում Հայաստանի արտադրանքի վաճառքի հնարավորություններն են: Մենք գիտենք, որ Հայաստանում ունենք համաշխարհային խոշոր ցանցի ներկայացուցիչ հանձին Քարֆուրի, եւ մեզ հետաքրքիր է` ինչ պայմաններ կան, որ Հայաստանի արտադրողը կարող է իրականացել եւ ունենալ վաճառք ոչ միայն Հայաստանում, այլեւ Քարֆուրի ամբողջ ցանցում: Բիզնես-ֆորումի ընթացքում կցուցադրվեն նաեւ հաջողված ընկերությունների պատմություններ, ինչպես նաեւ կներկայացնենք վերջին տարիներին խոշոր ներդրումներ կատարած ընկերությունների ցանկը:
-Դուք ասացիք, որ առաջին անգամ չեք նման ֆորում կազմակերպում: Նախորդն ի՞նչ հաջողություններ է ունեցել, եւ որքանո՞վ են նման միջոցառումները կարեւոր:
-Բիզնես-ֆորումը մի հարթակ է, որտեղ գործարար աշխարհի ներկայացուցիչները կարող են հայտնել իրենց տեսակետները, լսել նոր առաջարկություններ, կանխատեսումներ անել եւ ընդհանուր քննարկման սեղանի շուրջ տարբեր հարցերի լուծումներ գտնել: Այս ժամանակահատվածում սա շատ կարեւոր է, քանի որ գիտենք, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանվել են, եւ այստեղ շահեկան դիրքերում կարող է գտնվել նաեւ Հայաստանը: Այստեղ մենք պետք է հասկանանք, թե Հայաստանի համար որտեղ է այդ շահեկանությունը: Այս թեմաները մենք կքննարկենք, կարծում եմ, որ շատ արդյունավետ կլինի եւ ժամանակին:
-Այնուամենայնիվ, նման ֆորումներ հաճախակի են կազմակերպվում, սակայն նկատելի արդյունքներ շատ հազվադեպ են լինում: Այս դեպքում ինչպիսի՞ արդյունքներ եք ակնկալում:
-Ես չեմ կարող ասել ուրիշների կազմակերպածների մասին, սակայն մեր կազմակերպածներից հետո հետաքրքրություններ եմ ունեցել ուրիշների կողմից եւ ասեմ Ձեզ, որ մենք ներկայացնելու ենք այն ընկերությունների ցանկը, ովքեր պատրաստ են իրենց ընկերությունը կա՛մ ամբողջովին, կա՛մ մասամբ վաճառել` ակնկալելով նոր ներդրումներ: Եթե կարողանանք ճիշտ ներկայացնել ներդրումային դաշտը, սա խթանիչ ուժ կլինի Հայաստանի տնտեսության համար` հաշվի առնելով, որ մենք ունենալու ենք տարբեր երկրներից գործարարներ: Մենք կունենանք բիզնես-պրոյեկտներ, որոնք եւս կներկայացվեն այդ ֆորումի ժամանակ:
-Այսինքն` դա կնպաստի՞ նաեւ ներդրումների աճին:
-Միանշանակ, մեր նպատակը հենց այն է, որ մենք նպաստենք ներդրումների աճին ու նոր գործընկերներ ձեռք բերենք Հայաստանից դուրս:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 
ՄՈՏ 900 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ՝ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ

Այլեւս գաղտնիք չէ, որ Հայաստանում գնումների ոլորտը ամենակոռումպացվածն է: Եւ այս ոլորտը վերահսկող մարմինները շատ դեպքերում գործում են կամայականության դաշտում՝ չապահովելով մրցակցային, արդյունավետ եւ թափանցիկ գնումների ընթացակարգերը:

Շատ հաճախ կառավարությունը պետական կառույցներին խոշոր չափի գումար է հատկացնում, սակայն հանրությունը տեղեկացված չի լինում, թե հատկացված գումարով կոնկրետ ի՞նչ է գնվել, ե՞րբ եւ ինչի՞ համար: Ոչ մի պետական կառույց այս մասին հաշվետվություն չի ներկայացնում: Ժամանակ առ ժամանակ միայն լրատվամիջոցներով է բարձրաձայնվում պետական մարմինների անարդյունավետ ծախսեր եւ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարքների մասին:
Այսպիսի անարդյունավետ ծախսեր կկատարվեն նաեւ Արարատի մարզպետարանում: «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ Արարատի մարզպետարանի 2016 թվականի կարիքների համար ձեռք բերվող ապրանքների, կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների գնումների պլանը կազմում է մոտ 424.5 մլն դրամ: Ասել է թե՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր հարազատ մարզին հատկացնելու է մոտ 900 հազար դոլար: Եւ պարզ չէ՝ արդյո՞ք մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը կկարողանա հատկացված գումարով գոնե կիսով չափ լուծել մարզի խնդիրները, թե՞ սա էլ նախորդ հատկացումների նման կփոշիանա՝ առանց շոշափելի արդյունք տալու: Սա թերեւս ժամանակի հարց է: Իսկ հիմա ներկայացնենք, թե մարզպետարանը 2016 թվականին ինչի կարիք ունի, որ պետք է մեր՝ հարկատուներիս հաշվին գնվի:
Օրինակ՝ մարզպետարանը 2016 թվականի համար նախատեսել է գնել 18 տոննա ռեգուլյար տեսակի բենզին՝ 7 մլն 20 հազար դրամով: Բացի այս, նախատեսված է գնել ավտոմեքենայի 24 հատ անիվ՝ յուրաքանչյուրը 20 հազար դրամ արժեքով, ավտոմեքենայի 4 հատ 80 հազար դրամանոց անիվ եւ 4 հատ 25250 դրամանոց անիվ: Նաեւ մեկ ավտոմեքենայի վերանորոգման ծառայություն՝ 700 հազար դրամ արժողությամբ: Իսկ տեղային հեռախոսային ծառայությունների համար կվճարվի ավելի քան 5.5 մլն դրամ, միջքաղաքային հեռախոսային կապի համար՝ 600 հազար դրամ, հեռուստա-ռադիոհաղորդումների հեռարձակման ծառայությունների համար՝ 700 հազար դրամ, էլեկտրաէներգիայի համար՝ 13 մլն 310 հազար դրամ, գազի համար՝ 5 մլն 210 հազար դրամ:
Ի դեպ, մարզպետարանին կհատկացվի նաեւ 39 մլն 300 հազար դրամ՝ ճանապարհների պահպանման ծախսերի համար, մշակութային օբյեկտների հիմնանորոգման համար՝ 76 մլն դրամ, կրթական օբյեկտների հիմնանորոգման համար՝ 246 մլն 700 հազար դրամ, նախագծերի պատրաստման եւ ծախսերի գնահատման համար՝ 13 մլն 300 հազար դրամ: Մեզ մնում է հուսալ, որ հատկացվող գումարները իրոք կծառայեն իրենց նպատակներին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
7 ՏԱՐԻ ԱՆՑ ԴԱՏՈՒՄ ԵՆ
Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ, 1979թ. ծնված Կարեն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2009թ. մայիսի 5-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում, նախապես հանցավոր համաձայնության գալով համագյուղացիներ Իշխան Հովհաննիսյանի, Դավիթ Պողոսյանի, Շահեն Հովհաննիսյանի հետ, վերջինիս անձնական օգտագործման «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովա փողոցից ամուսնանալու նպատակով, բռնության գործադրմամբ առեւանգել եւ Երեւան քաղաք են տարել 1989թ. ծնված համագյուղացի աղջկան: Այդտեղ նույն գիշերը, բարեկամի տանը աղջկա կամքին հակառակ Իշխան Հովհաննիսյանը սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:
Մեր տեղեկություններով՝ Իշխան Հովհաննիսյանը, ում համար ընկերները աղջիկ են փախցրել, դատապարտվել է, իսկ Կ. Հովհաննիսյանը նախկինում թաքնվել էր իրավապահներից:
Կ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առեւանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»): Սույն հոդվածը նախատեսում է 4-8 տարի ազատազրկում: Կարեն Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը: Այս քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված է փետրվարի 23-ին:

 

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի մանկապարտեզը տարեսկզբից չի գործում: Նախադպրոցական հաստատությունն ունի 4 խումբ, որտեղ հաճախում է 110 երեխա: Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանից հետաքրքրվեցինք, թե որն է մանկապարտեզի չգործելու պատճառը: Նրա տեղեկացմամբ` հանրապետությունում գրիպի վիրուսների պատճառով տարեսկզբին, ինչպես Հայաստանի դպրոցներում եւ այլ մանկապարտեզներում, այնպես էլ այստեղ պարապմունքները դադարեցված էին: Այժմ Բերդավանի մանկապարտեզում նման վտանգ չկա: Նախադպրոցական հաստատությունը չի գործում, որովհետեւ այնտեղ գազաֆիկացման աշխատանքներ են կատարվում: Գյուղապետի վկայությամբ՝ նախկինում Բերդավանի մանկապարտեզը ջեռուցվում էր փայտով տաքացվող վառարաններով: Սակայն «Կամրջակ» սոցիալ-բարեգործական կազմակերպության միջոցներով մանկապարտեզի շենքը նորոգելուց հետո վառարաններով ջեռուցումից շենքի ներսի հարդարանքը չփչացնելու համար այժմ համայնքի միջոցներով մանկապարտեզը գազաֆիկացնում են: Ա. Գաբրիելյանը հավաստիացրեց, որ գազաֆիկացումը մինչեւ մարտի 1-ը կավարտվի, եւ գարնան առաջին օրը բերդավանցի երեխաները կհաճախեն մանկապարտեզ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս