Շատ խանդոտ եմ. դա համը հանում է. Ռոման Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ռոման Բաբայանը, ով հանդիսատեսին հայտնի է նաեւ մի շարք հեռուստանախագծերից, առաջիկայում կներկայանա թատրոնում բեմադրվելիք նոր` «Պեպո» ներկայացման շրջանակում: «Ժողովուրդ»-ը դերասանից հետաքրքրվեց` ինչու փակվեց հանրության շրջանում ճանաչում ձեռք բերած «Երջանկության արցունքներ» հեռուստանախագիծը (ATV), արդյո՞ք այն չկարողացավ պահել վարկանիշը. «Այնպես չէր, որ ռեյտինգի խնդիր կար. մի բան կարող եմ միայն ասել, որ մենք` դերասաններս, ինքներս էլ չհասկացանք դրա փակվելու պատճառը»,- պատասխանեց նա:

Քանի որ արդեն գարուն է, իսկ առջեւում` կանանց միամսյակը, մենք դերասանից հետաքրքրվեցինք` կա՞ն կանայք, որոնց նա տոնական օրերին մշտապես անակնկալներ է մատուցում. «Առաջինը մայրիկիս եմ շնորհավորում եւ նվեր մատուցում: Առհասարակ, ես կանանց նախընտրում եմ մատուցել ծաղիկներ ու այնպիսի նվեր, որին նրանք չեն սպասի. փոքրիկ, բայց յուրահատուկ մի բան, որ ուր գնան` իրենց հետ տանեն»,- նշեց նա:

Քանի որ գարունը սիրահարվելու ամենաբարենպաստ եղանակն է, Ռոմանի խոսքով` ինքը գարնանն ավելի շատ է սիրահարվում. «Ես, առհասարակ, հաճախ եմ սիրահարվում, դա, իհարկե, շատ է օգնում ինձ»,-խոստովանեց նա:
Մենք հարցրինք` այդ պարագայում, երբ «թիրախները» շատ են, աղջիկներն իրենից չե՞ն նեղանում. «Թաքուն եմ պահում, չեն իմանում…(ծիծաղում է), իսկ եթե լուրջ` նեղանալու պատճառ չունեն. իմ կողքին հատուկ մեկը չկա, որ նեղանա»,-ասաց նա:
Ռոմանը պատմեց, որ ինքը երկրպագուների կողմից շատ է սիրո յուրահատուկ խոստովանություններ ստանում. «Հիմնականում պատասխանում եմ նրանց, որոնց հետ ինձ համար եւս հաճելի կլինի երկու խոսք փոխանակել: Ինձ գրում են հիմնականում հասուն աղջիկները: Իսկ իմ արձագանքը կախված է այն բանից, թե ինչպես են ինձ գրում կամ դիմում: Նման դեպքերում հաճախ եմ հումորային պատասխաններ տալիս»,-պատմեց դերասանը:

Ռոմանի խոսքով` երկրորդ կեսի փնտրտուքի հարցում ինքը հաճախ բծախնդիր եւ պահանջկոտ է լինում. «Կարող է՝ շատ խանդոտ եմ, դա էլ է համը հանում, խանգարում…»,- անկեղծացավ դերասանը:
Համենայն դեպս, նրա խոսքով, ինքը երկրորդ կեսին հատուկ չի փնտրում. «Եթե փնտրել-գտնելով լիներ` վաղուց ամուսնացած կլինեի, բայց ես սպասում եմ իմ միակի հայտնվելուն»,- եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս