Armlur.am-ը շարունակում է ներկայացնել ընթերցողների կողմից ուղարկված և նրանց հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն այսուհետ կարող եք ուղարկել «Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային հասցեով` [email protected]` հասցեով կամ զանգահարել (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներով: Ձեզ հուզող հարցերի պատասխաններն կգտնեք մեր կայքում:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ հաշմանդամություն ունեցող ուսանողները ուսումնական հաստատություն ընդունվելիս որեւէ արտոնությունից օգտվելու իրավունք ունե՞ն, թե՞ ոչ։ Եվ կցանկանայի տեղեկանալ նաեւ, թե ի՞նչ աշխատաժամանակ է սահմանվում 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամներին։
Մարգարիտա Մնացականյան (54 տարեկան,տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Մնացականյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամները եւ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող երեխան այլ հավասար պայմանների դեպքում օգտվում են պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ ընդունվելու առաջնահերթ իրավունքից` վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում: Միաժամանակ հայտնում ենք, որ 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամների համար սահմանվում է աշխատաժամերի կրճատված տեւողություն՝ շաբաթական 36 ժամից ոչ ավելի:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ պետությունն ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրում է 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամներին եւ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց։ Ավելացնենք, որ բուհերում ուսանողական նպաստներ տալու մասին դիմումներն ընդունվում են յուրաքանչյուր տարվա օգոստոսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում: Ի դեպ, նպաստառու ուսանողի սոցիալական վիճակի փոփոխության դեպքում բուհի կողմից տրամադրվող ուսանողական նպաստը կարող է փոփոխվել։