«Վայրենության և բարբարոսության մակարդակի ենք հասցնում միջանձնային հարաբերությունները». ինչ վտանգներ է պարունակում հանձնաժողովի որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը որոշում էր կայացնել, որ «Ականջներդ կկտրեմ, լակոտ» արտահայտությամբ պատգամավորը չի խախտել էթիկայի կանոնները, այլ միայն սաստելու միտում է ունեցել:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ, ով էլ Պետրոսյանի արարքի հարցով դիմել էր էթիկայի հանձնաժողովին:

Սաքունցի խոսքով` հանձնաժողովին դիմելը նպատակ ուներ գնահատական տալ` նման արտահայտությունները հարի՞ր են Ազգային ժողովին, թե ոչ: «Դա էր կարևորը և, ըստ էության, մերժելով, պետք է ենթադրել, որ նման արտահայտություններն արդեն ընդունելի են լինելու Ազգային ժողովի կողմից հարաբերվելու ժամանակ`թե քաղաքացիների, թե լրագրողների, թե գուցե միմյանց հետ», – ընդգծեց Սաքունցը:

Նրա խոսքով` «աչքերը հանել» և «լակոտ» հասկացություններն այսուհետ կարող են ընդունելի դառնալ և դա շատ տխուր է: «Եվ այս դեպքում քաղաքացիներն էլ կարող են պատգամավորներին նման բառերով և արտահայտություննրով վերաբերվել: «Ականջդ կկտրեմ» արտահայտությունն իր մեջ ոչ միայն արդեն սպառնալիք է, այլև դա կոնկրետ գործողության ձևակերպում է, թե դա ինչպես է կատարվելու: Արդեն վայրենության և բարբարոսության մակարդակի ենք հասցնում ընդհանրապես միջանձնային հարաբերությունները», – հավելեց նա:




Լրահոս