ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Այս տարի ո՞ր օրն է նշվում Վարդավառը, եւ կցանկանայի՝ մի փոքր ներկայացնեիք այդ տոնի խորհուրդը:

Սվետա Գեւորգյան (21 տարեկան, դիզայներ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից է եւ Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջեւ Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որը, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: Քրիստոսի Պայծառակերպության մասին վկայում են Մատթեւոս, Մարկոս եւ Ղուկաս ավետարանիչները. «Եվ նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը, եւ նրա զգեստները դարձան սպիտակ ինչպես լույսը: Եվ ահա նրանց երեւացին Մովսեսն ու Եղիան, որ խոսում էին նրա հետ: Պետրոսը պատասխան տվեց եւ ասաց Հիսուսին. «Տե՜ր, լավ է, որ մենք այստեղ ենք, եթե կամենաս, երեք տաղավարներ շինենք, մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի»: Եվ մինչ նա դեռ խոսում էր, ահա մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի եղավ. ամպից մի ձայն եկավ ու ասաց. «Դա՜ է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, դրա՜ն լսեցեք»: Երբ աշակերտներն այս լսեցին, իրենց երեսի վրա ընկան եւ սաստիկ վախեցան: Եվ Հիսուս մոտենալով դիպավ նրանց ու ասաց. «Ոտքի՜ ելեք եւ մի՛ վախեցեք»: Նրանք աչքները բարձրացրին եւ, Հիսուսից բացի, ոչ ոքի չտեսան»: Հայ եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը տոնում է Զատկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հայաստանյայց եկեղեցին այն կոչում է նաեւ Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաեւ միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը: Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է: Այս տարի տոնը նշվում է հուլիսի 7-ին:

Արարատյան հայրապետական թեմ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Շատ լավ է, որ նմանատիպ պատասխանների միջոցով հասարակությունը ծանոթանում է յուրաքանչյուր տոնի արարման պատմությանը: Հուսանք, որ գոնե միմյանց վրա ջուր ցողելով՝ մի փոքր կազատվենք մեր գործած մեղքերից:




Լրահոս