Կուսակցական կերպարանափոխության հետքերով. այս գործընթացի մի մասն ամբողջությամբ «բլեֆ» է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ ՕԵԿ-ը «Հայկական վերածնունդ» դարձնելու միջոցով Արթուր Բաղդասարյանը փորձում է իրեն հատուկ ճարպկությամբ մնալ քաղաքական ասպարեզում, ի սկզբանե հայտնի էր: Բայց պարզվում է, որ այս գործընթացի մի մասն էլ ամբողջությամբ «բլեֆ» է:
Ինչպես հայտնի է՝ ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամները եւ անձամբ Արթուր Բաղդասարյանն արդեն մի քանի ամիս է՝ պնդում են, թե իրենց «Հայկական վերածնունդին» տասնմեկ կուսակցություն եւ այս պահին անհայտ թվով հասարակական կազմակերպություններ են միացել (մինչեւ համագումարը ՕԵԿ-ականներն իրենց միացած ՀԿ-ների տարբեր աստղաբաշխական թվեր էին նշում, նույնիսկ հարյուրից ավել):

Իսկ որոնք են այդ կուսակցությունները, որոնք համաձայնել են լուծարվել եւ միանալ ՕԵԿ-ի վերածնունդին: Ներկայացնենք այդ կուսակցությունների ցանկը, որը տրամադրել է ՀՎՄ-ի խոսնակը.

1. «Միավորված հայեր կուսակցություն»
2. «Հայաստանի ագրարային կուսակցություն»
3. «ՄերՏունը Հայաստանն Է կուսակցություն»
4. «Հայոց Հայրենիք կուսակցություն»
5. «Հայկանդուխտ Ավանդապաշտ Ժողովրդավարական կուսակցություն»
6. «Շրջադարձ կուսակցություն»
7. «Ազգի փրկություն կուսակցություն»
8. «Ազգային արժեքների պաշտպանություն կուսակցություն»
9. «Լիբերալ ժողովրդավարական կուսակցություն»
10. «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն»

Հայաստանում դժվար է գտնել մի շարքային քաղաքացու, որին այս կուսակցություններից որեւէ մեկի անունը ինչ-որ բան կհուշի: Ավելին՝ եթե ՕԵԿ-ի կերպարանափոխության այս պատմությունը չլիներ, մենք այդպես էլ չէինք իմանա, որ Հայաստանում նման էկզոտիկ անուններով մարդ-կուսակցություններ կան:
ՕԵԿ-ի կերպարանափոխության համագումարում Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր, թե կուսակցություններից բացի՝ իրենց են միացել նաեւ հասարակական կազմակերպություններ՝ առանց կոնկրետ թիվ նշելու: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՕԵԿ-ի դեմքի՝ «Հայկական վերածնունդ կուսակցության» մամուլի խոսնակ Վահե Մոսինյանից պարզել, թե քանի հասարակական կազմակերպություն է իրենց միացել, եւ խնդրեց տրամադրել նրանց ցանկը:

Այս առնչությամբ Մոսինյանը տվեց հետեւյալ պատասխանը. «ՀԿ-ների հետ աշխատանքները կոորդինացնելու համար ստեղծվելու է առանձին խորհուրդ, որը գլխավորելու է պարոն Արթուր Բաղդասարյանը: Սույն խորհուրդը ունենալու է նաեւ 6 ոլորտային ճյուղաբաժանում: Բացի դրանից՝ նշեմ նաեւ, որ, ինչպես նախապես արդեն հայտնել ենք, մի շարք ՀԿ-ներ լուծարվել են եւ միացել «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությանը:

ՀԿ-ների մի քանի նախագահներ եւ բազմաթիվ անդամներ միացել են նաեւ կուսակցության աշխատանքներին: ՀԿ-ների ցանկը այս պահին չեմ կարող տրամադրել, վերջնական հստակեցումից հետո, թե քանի ՀԿ են լուծարվելու եւ լծվելու կուսակցական աշխատանքներին, կտրամադրեմ ամբողջական ցանկը»: Այս մոտեցումն ինքնին տարօրինակ է, քանի որ վերը նշված համագումարի ժամանակ հենց Արթուր Բաղդասարյանն էր հայտարարել ՀԿ-ների՝ իրենց միանալու մասին: Բայց հնարավոր է՝ որոշ ժամանակ անց պարզվի, որ ոչ մի ՀԿ էլ չի լուծարվել եւ կերպարանափոխված ՕԵԿ-ի մեջ ձուլվելու ցանկություն չի հայտնել:

Բայց ողջ խնդիրն այն է, որ կերպարանափոխության համագումարում արդեն իսկ մի քանի ՀԿ-ների անուններ էին հնչեցվել, որոնք պակաս էկզոտիկ չեն, քան կուսակցություններինը: Օրինակ՝ նշվել էր, որ ՕԵԿ-ի «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությանը միանալու պատրաստակամություն են հայտնել՝ «Լինենք բարի», «Սուրբ Սանդուխտ», «Տղամարդիկ», «Կանայք այսօր», «Փրկված մասունքներ հիմնադրամ», «Արծվաբույն Զեյթուն հայրենակցական միավորում» եւ «Եղբայրական կազակ խաղաղապահների Բայազետ» ՀԿ-ները: Բայց այսօր արդեն պարզվում է, որ ՀԿ-ների ցանկ դեռեւս գոյություն չունի:

Ինչեւէ, ՕԵԿ-ի այս կերպարանափոխության պատմությունը Հայաստանի քաղաքական դաշտի հետագա զարգացման համար, թերեւս, սպորտային նշանակություն ունի: Ըստ կերպարանափոխվածների հաջողության կոնկրետ օրինակով՝ հնարավոր կլինի հասկանալ, թե ՀՀ քաղաքացիները, այսինքն՝ ընտրողները որքանով են «հիշաչար»:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս