«Ժառանգության» ներկայացուցիչները տեղում կլինեն՝ ընտրական հանձնաժողովներում պաշտպանելու համար Հրազդանի ժողովրդի քվեն. Րաֆֆի Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 17-ին ՀՀ մի շարք մարզերում` Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք եւ Վայոց ձոր, տեղի են ունենալու համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ընդդիմադիր կուսակցություններից շատերը, սակայն, այս անգամ եւս որեւէ հետաքրքրություն չեն դրսեւորում ՏԻՄ ընտրությունների հանդեպ, եւ դեռեւս հայտնի չէ` արդյոք նրանք առաջադրելու են իրենց թեկնածուներին առաջիկա ՏԻՄ ընտրություններում:

Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:

-Պարո՛ն Հովհաննիսյան, «Ժառանգություն» կուսակցությունը տարածքային քանի՞ կառույց ունի, եւ որքանո՞վ են դրանք այժմ ակտիվ գործում:

-«Ժառանգություն»-ն ունի տարածքային կառույցներ բոլոր մարզերում եւ բոլոր քաղաքներում: Ներկա դրությամբ «Ժառանգություն»-ը Հայաստանում տիրող ստի, կեղծիքի, այս իշխանական հանցագործության պայմաններում արտահերթ իրավիճակի դիմաց արտահերթ լուծում է սպասարկվում «Նոր Հայաստան»-ի եւ շարքային քաղաքացիների միջոցով: Մենք մասնակցել ենք բոլոր հնարավոր ընտրական միջոցառումներին նույնիսկ ամենաանհավասար պայմաններում, երբ մյուսները դիտորդի կարգավիճակում էին: Բայց մենք չենք դիտարկում այս իշխանության վերարտադրումը հերթական ընտրությունների միջոցով: Պետք է տրվի արտահերթ լուծում: Իսկ եթե մենք գանք հաջորդ տարվա շեմին, ապա «Ժառանգություն»-ը ներքին լուծումները կգտնի, մենք մեզ կգտնենք պայքարի բոլոր ճակատներում:

-Ապրիլի 17-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին «Ժառանգություն» կուսակցությունը իր թեկնածուներին առաջադրելո՞ւ է:

-Ցանկությունը բնական է, որ մեր քաղաքները եւ մեր գյուղերը ունենան իրենց բնակիչներին, իրենց ընտրողներին համապատասխանող վստահության քվեն վայելող իշխանություն: «Ժառանգություն»-ը, վստահ եմ, կմասնակցի նաեւ մեծ քաղաքներում այդ գործընթացներին:

-Հրազդան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքապետի ընտրություններին առաջադրել է Սասուն Միքայելյանին: «Ժառանգություն»-ը պաշտպանելո՞ւ է նրա թեկնածությունը:

-Մեզ չեն դիմել: Սասուն Միքայելյանին մենք զորակցել ենք նախորդ ընտրություններում եւ հաջորդին ենք զորակցելու: «Ժառանգության» ներկայացուցիչները տեղում կլինեն՝ ընտրական հանձնաժողովներում պաշտպանելու համար Հրազդանի ժողովրդի քվեն:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս