ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը վաղը` հուլիսի 2-ին, կմեկնի ԱՄՆ` մասնակցելու Կալիֆոռնիայի նահանգի Լոս Անջելես քաղաքում հուլիսի 3-7-ը կայանալիք Հայ բժիշկների համաշխարհային 11-րդ համագումարի աշխատանքներին։
Նախատեսվում է, որ նախարարը հանդես կգա ծավալուն ելույթով և կներկայացնի Հայաստանի առողջապահության ոլորտում առկա իրավիճակը, ընթացող բարեփոխումները և ապագա ծրագրերի նկատմամբ մոտեցումները։ Կլինեն նաև քննարկումներ։
Տեղեկացնենք, որ համագումարը կազմակերպել է Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեն` AMIC-ը։ 1979 թվականին ստեղծված այս կազմակերպության նպատակն է համախմբել աշխարհի տարբեր երկրներում սփռված հայ բժիշկների ջանքերը Հայաստանի առողջապահության համակարգին աջակցելու գործում։
Հայ բժիշկների առաջին միջազգային համագումարը տեղի է ունեցել 1974 թվականին Բեյրութում։ Այնուհետև չորս տարին մեկ համագումարներ են անցկացվում տարբեր մայրցամաքների տարբեր երկրներում։ ՀՀ առողջապահության նախարարության և Հայ բժիշկների միջազգային կոմիտեի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` 2003 թվականից Հայ բժիշկների միջազգային համագումարներն անց են կացվում Հայաստանում և Սփյուռքում` համապատասխանաբար երկու տարին մեկ` մայր հայրենիքում Հայաստանի միջազգային բժշկական համագումար, իսկ սփյուռքում՝ Հայ բժիշկների համաշխարհային համագումար ձևաչափերով։ Հայաստանում վերջին անգամ միջազգային բժշկական 3-րդ համագումարը տեղի է ունեցել 2011-ին։
Հավելենք նաև, որ դեռ մեկ ամիս առաջ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն, ընդունելով Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի նախագահ Ջերրի Մանուկյանին, նրա հետ քննարկել է ինչպես սփյուռքահայ բժիշկների կողմից Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում իրականացվող բժշկական ու կրթական առանձին ծրագրերը, այնպես էլ Լոս Անջելես քաղաքում տեղի ունենալիք Հայկական բժշկական համաշխարհային 11-րդ համագումարի կազմակերպական հարցեր։