ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում այսօր քննարկվել են ներկուսակցական հարցեր: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողներին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Նաղդալյանը նշեց, որ վարչատարածքային բաժանման վերանայման խնդիրը, բավականին երկար ժամանակ է, ինչ մեր պետության օրակարգում է, և բավականաչափ աշխատանքներ են տարվում պատկան մարմինների կողմից:
«Գիտեք, որ վերջին շրջանում եղել են մի քանի պիլոտային ծրագրեր, որոնք ուղղված են եղել դրան, որ գտնենք լավագույն ձևաչափը, տարբերակը, որը կլինի օպտիմալ վարչատարածքային բաժանում: Չեմ կարող վստահաբար ասել, որ այս պահին գտել ենք լավագույն տարբերակը, օպտիմալը: Սա դեռևս քննարկման, ուսումնասիրման թեմա է: Դրա համար համայնքների խոշորացման վերաբերյալ արվում են պիլոտային ծրագրեր, որ փորձով տեսնենք դրական ու բացասական կողմերը»,- նշեց ԱԺ փոխնախագահը:
Հերմինե Նաղդալյանի խոսքով՝ իշխանությունները դեռևս փնտրտուքի գործընթացի մեջ են, որ գտնեն վարչատարածքային բաժանման լավագույն տարբերակը: