ՀՀ «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցությունն անցած տարվա հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 4820 դրամ դրամական միջոց: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության հրապարակած հաշվետվությունից: Անցած տարվա ընթացքում ՍԴՀԿ-ի եկամուտները գոյացել են անդամակցության վճարների հաշվին, որոնք ընդհանուր կազմել են ընդամենը 510 հազար դրամ: Այդ գումարից 450 հազար դրամը ծախսվել է գույքի վարձակալության դիմաց վճարում կատարելու նպատակով, իսկ 54 հազար դրամի չափով էլ կոմունալ վճարներ են մուծվել: Այս տարվա սկզբի դրությամբ ՍԴՀԿ-ի հաշվի մնացորդը կազմել է 1 հազար 220 դրամ:
Հիշեցնենք, որ ՍԴՀԿ-ն մինչեւ 2012 թվականը համարվում էր ընդդիմադիր կուսակցություն: Սակայն հետագայում կուսակցությունը մասնատվեց, եւ նախկին ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը ստիպված էր նոր կուսակցություն հիմնել՝ «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցություն» անվանումով: Իսկ 2013-ից ՍԴՀԿ-ի ատենապետը դարձավ այդ կուսակցության երիտթեւի նախկին ղեկավար Նարեկ Գալստյանը:
Կրկին իշխանամետ դարձած ՍԴՀԿ-ին քաղաքական դաշտում ընդունված էր համարել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանավորության տակ գտնվող կուսակցություն: Բայց ինչպես հայտնի է՝ նա 2014-ի ապրիլի 3-ին հրաժարական ներկայացրեց, այնուհետեւ նշանակվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, եւ ՍԴՀԿ-ն մնաց առանց հովանավոր: