Ենթակայանների կառուցման ժամկետը դեռևս անհայտ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերահսկիչ պալատը նախորդ տարի վերահսկողություն է իրականացրել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՎՊ-ն հիմնականում ստուգել է այլ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից ՀՀ-ին տրամադրված վարկերի, դրամաշնորհների եւ պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվող ծրագրերը:

ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2014-ի սեպտեմբերի 5-ին ստորագրված վարկային համաձայնագրով նախատեսվել է ՀՀ-ին տրամադրել շուրջ 37 մլն դոլար վարկ: Ըստ համաձայնագրի` վարկառուն վարկային միջոցներից վերավարկավորելու է «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ին՝ 13.6 մլն եւ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին՝ 23.4 մլն դոլարով:

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին տրամադրված վարկի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 220կՎ լարման «Ագարակ-2», «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման աշխատանքներ, ինչպես նաեւ՝ վերահսկման եւ կառավարման խորհրդատվական ծառայությունների մատուցում: Մասնավորապես ծրագրով նախատեսվել է իրականացնել ենթակայանների վերակառուցման աշխատանքներ՝ 19.4 մլն դոլար, խորհրդատվական ծառայություններ՝ 2.4 մլն դոլար, չնախատեսված ծախսեր՝ 0.2 մլն դոլար, տոկոսների վճարում ծրագրի իրականացման ընթացքում՝ 1.4 մլն դոլար գումարով:

Սակայն ընկերությունը ՎՊ-ին տրամադրած տեղեկությամբ նշել է, որ ՓԲԸ-ի կողմից անցած տարվա հոկտեմբերի 20-ին կայացել է ենթակայանների վերակառուցման աշխատանքների իրականացման համար գլխավոր կապալառուի ընտրության մրցույթ: Բայց, ըստ ՎՊ-ի, դեկտեմբերի 10-ի դրությամբ մրցույթի արդյունքները դեռեւս ամփոփված չեն եղել:

Իսկ վերահսկման եւ կառավարման խորհրդատվական ծառայությունների վերաբերյալ անցած տարվա հունիսի 23-ին կայացած մրցութային հանձնաժողովի նիստին ընտրվել եւ կազմվել է չորս ընկերություններից բաղկացած կարճ ցուցակ: Հետագայում՝ հոկտեմբերի 27-ին կայացած մրցույթում հաղթող է ճանաչվել «CESI.S.P.A./INCICO S.p.A., Ameria CJSC» կոնսորցիումը:

Այնուհետեւ՝ նոյեմբերի 20-ին «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն CESI.S.P.A./INCICO S.p.A., Ameria CJSC խորհրդատվական ընկերության հետ կնքել է վերահսկման եւ կառավարման խորհրդատվական ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագիր՝ ավելի քան 1 մլն դոլարի չափով:

Բացի այս, նշենք, որ դեռեւս 2014 թվականի դեկտեմբերի 9-ին «Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ եւ ենթակայաններ» ծրագրի իրականացման նպատակով Գերմանական զարգացման վարկերի KfW բանկի, ՀՀ ֆինանսների նախարարության եւ «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ միջեւ ստորագրվել է 75 մլն եվրո արժողությամբ «Վարկային եւ ծրագրային համաձայնագրեր»:

Այսպես, վարկային համաձայնագրերով նախատեսվել է ՀՀ-ի եւ Վրաստանի էներգահամակարգերի միջեւ ասինքրոն միացման ապահովում, որի արդյունքում ՀՀ էներգահամակարգը, բացի Իրանի Իսլամական Հանրապետության էներգահամակարգից, պետք է կապվի նաեւ Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության եւ տարածաշրջանի մյուս երկրների հետ: Նշված ծրագրի ամբողջական ֆինանսավորման դեպքում նախատեսվում է իրականացնել. բարձր լարման փոխակերպիչ կայանի, բաց բաշխիչ սարքավորումների, օդային գծերի կառուցում եւ այլն՝ ավելի քան 92 մլն եվրոյի, խորհրդատվական ծառայություններ եւ չնախատեսված ծախսեր՝ ավելի քան 13 մլն եվրոյի: Սակայն այս ընթացքում իրականացվել է միայն խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերության ընտրության մրցույթը:

Իսկ մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Fichtner GmbH & Co KG» ընկերությունը՝ 6.44 մլն եվրո գնառաջարկով՝ ներառյալ 2.22 մլն եվրո ոչ պարտադիր բաղադրիչը: Ըստ ՎՊ-ի՝ անցած տարվա դեկտեմբերի 10-ի դրությամբ նշված ընկերության հետ դեռեւս պայմանագիր կնքված չի եղել:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ, որի տնօրեն Արամ Անանյանից հետաքրքրվեց, թե որ փուլում են գտնվում ծրագրերը: Վերջինս հայտնեց, որ անցած տարվա դեկտեմբերի վերջին «Ագարակ-2», «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման աշխատանքների մասով հաղթող է ճանաչվել մեկ՝ «ԼԻԱՕՆԻՆԳ ԷՖԱՍԵԿ» չինական ընկերությունը:

Իսկ այն հարցին՝ երբ կսկսվեն վերակառուցման աշխատանքները, Անանյանը պատասխանեց. «Բոլոր փաստաթղթերը գտնվում են Ասիական զարգացման բանկում, վերջինս դեռ իր հաստատումը չի տվել: Դրանից հետո մենք կարող ենք կնքել պայմանագիր մրցույթը շահած ընկերության հետ եւ սկսել: Գումարը առկա է, ֆինանսավորումը կա: Բայց բանկը իր կողմից եւս մեկ անգամ ուսումնասիրություն է անցկացնում: Իմ կարծիքով, մարտի 5-ին Բանկը կտա իր համաձայնությունը, եւ մենք արդեն պայմանագիրը կարող ենք կնքել»:

Տնօրենի խոսքերով՝ մրցույթին մասնակցել է 24 ընկերություն, որից 8-ը մրցութային փաթեթ է ներկայացրել, իսկ մյուսները՝ ոչ: Այդ 8-ից էլ չինական ընկերությունն է առավելություն ստացել ե՛ւ ֆինանսական, ե՛ւ տեխնիկական մասով: Ըստ մեր զրուցակցի՝ այս տարվա ընթացքւոմ «Ագարակ-2» «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման աշխատանքներն «անպայման կսկսվեն»:

Իսկ «Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ եւ ենթակայաններ» ծրագրի մասով վերջինս փոխանցեց հետեւյալը. «Մենք մինչեւ տարեվերջ կավարտենք հաղթող ընկերության մասով մրցութային աշխատանքները, որովհետեւ դրանք ամիսներ են տեւում: Հաջորդ տարի արդեն կսկսենք: Արդեն ընտրվել է խորհրդատու, որն էլ պատրաստում է մրցութային փաթեթը: Պայմանագիրը կնքվել է դեկտեմբերի 21-ին, իսկ մայիսին կհայտարարվի գլխավոր կապալառուի մրցույթը»:

Հուսանք, որ հատկացված դրամաշնորհներն ու վարկերը չեն փոշիացվի նախորդների նման:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս