ԻՆՉՔԱՆ ԷԼ ՓՈՐՁԵՆ ՊԱՐՏԱԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, անդրադառնալով դեկտեմբերի 6-ին՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների օրը, արձանագրված ընտրախախտումների դեպքով հարուցված քրեական գործերին, ասաց, որ պատկերը գոհացուցիչ չէ:

«Ժողովուրդ»-ը 2016 թվականի փետրվարի 9-ին գրել էր, որ 2015 թվականին տեղի ունեցած ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը արձանագրված ընտրախախտումներով հարուցված քրեական գործերը պատուհաս են դարձել հայրենի իրավապահների համար: Մինչ օրս դատարան ուղարկված քր.գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արձանագրված ընտրախախտումների ողջ բեռը ջարդվում է շարքային քաղաքացիների գլխին, իսկ «խոշոր ձկները» մնում են անպատիժ:
Ինչպես հայտնի է՝ հանրաքվեի օրը արձանագրված խախտումների մասով Լեւոն Զուրաբյանը բազում փաստեր է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությանը:
«Ժողովուրդ»-ը այդ գործերի քննության ընթացքի մասին զրուցեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ:
-Պարո՛ն Զուրաբյան, դեկտեմբերի 6-ի ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո հարուցված քրեական գործերը ջարդվում են շարքային քաղաքացիների գլխին, հետեւո՞ւմ եք, թե ինչ է կատարվում:
-Իհարկե, հետեւում ենք, ավելին ասեմ՝ մենք 100-ից ավելի հաղորդում ենք ուղարկել դատախազություն, ստանում ենք պատասխանները, հետեւում ենք այդ գործընթացին: Ասեմ, որ այն գոհացուցիչ չէ, ըստ էության, փորձում են բոլոր գործերը այնպես հետաքննել, որ իբր այստեղ կազմակերպվածության մասին խոսք չկա, որ առանձին քաղաքացիների ցանկությունն է եղել ընտրությունները կեղծելը: Ընդհանուր գնհատական տալը դեռ վաղ ենք համարում, քանի որ շատ գործեր ընթացքի մեջ են, բայց ինչ-որ պահի, երբ պատկերը ամբողջական կլինի, մենք ավելի խիստ գնահատական կտանք: Այո՛, այս պահին տպավորությունն այնպիսին է, որ չնայած անցյալում տված խոստումներին, երաշխիքներին՝ դատախազությունը, այնուամենայնիվ, արդեն արձանագրել է իր գործողությունների մեջ պարտակման էլեմենտներ:
-ՀՔԾ-ում են քննվում նաեւ Ձեր կողմից ներկայացված 5 դիմումները, օրինակ՝ Արաբկիրի 5/38 ընտրատեղամասի արձանագրության բնօրինակը, որտեղ ստորագրված, կնքված է, որ «այո»-ն ստացել է 343 քվեաթերթիկ, իսկ «ոչ»-ը՝ 421: Իսկ նույն տեղամասից ստացված եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված տվյալներում «այո»-ն 343-ի փոխարեն գրված է 1155, իսկ «ոչ»-ի 421-ի փոխարեն՝ 92: Քանի որ Դուք իրավապահների գործողություններում պարտակման էլեմենտեր եք տեսնում, փորձե՞լ եք հասկանալ, թե որտեղ է «շան գլուխը» թաղված: ԿԸՀ-ո՞ւմ են թվերը փոխել, թե՞ հանձնաժողովին վերեւներից հատուկ հրահանգ է եղել:
-Մենք դեռ սպասում ենք, քանի որ կան դեռ քննչական գործողություններ, որոնք պետք է արվեն: Մենք հիմա չենք էլ ցանկանում ո՛չ անհամբերությում դրսեւորել, ո՛չ էլ միջամտել այդ գործընթացին, դրա իրավունքն էլ չունենք: Բայց, բնականաբար, երբ ժամանակ գա, որոշումներն ընդունվեն, մենք մեր արձագանքը կտանք:
-Հաշվի առնելով այն իրողությունը, թե ովքեր են կանգնում դատարանի առջեւ, Դուք չե՞ք ցանկանում ինքներդ Ձեզ համար պարզել՝ ո՞վ է կանգնած այս աղմկահարույց գործերի հիմքում:
-Տեղամասում մեր վստահված անձը ստացել է արձանագրությունը եւ վերջնական փաստաթուղթը բերել է մեզ, հետո է տեղի ունեցել այդ արձանագրության կեղծում: Այդ կեղծման գործընթացին մենք ներկայացուցիչ չենք ունեցել, որ կարողանանք ասել, թե դա ինչպես է տեղի ունեցել, դա եղել է տեղամասո՞ւմ, ճանապարհի՞ն, թե՞ կենտրոնական ընտրական հանձնաժողովում: Դրանք բաներ են, որ մենք չեն կարող հետաքննել, բա ինչի՞ համար են դատախազությունը, քննիչները:
-Քանի որ առջեւում 2017 խոհրդարանական ընտրություններն են, արդեն ենթադրվում է, որ քննիչներն այս գործերը «ծածկադմփոց» կանեն: Ի՞նչ եք անելու այդ դեպքում:
-Էստեղ իրենք պետք է պատասխանը տան, ինչքան էլ փորձեն պարտակել: Էլի կարող են գտնել մի Մատրոսովի, Կամիկաձեի, որը իր վրա կվերցնի եւ կասի՝ ինքն է կեղծել ու տարել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, բայց այստեղ կնիքներ, ստորագրություններ կան: Այսինքն՝ նրանք, ովքեր ստորագրել ու կնքել են, ներգրավված են եղել այդ հանցագործության մեջ: Հիմա ինչ ելք կգտնեն, կտեսնենք, բնականաբար հետեւելու ենք:
-Հետեւեցիք, արձանագրեցիք, հաջորդ քայլը ո՞րն է լինելու:
-Որտեղ հիմքեր ունենք, դիմելու ենք դատարան: Չենք լռի:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ՍԱՄԲԻՍՏ ԿԱՐԵՆԻ ՇՈՒՐՋ
Քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանի մտերիմ Կարեն Բագրատունյանցը՝ Սամբիստ Կարենը, որ զենք պահելու համար դատապարտվեց 1 տարվա ազատազրկման, ամեն ինչ անում է՝ իր պատիժը մեղմելու համար:
Հիշեցնենք, որ դեռեւս 2015 թվականի հունիսի 19-ին քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանը՝ Կայարանցի Թեւոսիկը, եւ մի խումբ երիտասարդներ, որոնց մեջ էին եղել ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի վարորդ Արմեն Ղարիբյանը, Կարեն Բագրատունյանցը, ով առավել հայտնի է Սամբիստ Կարեն մականվամբ, իրավապահների կողմից ապօրինի զենք պահելու համար բերման էին ենթարկվել ոստիկանություն: Ավելի ուշ կալանքի տակ հայտնվեցին պատգամավորի վարորդը եւ Սամբիստ Կարենը, սակայն կարճ ժամանակ անց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորի վարորդին կալանքից ազատեցին, իսկ, ահա, առաջին ատյանի դատարանի կողմից մեկ տարվա ազատազրկման դատապարտվեց Կարեն Բագրատունյանցը:
Եվ, ահա, ինչպես նկատում ենք՝ քրեական հեղինակության մտերիմը այդքան էլ չի հաշտվում իր ազատազրկման հետ եւ այս օրերին դիմելով տարբեր ատյանների՝ փորձում է մեղմել իր դեմ կայացրած վճիռը:
Տեղեկացանք, որ Սամբիստ Կարենի պաշտպան Մ. Մանուկյանը դիմել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով վերջինիս պատիժը մեղմել եւ ազատազրկման դատապարտել 6 ամիս ժամկետով, ի հակադրություն վերջինիս՝ ՀՀ Երեւան քաղաքի դատախազության դատախազ Գ. Մանուկյանն էլ իր հերթին է դիմել ՀՀ վերաքննիչ դատարան՝ պահանջելով խստացնել Կարեն Բագրատունյանցի պատիժը եւ նրան ազատազրկման դատապարտել ոչ թե մեկ, այլ 2 տարի ժամկետով:
Եվ, ահա, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Ռուզաննա Բարսեղյանը, Գագիկ Ավետիսյանը Արարատ Պետրոսյանը, ուսումնասիրելով մեղադրող դատախազի եւ պաշտպանի բողոքները, որոշեցին մերժել վերջիններիս բողոքները եւ Կարեն Բագրատունյանցի կալանքը թողել անփոփոխ:

 

 

ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՋԱՓՆՅԱԿՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ Աջափնյակ վարչական շրջանում դանակի ծանր վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 28-ամյա մի տղա: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ վերջինս Աջափնյակի բնակիչ Տիգրան Ասատրյանն է, որը, ըստ էության, մինչ օրս իրավապահներին չի հայտնել, թե ով եւ ինչի համար է իրեն դանակահարել: Պարզեցինք, որ 28-ամյա Տիգրանը դանակի ծանր հարվածը ստացել է ազդրերի հատվածում:

 
1200 ԿՐԱԿՈՑ
Հանգստյան օրերին Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակը կրկին լարված է եղել։ Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց։

 

 

ՍՊԱՌԱԶԻՆՎԱԾ
2011-15 թվականներին Ռուսաստանի զենքի արտահանումների մոտ 5 տոկոսը բաժին է ընկել Ադրբեջանին: Այս մասին ասված է Ստոկհոլմում գործող Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի հրապարակած զեկույցում: Հեղինակավոր այս կազմակերպության տվյալներով` աշխարհում սպառազինությունների վաճառքի առաջատարներն են Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը: Ռուսական սպառազինության հիմնական գնորդներն են Հնդկաստանը, Չինաստանը եւ Վիետնամը:

 

 

ԲԱՑԱՌՈՒՄ ԵՆ
Էլէներգիայի վարձավճարների հավելագրումների հետ կապված բազմաթիվ դժգոհությունների կապակցությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հանդես է եկել պարզաբանմամբ, որում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատանքի գերակա ուղղությունների շարքում է նախկին ժամանակաշրջանից ժառանգություն մնացած արատավոր երեւույթների, այդ թվում՝ հավելագրումների եւ տարբեր այլ տեսակի խախտումների բացառումը: Բոլոր աշխատակիցներից պահանջվում է ազնիվ եւ մասնագիտական բարձր որակով աշխատանք: Տարաբնույթ նման երեւույթների կամ այլ փաստերի հայտնաբերման դեպքում «ՀԷՑ» համապատասխան աշխատակիցը կենթարկվի պատասխանատվության (ընդհուպ մինչեւ կհեռացվի աշխատանքից եւ կփոխհատուցի պատճառված վնասը), արձանագրված խախտումը կշտկվի եւ կկատարվի վերահաշվարկ: Ինչ վերաբերում է որոշ բաժանորդների կողմից բարձրացված դժգոհություններին, դրանք կարող են հետեւանք լինել այն հանգամանքի, որ նախորդ ձմռան համեմատ փոխվել է էլեկտրաէներգիայի դիմաց բաժանորդների կողմից վճարման ենթակա գումարի հաշվարկման եւ սուբսիդավորման մեխանիզմը»:

 

 

ԿՄԵԿՆԻ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 24-25-ը կայցելի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 50-ամյակին նվիրված նախարարական հանդիպմանը: Այցի ընթացքում նախատեսված են նաեւ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները մի շարք երկրների արտգործնախարարների հետ:




Լրահոս