«ԻՆՉ ԱՍԵՆ, ԿԱՍԻ` ՀՐԱՊԱՐԱԿԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ շարունակվում են Երեւանի քաղաքապետարանի հայտարարած՝ Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթի շուրջ քննարկումները, կարծես թե նոր զարգացում է հասունանում:
Բայց մինչ այդ մեջբերենք ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանին, որը այսպես է մեկնաբանում մրցույթին մասնակցելու շարժառիթները. «Մարդիկ հացի կարոտ են։ Մտածում են` շանս կա, եւ ոնց որ կտրոններն են ստուգում, որ ավտո շահեն, նենց էլ կարող ա պատահի՝ մի բան շահեն»: Ըստ նրա՝ եթե դա անում են, ուրեմն այդ մարդիկ, բացի «ստամոքսային մտածելակերպից», ուրիշ մտածելակերպ չունեն: Ճարտարապետի կարծիքով` հայտ ներկայացնողների մի մասն էլ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի մերձավորներն են, որոնք «իր տաշտակից ուտում են, կարո՞ղ ա պատահի՝ հրաժարվեն». «Ինքը թքած ունի Թամանյանի վրա էլ, իմ վրա էլ, ճարտարապետության վրա էլ։ Ինքը պարզապես ճիշտ պահին հայտնվել է ճիշտ տեղում։ Իրեն ասում են՝ էս ինչ բանը ոնց անենք, որ ամենաշահեկանը դուրս գանք, ինքն էլ ասում է՝ հրապարակի կենտրոնում։ Ինչ ասեն, կասի՝ հրապարակի կենտրոնում, ես մի տարբերակ ունեմ»:
Պատահական չէր, որ մենք մի քանի մեջբերում արեցինք Ս. Քալաշյանի` Երեւանի գլխավոր ճարտարապետին առնչվող խոսքից. բանն այն է, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» կազմակերպության կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր՝ Երեւան քաղաքի կենտրոնի կառուցապատման եւ դրա հետեւանքով պատմամշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացում Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի անմիջական ներգրավվածության պարագայում շահերի բախման եւ նրա կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու կամ իշխանազանցության դեպքերը բացահահայտելու նպատակով: Ն. Սարգսյանը՝ որպես Երեւանի գլխավոր ճարտարապետ, պաշտոնավարել է 1999-2004թթ. եւ 2011թ.-ից մինչ օրս զբաղեցնում է այդ պաշտոնը: Նրա օրոք ու անմիջական մասնակցությամբ սկիզբ է դրվել Երեւանի կենտրոնի խոշորածավալ կառուցապատմանը, որի շինարարական-նախագծային աշխատանքներում ներգրավված է նրան պատկանող ««Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոց» ՍՊԸ-ն…
Թեեւ դժվար է պատկերացնել, որ այդ ամենը Ն. Սարգսյանը կատարել է ինքնուրույն, առանց երկրի բարձրագույն ղեկավարության կարծիքն ու շահը հաշվի առնելու:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս