«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս տարվա հունվարի 22-ին ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը 100 հազար դրամի չափով տուգանել է մի շարք գյուղապետերի: Պատճառն այն է եղել, որ վերջիններս խախտումներ եւ չարաշահումներ են թույլ տվել:
Տեղեկացնենք, որ տուգանված գյուղապետերն են՝ Մեդովկա համայնքի ղեկավար Սամվել Ավետիսյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սամսոն Ուլիխանյանը, Դսեղ համայնքի ղեկավար Նորիկ Քոչարյանը, Հոբարձի համայնքի ղեկավար Մարտուն Միրզոյանը, Սարատովկա համայնքի ղեկավար Գառնիկ Մարդոյանը: Ի դեպ, վերջինս կրկնակի է տուգանվել:
Պարզվում է՝ Մեդովկայի գյուղապետ Սամվել Ավետիսյանը համայնքային սեփականության հողամասերը առանց մրցույթի է տրամադրել վարձակալության կամ կառուցապատման: Նույն խախտման համար վարչական տույժի է ենթարկվել նաեւ Դսեղի գյուղապետ Նորիկ Քոչարյանը, Հոբարձի համայնքի ղեկավար Մարտուն Միրզոյանը: Իսկ Փամբակի գյուղապետ Սամսոն Ուլիխանյանը եւ Սարատովկա համայնքի ղեկավար Գառնիկ Մարդոյանը խախտել են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի եւ օգտագործման տրամադրման կարգը: Բացի այս, վերջինս վարչական տույժի է ենթարկվել նաեւ հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու, հողատեսքերի ինքնակամ փոփոխությունը չկանխելու համար: Լոռու մարզպետը նշված գյուղապետերին վարչական տույժի է ենթարկել 100 հազար դրամի չափով:
«Ժողովուրդ»-ը գյուղապետերից հետաքրքրվեց՝ համաձայն են, արդյոք, վարչական տույժի հետ, թե ոչ: Հարցին ի պատասխան՝ Դսեղի գյուղապետ Նորիկ Քոչարյանը պատասխանեց, որ ինքը համաձայն չէ վարչական տույժի հետ: Ավելին՝ վերջինս այս խնդրի շուրջ արդեն գրավոր դիմել է մարզպետ Արթուր Նալբանդյանին: «Ճիշտ չեն վարվել: Ինձ վարչական տույժի են ենթարկել այն բանի համար, որ արոտավայրերի մասով գանձումներ չեմ իրականացրել, բայց չէ որ դրանք կոոպերատիվի կազմում են գտնվում»: Եթե մարզպետը այս հարցին լուծում չտա, ապա վերջինս կդիմի դատարան:
Իսկ Հոբարձիի գյուղապետ Մարտուն Միրզոյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ ինքը նույնպես այս խնդրի շուրջ դիմել է մարզպետարան: «Ինձ պատասխանեցին, որ թյուրիմացություն է եղել: Հետո պարզեցի, որ նախկին գյուղապետն է ինչ-որ խախտումներ արել հողատարածքների մասով: Ես կապ չունեմ այս ամենի հետ»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ