Այսօր` հունիսի 27-ին, երկօրյա աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կմեկնի Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, ով կներկայացնի Հանձնաժողովի կողմից բացահայտված անբարեխիղճ մրցակցության դրսեւորման դեպքերը:
Նախատեսվում է ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնական հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արայիկ Հարությունյանի, ինչպես նաեւ ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Լեւոն Մնացականյանի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն տնտեսական մրցակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես ԼՂՀ հանձնաժողովի կողմից կաթնամթերքի եւ մի շարք այլ շուկաներում կատարված ուսումնասիրությունների արդյունքները, ինչպես նաեւ ՀՀ ՏՄՊՊՀ-ը կներկայացնի Հանձնաժողովի կողմից բացահայտված անբարեխիղճ մրցակցության դրսեւորման դեպքեր: Հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում կքննարկվեն նաեւ մինչեւ տարեվերջ կատարվելիք աշխատանքների հիմնական ուղղությունները:
Հանձնաժողովների համատեղ նիստից հետո ՀՀ ՏՄՊՊՀ մասնագետները Արցախի գործընկերների հետ դիտանցումներ կիրականացնեն խոշոր սուպերմարկետներում՝ հնարավոր մրցակցային խնդիրների բացահայտման նպատակով: Տեղեկացնենք նաեւ, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ը մշտապես սերտորեն համագործակցել է ԼՂՀ մրցակցային մարմնի հետ: Համագործակցությունը լինելու է շարունակական, ՀՀ ՏՄՊՊՀ-ը կաջակցի ԼՂՀ մրցակցային մարմնի աշխատակիցների վերապատրաստմանը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, բացի այդ, ՀՀ ՏՄՊՊՀ-ն կաջակցի միջազգային իրավասու կառույցներին ԼՂՀ հանձնաժողովի ինտեգրման խթանման գործընթացում:
Տեղեկացնենք նաեւ, որ այսուհետ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերափոխված կայքում տեղ կգտնի նաեւ ԼՂՀ մրցակցային մարմնի գործունեությանն առնչվող տեղեկատվություն: