Ընկերության նախագահն ահազանգում է՝ ՏՄՊՊՀ-ն իրեն հետապնդում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ծրագրեր» ընկերության նախագահ Աշոտ Խաչատրյանը երեկ նամակ է տարածել, որով տեղեկացնում է, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը արդեն 10 ամիս է, ինչ հետապնդում է սկսել իրենց ընկերության դեմ: Պատճառն այն է, որ «Հայկական ծրագրեր» ընկերությունը բարձրացրել է իր որոշ ծառայությունների գները:

Նշենք, որ ընկերությունը ստեղծվել է մոտ 30 տարի առաջ: Այն զբաղվում է բանկային, հաշվապահական, առեւտրական համակարգեր մշակելով, ներդնելով եւ սպասարկելով: Ըստ ընկերության տնօրեն Աշոտ Խաչատրյանի՝ անցած տարվա ապրիլի 1-ին իրենք վերանայել են իրենց ծառայությունների գները եւ որոշ ծառայությունների գներ բարձրացրել:

Մասնավորապես բարձրացվել է ՀԾ-հաշվապահ համակարգի սպասարկման գինը, ինչի մասին նամակով տեղեկացվել է մոտ 4000 պատվիրատուների, այդ թվում ՏՄՊՊՀ-ին, որը եւս օգտագործում է այդ համակարգը: Այդ կապակցությամբ, սակայն, ըստ տնօրենի՝ ընկերությունը որեւէ մեկից, այդ թվում եւ ՏՄՊՊՀ-ից, առարկություն չի ստացել:

Սակայն որոշ ժամանակ անց ՏՄՊՊՀ-ից «Հայկական ծրագրեր»-ը ստացել է նամակ, որտեղ նշված է եղել, որ իրենք սկսել են ուսումնասիրել ընկերության ծրագրերի սպասարկման ոլորտը: Տնօրենի խոսքով` առանց շուկան սահմանելու, այդ շուկայում ընկերության գերիշխող դիրքը քննարկելու, հանձնաժողովը իրենցից պահանջում է գերիշխողի կողմից գների թանկացման հիմնավորում: Իսկ անցած տարվա հունիսի 18-ին հանձնաժողովը հարուցել է վարույթ՝ հետեւյալ ձեւակերպմամբ` «Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ի կողմից Օրենքի հնարավոր խախտման վերաբերյալ հարուցել վարչական վարույթ:

«Իհարկե, անիմաստ է քննարկել չհաստատված գերիշխող դիրքի չարաշահումը, բայց նույնիսկ այս հանգամանքներում հանձնաժողովը չունի չարաշահման ապացույց եւ վարույթի վերջին` 90-րդ օրը, ընդունում է փայլուն որոշում՝ վարույթը կասեցնել: Մեզնից պահանջում են նոր տեղեկություններ, որոնք ուղղված են ոչ թե շուկայի ուսումնասիրությանը, այլ մեր ենթադրյալ գերիշխող դիրքի չարաշահումը ապացուցելուն:

Եվ վերջապես, վարույթը կասեցնելուց 5 ամիս անց հանձնաժողովը, առանց կասեցված վարույթը վերսկսելու եւ ավարտելու, մեր դեմ սկսում է նոր վարույթ՝ նախորդ վարույթի կասեցման ժամանակ պահանջած տեղեկությունը չտալու համար, եւ 2 մլն դրամով տուգանում: Մենք ունենք մոտ 4200 վաճառք, այսինքն` զբաղեցնում ենք շուկայի 5 տոկոսը: Ոչ մի կերպ գերիշխող դիրք չի ստացվում»,- նշված է ընկերության տնօրենի նամակում:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց նաեւ ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանի հետ, որը փոխանցեց հետեւյալը. «Որոշ, ակնհայտորեն խեղաթյուրված փաստերի ուսումնասիրությունից հետո ՏՄՊՊՀ-ն հանդես կգա խնդրի հետ կապված պաշտոնական պարզաբանմամբ»:

Հ.Գ. Հիշեցնենք, որ վերջերս էլ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը «հանգիստ» չէր թողնում «Մարաթուկ» տուրիստական ընկերությանը: Բանն այն է, որ ՏՄՊՊՀ-ն մի շարք դիմում-բողոքների հիման վրա վարչական վարույթ էր հարուցել ընկերության դեմ հնարավոր անբարեխիղճ մրցակցության դրսեւորման համար: Սակայն «Մարաթուկ»-ը հակառակն էր պնդում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս