Հարց քաղաքացիներից` ո՞վ իրավունք ունի եռամսյակային հրատապ օգնություն ստանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmԼur.am-ը շարունակում է ներկայացնել ընթերցողների կողմից ուղարկված և նրանց հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն այսուհետ կարող եք ուղարկել [email protected] `հասցեով կամ զանգահարել (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներով: Ձեզ հուզող հարցերի պատասխաններն կգտնեք մեր կայքում:

ՀԱՐՑ. Խնդրում եմ տեղեկացնել, թե ո՞վ իրավունք ունի եռամսյակային հրատապ օգնություն ստանալ: Եվ կցանկանայի իմանալ, թե միանվագ հրատապ օգնություն ստանալու համար ի՞նչ պետք է անել:

Գայանե Կիրակոսյան (57 տարեկան, վաճառողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության սահմանային միավորից ցածր եւ «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքները կարող են դիմել եռամսյակային հրատապ օգնություն ստանալու համար:

Տեղեկացնում ենք, որ երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ հրատապ օգնության տրամադրման համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին՝ երեխայի ծնվելուց հետո վեց ամսվա ընթացքում:

Երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում ընտանիքի չափահաս անդամներից մեկը տարվա օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների ընթացքում պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին` ներկայացնելով տեղեկանք տվյալ երեխայի հանրակրթական դպրոցի կամ վարժարանի տվյալ ուսումնական տարում առաջին դասարան ընդունվելու մասին:

Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենսաթոշակառու, աշխատող կամ գործազուրկ (առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող) չհամարվող անդամներից մեկը մահացել է, ունի ընտանեկան նպաստի իրավունք եւ դիմումը ներկայացվել է ընտանիքի անդամի մահվան օրվանից հետո վեց ամսվա ընթացքում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պաշտոնական թվերի համաձայն՝ 2014թ. տարեվերջի դրությամբ ընտանեկան եւ սոցիալական նպաստներ ստացող ընտանիքների քանակը կազմել է 105.176, որի 75.7%-ը բաժին է ընկել ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներին: Հրատապ օգնություն ստացող ընտանիքների քանակը կազմել է 25.180: Մինչեւ 2 տարեկան երեխաների թվաքանակը, որոնց համար նշանակվել է նպաստ, տարեվերջի դրությամբ կազմել է 12.814 մարդ, վճարված գումարը տարվա ընթացքում՝ 3 071.8 մլն. դրամ, նշանակված ամսական նպաստի չափը՝ 18.000 դրամ:




Լրահոս