ՄԱՐԶՊԵՏԱԿԱՆ ԽԱՂԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 22-ին Իջեւանի քաղաքային մշակույթի տանը հանդիսավոր կերպով նշվել է իջեւանցի գրող, լրագրող եւ հրապարակախոս Ռուբեն Սիմոնյանի ծննդյան 75-ամյակը: Ինչպես հայտնում են Տավուշի մարզպետարանից, հոբելյարին շնորհավորել, գնահատանքի եւ բարեմաղթանքի սրտառուչ խոսքեր են ասել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը: Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը, նկատի ունենալով Ռուբեն Սիմոնյանի ավանդը հայ գրականության եւ պատմագիտության մեջ, նրան է հանձնել Երեւանի գրողների միության հատուկ մրցանակը:
Մեծարման այս միջոցառումն արձագանք է գտել նաեւ «Ֆեյսբուք»-ում: Օգտատերերից մեկը, նկատի ունենալով, որ մարզպետ Ա. Ղուլարյանը մի քանի տարի առաջ Ռ. Սիմոնյանին ազատել է իր խորհրդականի պաշտոնից, համացանցում գրել է. «Մարդուն գործից հանում են, վիրավորում, նեղացնում, իր եկամուտի աղբյուրից զրկում, հետո էլ մեծարման երեկո անցկացնում»: Նշենք, որ Ռ. Սիմոնյանը ղեկավարում էր Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային մասնաճյուղը, սակայն 2 տարի առաջ միության ղեկավարությունը նրան ազատեց այդ պաշտոնից: Հավելենք, որ գրողի հոբելյանին բացակայում էին մարզի ստեղծագործողները՝ բացառությամբ իջեւանցի բանաստեղծուհի Լուսինե Ենգոյանի եւ Տավուշի Մարզային գրադարանի տնօրեն Սաշա Հովսեփյանի:
Սույն հոբելյանական միջոցառման հետ կապված՝ հետաքրքիր է Ա. Ղուլարյանի վարքագիծը: Վերջինս ամեն ինչ արեց, որպեսզի իր խորհրդական, իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանին ընդունել տա Հայաստանի գրողների միության շարքերը: Մեր տեղեկություններով՝ այս ուղղությամբ մարզպետի համառ խնդրանք-ջանքերը նրա համար ցանկալի արդյունք են տվել, Լ. Չիբուխչյանին ընդունել են գրական համքարության շարքերը: Մյուս կողմից էլ մարզպետը Ռ. Սիմոնյանի հոբելյանի միջոցառումից հետո ջերմ շփումների մեջ է եղել Հայաստանի գրողների միությանը որպես այլընտրանք ստեղծված Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանի հետ:




Լրահոս