ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես մտադիր եմ ձեռք բերել անհատական բժշկական ապահովագրության պայմանագիր, բայց ուզում եմ իմանալ` հնարավոր է լինի այնպիսի կետ, որով անհրաժեշտության դեպքում բուժօգնություն ստանամ արտերկրում:

Անի Բադալյան (27 տարեկան, կոսմետոլոգ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Կամավոր բժշկական ապահովագրության պայմանագիրը գործում է միայն ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում: Արտասահմանի համար քաղաքացիները կարող են ձեռք բերել արտասահման մեկնողների աջակցության ապահովագրության կամ, ինչպես ընդունված է անվանել, ճանապարհորդության ապահովագրության պայմանագիր, որով ապահովագրական պատահարներ են համարվում՝
– հանկարծակի առաջացած հիվանդության, դժբախտ պատահարի հետեւանքով առաջացած բժշկական ծախսերը,
– ապահովագրված անձի բուժտրանսպորտային ծախսերը,
– հետմահու հայրենադարձման հետ կապված ծախսերը,
– անհետաձգելի ատամնաբուժական օգնության ծախսերը,
– հանկարծակի հիվանդության, դժբախտ պատահարի դեպքում ապահովագրված անձի լրացուցիչ ծախսերը:
Նշենք նաեւ, որ ներկայումս «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության համապատասխան ստորաբաժանումը զբաղված է արտասահմանում բուժման եւ վերականգնման հետ կապված առանձին ապահովագրական ծրագրի մշակմամբ, որի մասին մոտ ապագայում կարող եք տեղեկանալ` այցելելով մեր ընկերության էլեկտրոնային կայք:
Ամեն դեպքում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ թե՛ կամավոր բժշկական ապահովագրության եւ թե՛ արտասահման մեկնողների աջակցության ապահովագրության դեպքում, ծածկվում են միայն ապահովագրությունից հետո առաջացած հիվանդությունների կամ առկա հիվանդությունների սրացումների գծով ծախսերը: Այլ կերպ ասած` անձը չի կարող ձեռք բերել ապահովագրություն արդեն իսկ առկա հիվանդությունն ապահովագրության ներքո բուժելու նպատակով:

«Ռոսգոսստրախ Արմենիա»
ապահովագրական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե շատ լավ է, որ հարկ եղած դեպքում այսպիսի ընկերությունների օգնությամբ քաղաքացիները կարող են բուժօգնություն ստանալ արտերկրում: Բայց շատ ցավալի է, որ մեր երկրում այդ ոլորտը հաճախ այնքան է թերանում, որ մեր հայրենակիցները, խուսափելով բարդություններից, ինքնուրույն են դիմում արտերկրում բուժում ստանալու տարբերակներին:




Լրահոս