ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը հերթական անգամ Հայաստանին կանգնեցրել է փակուղու առաջ: «Հայռուսգազարդ»-ի կանոնադրական կապիտալի բաժնեմասերն ամբողջությամբ «պահանջելով»՝ «Գազպրոմ»-ը խոստանում է այդ գործարքի դիմաց իջեցնել գազի սակագինը: Այս մասին ասել է «Գազպրոմ» ՓԲԸ-ի մամլո խոսնակ Սերգեյ Կուպրիանովը «Էխո Մոսկվա» ռադիոկայանին տված հարցազրույցում: «Գնագոյացման համար կան ներքին որոշակի պահեր: Որոշ ժամանակ հնարավոր եղավ գազի սակագինը զսպել, իսկ այժմ Հայաստանում գազի գինն իսկապես աճել է: Մենք բանակցություններ ենք տանում, որպեսզի «Հայռուսգազարդ»-ն իր բաժնետոմսերն ամբողջությամբ վաճառի մեզ, իսկ դրա դիմաց «Գազպրոմ»-ը կիջեցնի գազի գինը: Մենք ունենք հստակ սխեմա, թե ինչպես դրան կհասնեք»,-ասել է խոսնակը: Հարցին, թե ինչ տարիֆով է բարձրացել գազի գինը, Կուպրիանովը նշել է, որ նախագահական ընտրություններից հետո Հայաստանում կտրուկ աճել են ներքին գները, ուստի «դրա համամասնությամբ էլ բարձրացել է գազի գինը»: Վերջինս հավելել է, որ գազի գնի բարձրացումը միանգամից չի կատարվել: Նշենք, որ գազի գնի բարձրացումն իրականում պայմանավորված էր Մաքսային միություն մտնելու պարտադրանքով:

ՀԱՐՑ. Ի՞նչ կկորցնի Հայաստանը ռուսական ընկերության առաջարկն ընդունելով, եւ իսկապե՞ս գազի գինը պայմանավորված է հետընտրական շրջանում Հայաստանի ներքին գների աճմամբ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Առաջին անգամը չէ, որ Ռուսաստանը Հայաստան արտահանվող գազի գինը բարձրացնում է, ուստի նրան վստահել չի կարելի: Կարծում եմ, որ նման միջպետական հարաբերություններում բավական հզոր տնտեսական նշանակություն ունեցող ռեսուրսի վաճառքի գնի հետ կապված խոսակցություններն ազնիվ խոսքի շրջանակներում չեն կարող լուծվել: Այստեղ պետք են լուրջ երաշխիքներ, իսկ դրանք տնտեսական լծակների տեսանկյունից մեր բաժնեմասի պահպանումն էր: Իսկ գազի գնի բարձրացումը կապել Հայաստանում սպառողական գների աճմամբ՝ ծիծաղելի է հնչում: Սովորաբար, տնտեսության մեջ  գնագոյացումը պայմանավորվում է էներգետիկ թանկացմամբ:

ԶՈՅԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ՀԱԿ կուսակցության անդամ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ինչ վերաբերում է վստահությանը, ապա կարծում եմ, եթե «Գազպրոմ»-ը պաշտոնապես հայտարարում է, ուրեմն պետք է վստահել: Բայց նախ պետք է իմանալ, թե ինչի դիմաց ենք մեր 20 տոկոսն իրենց տրամադրում, այդ դեպքում որքան ժամանակով կամ ինչ չափով է խոստանում իջեցնել գազի գինը: Ինձ համար անհասկանալի է մնում ռուս ընկերոջ հայտարարությունը, թե իբր գազի գինը թանկացել է միայն այն պատճառով որ Հայաստանում գնաճ է արձանագրվել:

ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր
Պատրաստեց ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս