ԻԿՕՄՕՍ-ի Հայաստանի ազգային կոմիտեն գրասենյակային նոր տարածք ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս 2014թ. Երևանի քաղաքապետարանը, ընդառաջ գնալով ԻԿՕՄՕՍ-Հայաստան կազմակերպության դիմումին, Երևան համայնքի սեփականություն համարվող, Հանրապետության փողոցի 32 հասցեում գտնվող պատմական հուշարձան հանդիսացող շենքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել է Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի(ԻԿՕՄՕՍ) և Պատմական հուշարձանների պահպանման հայկական դաշնություն հասարակական կազմակերպություններին:

ԻԿՕՄՕՍ- Հայաստանը ստեղծվել է 2002թ. և արդեն 14 տարի մասնագիտական գործունեություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության և նրա սահմաններից դուրս գտնվող հայկական ժառանգության պահպանության և իրազեկման նպատակով` գործունեության հիմքում դնելով միջազգային առաջատար փորձը, օրենսդրական գործիքներն ու մեթոդաբանությունը: Չունենալով մշտական գրասենյակ՝ կազմակերպությունը տարիներ շարունակ գործունեություն է իրականացրել մի շարք մշակութային հաստատություններում: ԻԿՕՄՕՍ-Հայաստանին հատկացված պատմամշակութային և ճարտարապետական մեծ արժեք ունեցող 19-րդ դարի շինությունն արտաքուստ պատված է քանդակազարդ վարդյակներով, իսկ ներսից պատված է գեղարվեստական մեծ արժեք ներկայացնող որմնանկարներով: Կազմակերպության անդամների ջանքերով վերանորոգվել է շինության մի հատվածը, իսկ ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ ամրակայվել է որմնանկարների հատվածը, վերանորոգվել շինության տանիքը: Գրասենյակի վերանորոգված տարածքի բացման խոսքում ԻԿՕՄՕՍ-ի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյանը երախտագիտություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին՝ կազմակերպության խնդրանքին ընդառաջելու և անհրաժեշտ տարածք տրամադրելու համար, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարությանը՝ վերականգնման ծրագրի համար: Գագիկ Գյուրջյանն ընգծել է, որ սա պետական կառույցների համագործակցության և համատեղ ջանքերով հուշարձանի վերականգնման և պահպանության լավ օրինակ է:

Գրասենյակի բացման առիթով ողջույնի խոսք է ասել նաև Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, ով կարևորել է ԻԿՕՄՕՍ-Հայաստանի դերը պատմամշակութային ոլորտի խնդիրները բարձրացնելու և լուծումներ գտնելու տեսակետից: Այսպիսով, ԻԿՕՄՕՍ-ի Հայաստանի ազգային կոմիտեն այսուհետ ապահովված է շենքային պայմաններով: Կազմակերպությունը նաև հոգ կտանի հուշարձան-շենքի պահպանության և հետագա շահագործման համար:




Լրահոս