Արտերկրից ֆիզիկական անձանց անունով Հայաստան փոխանցվող տրանսֆերտները շարունակում են կտրուկ նվազել:
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացել էր, որ 2016 թվականի հունվարին ֆիզիկական անձանց անունով ստացված տրանսֆերտների ներհոսքը կազմել է 29 մլն 372 հազար դոլար, 2015-ի հունվարին` 36 մլն 821 հազար դոլար, իսկ 2014-ին` 78 մլն 614 հազար:
Այս թվերը խոսում են այն մասին, որ Հայաստանի տնտեսությունը հետզհետե ավելի դժվարին վիճակում է հայտնվում:
«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանի հետ:
-Պարո՛ն Մինասյան, արտերկրից ֆիզիկական անձանց անունով Հայաստան ուղարկվող տրանսֆերտները տարեցտարի շարունակվում են նվազել: Սա ինչպիսի՞ հետեւանքներ կարող է ունենալ, եւ ինչի՞ արդյունքում է այս բացասական միտումը խորանում:
-Իշխանությունը չի կարող փոխել տրանսֆերտների վիճակը, որովհետեւ տրասֆերտները գալիս են մեկ ուրիշ երկրից, եւ այնտեղ տնտեսական իրավիճակը, իհարկե, վատթարացել է: Եւ այս պարագայում, իհարկե, տրանսֆերտների քանակը ոչ միայն Հայաստան, այլեւ այլ երկրներում էապես կրճատվել է: Սակայն դա վերաբերում է ընդամենը մեկ ամսվան, հունվար ամսվա ցուցանիշներով դժվար է ասել, թե ամբողջ տարվա ընթացքում ինչպիսին կլինի հոսքը: Մեկ ամիսը էական նշանակություն չի կարող ունենալ, ես չեմ կարծում, որ այդ իրավիճակը կշարունակվի առաջիկա ամիսների ընթացքում:
-Չնայած ծանր տնտեսական վիճակին՝ պետական գերատեսչությունները շարունակում են շռայլորեն վատնել բյուջեի միջոցները: Օրինակ՝ Երեւանի քաղաքապետարանն ընթացիկ տարում 1 միլիոն դրամ է հատկացրել շոկոլադի գնմանը…
-Բոլոր ծախսերը իրականացվում են բյուջեներին համապատասխան եւ այդ բյուջեները հաստատվում են: Եւ այս երկու խնդիրները իրար հետ կապելը, կարծում եմ, իմաստ չունի: Նրանց հոսքերը, նրանց ծախսերը, նախապես որոշված են եղել իրենց համապատասխան մարմինների կողմից:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ