ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ «ԲՌՆԱԲԱՐՎԱԾ ԷԹԻԿԱՆ» ՈՒ «ԼԱԿՈՏՆԵՐԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը երեկ կայացրած որոշմամբ երգչուհի պատգամավոր Շուշան Պետրոսյանին քարտ բլանշ տվեց` առավել ագրեսիվ վարքագծով հանդես գալու այն մարդկանց դեմ, ովքեր ունեն իրենից տարբերվող կարծիք: Իսկ ո՞րն է Շուշան Պետրոսյանի «հմայքը», որ նրա հեղինակությունը մի քանի պատգամավորներ հատուկ հանձնարարությամբ առավել բարձր գնահատեցին, քան օրենսդիր մարմնի վարկանիշը:

Ինչպես հայտնի է՝ երգչուհին Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստացավ Սերժ Սարգսյանի անմիջական հովանավորությամբ, որպեսզի ՀՀԿ կանանց թեւը նոր, հետաքրքիր իդեաներով լցներ: Բայց Շուշան Պետրոսյանը ԱԺ-ում առանձնապես չփայլեց ու շարունակում է գործունեություն ծավալել ԱԺ-ից դուրս, ինչի համար ամենեւին էլ պետք չէր, որ մանդատով «զարդարվեր»: Նա օգտագործելով իր անունը, կապերը՝ ԱԺ գործարար պատգամավորներից կամ ոչ պատգամավոր գործարարներից ինչ-որ բաներ է խնդրում, վերցնում ու տանում է զորամասեր: Թե ձեռքբերածից որ մասն է իր անունից ներկայացնում, որը ոչ, դժվար է տարբերակել, բայց փաստ է, որ նա այս պահին ՀՀ ՊՆ ղեկավարության հետ սերտ հարաբերություններ ունի: Եւ որպեսզի առավել ամրապնդի ունեցած կարգավիճակը, պատրաստ է հետ չմնալ հրապարակային «բռնաբարության պատրաստակամություն» հայտնած պատգամավոր Առաքել Մովսիսյանից` Շմայից:
Իսկ ինչի՞ց էր սկսվել պատմությունը: Այս տարվա հունվարի 10-ին սոցցանցում Գայանե Շահինյան անունով օգտատերը կարծիք էր հայտնել, թե հակառակորդի գնդակից խոցված զինծառայող Արամայիս Յուրիկի Ոսկանյանի հարազատներին ցավակցելը դատարկ խոսքեր են: «Ինչ ցավակցել, դրանք դատարկ խոսքեր են, ով է հասկանում, թե հիմա ինչ ա կատարվում նրա հարազատների հոգում: …Էս պետություն չի, երկիր չի, նողկում ես ազգից, իշխանություններից, պաշտպանության նախարարությունից, որ Սեյրան Օհանյանի նմանը կանգնի զոհված զինվորի գլխավերեւում ու ասի` մենք չկարողացանք քեզ պաշտպանել, թող հայոց հողը պաշտպանի: …Բա չես ամաչո՞ւմ, այ ողորմելի գեներալ, դուք եք ուտում ձեր զինվորների գլուխը, ոչ թե թուրքը, անմեղ երեխեքը գնան սահման պահեն, իսկ ձեր հղփացած լակոտները ֆռֆռան, հա, էդ երեխեքի կյանքի հաշվին, էդ դուք պիտի հիմա պառկած լինեիք էդ անմեղ երեխեքի տեղը, այ, էդքան չարացած եմ…»:
Երգչուհի պատգամավոր Շուշան Պետրոսյանը, ընթերցելով այս տողերը, իրեն իրավունք էր վերապահել դաստիարակել օգտատիրոջը. «Լսի՛, այ լակոտ, գրածներդ կարդացի ու գրածիդ այն 16 հավանություն տվող կենդանիներին էլ տեսա, ուշադիր լսի, չհամարձակվես այդ գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել Երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության Նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես՝ արձագանքի, ԼԱԿՈՏ, կրկնում եմ՝ աչքերդ կհանեմ !!!!»:
Այս գրառումից հետո իրավապաշտպան Արթուր Սաքունցը դիմեց ԱԺ էթիկայի հարցերով հանձնաժողովին` պահանջելով գնահատել պատգամավորի վարքագիծը եւ արձանագրել, որ երգչուհին էթիկայի նորմերը խախտել է: «Դու պաշտոնատար անձ ես, քո արտահայտություններն ընկալվում են հանրության կողմից որպես չափանիշ… Հիմա էթիկայի հանձնաժողովն ինքը կորոշի՝ արդյո՞ք հարիր է ԱԺ պատգամավորին` օգտագործելու նման բառապաշար»:
Եւ, ահա, այս հանձնաժողովի անդամ պատգամավորները` Խոսրով Հարությունյանը, Սուքիաս Ավետիսյանը, Արմեն Բաբայանը, Վահան Բաբայանը, Թեւան Պողոսյանը միաձայն կողմ քվեարկեցին` պնդելով, որ Շուշան Պետրոսյանը էթիկայի նորմերը չի խախտել: Միայն ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանն է ձեռնպահ եղել:
Իսկ ո՞րն է հիմնավորումը: Ըստ այդ հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի՝ «Իմ պատանի տարիքում քիչ չեն եղել դեպքեր, որ մեծերն ասել են՝ ականջներդ կկտրեմ, այ լակոտ: Դրանից չի հետեւել, որ նրանք ակնհայտորեն գալու էին, իմ ականջները կտրեն: Ուղղակի խրատում էին ինձ, սաստում իմ այս կամ այն քայլը: Ձեր հայրը կարող է ձեզ ասել` լակո՛տ, ականջներդ կկտրեմ, դա սպառնալիք է՞»: Ինչպես երեւում է՝ Խոսրով Հարությունյանը դառը մանկություն է ունեցել, եւ նրա համար «լակոտի պես ականջները կտրելու» սպառնալիքը սովորական բան է:
Ավելին՝ Խոսրով Հարությունյանը երեկ հրապարակավ տարակուսանք հայտնեց, թե. «Դուք կարծում եք, որ Շուշանը պիտի գնար, Գայանե Շահինյանի աչքերը հանե՞ր, եթե նա շարունակեր: Դուք ասում եք` կարո՞ղ էր սպառնալիք լինել, ես ասում եմ` ոչ: Էթիկայի կանոնների խախտումը նշանակում է, որ մենք պետք է քննարկենք էթիկայի հարցը: Մենք գտնում ենք, որ սպառնալիք չկա, եթե օգտատերը վիրավորված է, կարող է դիմել դատարան»: Այսինքն` պատգամավորը կարող է սպառնալ, վիրավորել, բայց դա էթիկայի խախտում չէ:
Բայց առավել զավեշտալի է Խոսրով Հարությունյանի մյուս բացատրությունը. «Երբ հանրության համար անհայտ որեւէ մեկը մի հատ վաստակաշատ տարեց գիտանականի ասեր լակոտ, ես այդ ժամանակ կասեի` ակնհայտ վիրավորելու միտում է ունեցել»: Այսպիսով՝ ստացվում է, որ մեր երկրում շարքային քաղաքացիներին կարելի է վիրավորել ու սպառնալ, բայց էլիտան անձեռնմխելի է:
Նկատենք, որ Խոսրով Հարությունյանն այսպիսի մեկնաբանություններով, թերեւս, աչքի չէր ընկնի, եթե նրա որդուն նոր պաշտոն խոստացած չլինեին: Ինչպես հայտնի է՝ առաջիկայում Խոսրով Հարությունյանի որդին կնշանակվի ՀՀ արտաքին գործերի փոխնախարար` տնտեսական գծով: Դրա համար էլ հայրը ստիպված է բավարարել Բաղրամյան 26-ից իջած պատվերները` նույնիսկ անձնազոհության գնով:
Հիշեցնենք, որ ԱԺ մեկ այլ պատգամավոր Առաքել Մովսիսյանն էլ հայտարարել էր, թե կբռնաբարի նրանց, ովքեր ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի մասին «վատ բան ասեն»: Բայց բռնաբարության սպառնալիքը համարվեց էթիկայի նորմերի խախտում, եւ պատգամավորը 6 օր զրկվեց նիստերին ներկա գտնվելու իրավունքից:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 
ԿԱԶԱՏՎԻ՞ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ տեւական ժամանակ է, ինչ ակտիվ քննարկվում է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանի աշխատանքից ազատման հարցը: Բանն այն է, որ ԳՆ-ն վերջին շրջանում բազմաթիվ դժգոհություններ են ստացվում՝ Բաղիյանի գործելաոճի հետ կապված: Նշենք, որ վերջինս հիմնականում զբաղվում է անասնաբուժական, անասնաբուծական հարցերով: «Ժողովուրդ»-ը փորձեց այս լուրերի առնչությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից մեկնաբանություն ստանալ: Նշված նախարարության մամուլի խոսնակ Անի Սմբատյանը Բաղիյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը մեկնաբանելու վերաբերյալ, մեր հարցմանն ի պատասխան, ասաց. «Ո՛չ, այս պահին նման բան չկա»:

 

 

ՎՈԼՈԴՅԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ
«Ժողովուրդ»-ը շաբաթ օրը գրել էր, որ պահեստազորի փոխգնդապետ, քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանը, որը 2013-ի սեպտեմբերից անազատության մեջ է եւ շինծու մեղադրանքով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, դիմել է վաղաժամկետ ազատ արձակվելու համար: «Վարդաշեն» ՔԿՀ-ի վարչակազմը Ավետիսյանին վաղաժամկետ ազատելու հարցը ներկայացրել էր միջգերատեսչական հանձնաժողովին: Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վոլոդյա Ավետիսյանի որդին` Նորայր Ավետիսյանը, հայտնեց, որ վաղաժամկետ ազատ արձակման հարցերը քննող միջգերատեսչական հանձնաժողովը դարձյալ մերժել է «Վարդաշեն» ՔԿՀ-ի դիմումը: «Դե, տեսնեք, թե ինչ պետք է անեն, անորոշ վիճակ է, դեռ չգիտենք մեր անելիքը, բայց որ ՔԿՀ-ի դիմումը մերժվեց, փաստ է»,- ասաց քաղբանտարկյալի որդին:

 

 

«ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» ՔԿՀ ՊԵՏԸ ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է
Արդեն տեւական ժամանակ է, ինչ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի շուրջ աղմուկը չի դադարում: Հիշեցնենք, որ 2015 թվականի հոկտեմբերի 23-ի ուշ երեկոյան լուրեր տարածվեցին, որ դիմակավորված հատուկջոկատայինների խումբը ներխուժել է «Նուբարաշեն» ՔԿՀ եւ դատապարտյալների խցերում բռնի խուզարկություններ իրականացրել: Նույնիսկ բանն հասել էր դիմակավորված անձանց եւ դատապարտյալների միջեւ ծեծկռտուքին: Այս պատկերին զուգահեռ օրերս «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքի տակ գտնվող քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին աղմկահարույց հայտարարություն արեց նույն ՔԿՀ-ում տիրող վիճակի վերաբերյալ: Ըստ նրա՝ ՔԿՀ-ի ղեկավարության հրահանգով խցակից կալանավորները բռնություն են գործադրել իր նկատմամբ: Ավելին՝ փորձել են ներքաշել թղթախաղի մեջ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Ռուբիկ Ստեփանյանը, խոսելով սպանդանոցի վերածված ՔԿՀ-ում տիրող բարքերի մասին, ասաց. «Որպես պետ, մի բան կարող եմ ասել. նման բան չի կարող լինել: Մնացած հարցերով դիմեք լրատվական բաժին, այլ բան չեմ կարող ասել»: Դե, իհարկե, «լրատվականն» էլ պիտի հերքի:

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԻՆՉ ՆՊԱՏԱԿՈՎ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Մուշեղ Լալայանին, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին եւ պատգամավոր Մնացական Մնացականյանին: Հանդիպմանն արծարծվել են երկու հայկական հանրապետությունների քաղաքական ուժերի միջեւ փոխգործակցությանն առնչվող հարցեր:

 

 

ԲԱ  ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵ՞ՐԸ
Փետրվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ժնեւում հանդիպել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ Ալ Հուսեյնին։ Հանդիպմանը քննարկվել են Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակի հետեւանքով մարդու իրավունքներին, փոքրամասնություններին առնչվող խնդիրները եւ դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Նշվել է, որ Հայաստանը ապաստան է տվել Սիրիայից ժամանած շուրջ 20.000 փախստականների։ Կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին: Նալբանդյանն ընդգծել է, որ այդ ուղղությամբ Հայաստանի եւ մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների միջեւ արդյունավետ համագործակցություն է հաստատվել։

 

 

ԽԱՎԻԱՐԱՍԻՐԱԿԱՆ
Նախօրեին Բաքու ժամանած ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը երեկ հայտարարել է, թե ԵԽԽՎ-ն պատրաստվում է համագործակցել Ադրբեջանի հետ բոլոր ուղղություններով, այդ թվում ԵԽԽՎ քարտուղարության, Վենետիկի հանձնաժողովի եւ մյուս կառույցների հետ: Ագրամունտի խոսքով` ԵԽԽՎ-ի եւ Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են լավ մակարդակի վրա, բայց կան հարցեր, որոնք քննարկման կարիք ունեն: Նշենք, որ ԵԽԽՎ նորընտիր նախագահը վաղուց է հայտնի որպես «ադրբեջանական խավիարակերների գիլդիայի» անդամ:

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐ
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց:

 

 

ԱՌԱՆՑ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻ
Կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանը շրջաբերական է ուղարկել մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին` առաջարկելով համապատասխան հանձնարարականներով բացառել ուսումնական հաստատություններում Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա, եւ Ապրիլի 7-ի՝ Մայրության եւ գեղեցկության տոնի տոնական միջոցառումների շրջանակում պարտադրված դրամահավաքի դրսեւորումները:




Լրահոս