Դեպքից առաջ Պերմյակովին տեսնող է եղել. կրակոցի ձայնը լսելով` կարծել է, թե որսորդ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում շարունակվեց Ավետիսյանների սպանության գործով հերթական դատական նիստը: Այսօր հարցաքննվեց որպես վկա ներգրավված սահմանապահների ու Երազգավորս գյուղի բնակիչ Միքայել Հլղաթյանը:

Վերջինս պատմեց, որ հունվարի 12-ի գիշերը մեքենայով անցնելիս է եղել հայ-թուրքական սահմանի մոտով և նկատել է ինչ-որ մի անձի ու վառվող լույս, սակայն կրակոցների ձայներ լսելով` մտածել է, որ որսորդներ են: Մեղադրող դատախազի հարցին` ինչ գրված է նախաքննական ցուցմունքում և ասվում է այսօր` համապատասխանում են իրար, թե ոչ, ինչին ի պատասխան բնակիչը հայտարարեց` չի հիշում, թե մեկ տարի առաջ ինչ է գրել և ինչպիսի ցուցմունք է տվել:

Այսօր հրապարակվեց վկայի ցուցմունքը, որում Հլղաթյանը պատմել է, որ հայ-թուրքական սահմանի մոտ նկատել է հավաքված մարդկանց ու տեսել, թե ինչպես են Պերմյակովին նստեցնում «Վիլիս» մակնիշի մեքենայի մեջ: Փաստաբաննեը նրա նախաքննական ու դատական ցուցմունքներում էական տարբերություններ նկատեցին, և Արթուր Սաքունցը հետաքրքրվեց` մեկ տարի առաջ որտեղ է եղել հարցաքննությանը և ինչ հարցեր է տրվել, որին ի պատասխան վկան նշեց` հարցաքննությունը եղել է Ախուրյանի քննչական բաժնում, իսկ ցուցմունքը սղագրել է քննիչը։

Հավելենք,  որ դատարան էին կանչվել նաև մի քանի ռուս զինծառայողներ, սակայն պարզ դարձավ, որ վերջիններս Հայաստանում չեն գտնվում։ Նրանց թվում էր նաև Պերմյակովի անմիջական հրամանատար Անդրեյ Նիկիշինը:




Լրահոս