«ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՒԼՏԻՊԼԻԿԱՑԻԱՅԻ PR-Ի ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՄԵԶ ՄՈՏ ԹԵՐԻ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մուլտիպլիկատոր, «Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն» անիմացիոն ստուդիայի ղեկավար Դավիթ Սահակյանցն այժմ աշխատում է նոր անիմացիոն ֆիլմերի վրա, դրանցից մեկն «Օլիմպիոնիկ»-ն է, որը պատմում է Վարազդատ արքայի` 4-րդ դարում Հին Հունաստանում ունեցած հանրահայտ հաղթանակի մասին: Դ. Սահակյանցը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է ընթացիկ աշխատանքներին, խոսել այն մասին, թե ի՞նչ է պակասում Հայաստանին` անիմացիոն մուլտերի զարգացման համաշխարհային միտումներից հետ չընկնելու համար: Նա նշել է, որ երիտասարդների շրջանում մուլտիպլիկացիայով հետաքրքրվողները շատ են, պարզապես նրանց համար ստեղծված չեն աշխատանքային պայմաններ:

-Պարո՛ն Սահակյանց, «Օլիմպիոնիկ» նոր անիմացիոն ֆիլմը, որի վրա աշխատում եք, ի՞նչ փուլում է: Լիամետրաժ այս մուլտֆիլմում կլինե՞ն հետաքրքիր լուծումներ, որոնք չեն եղել Ձեր նախկին մուլտֆիլմերում:
-Հիմա նկարահանվում են «Օլիմպիոնիկ»-ի տարբեր էպիզոդներ, դրվագներ: Այո, կլինեն հետաքրքիր լուծումներ, այս անգամ թե՛ երկխոսությունների, թե՛ կերպարների ներկայացման հարցում ավելի ազատ մոտեցում է լինելու: Նաեւ ավելի շատ կլինի եռաչափ գրաֆիկա, քան «Անահիտ»-ում: Թե երբ այն կհայտնվի էկրաններին, կախված է ֆինանսներից: Կարծում եմ` դեռ 3-4 տարի կաշխատենք այս մուլտֆիլմի վրա: Իսկ հերոսներին հայտնիներից կմարմնավորեն Արման Նավասարդյանը, Զարուհի Բաբայանը, Լիլիթ Թոխատյանը, Մկրտիչ Արզումանյանը, Ավետ Բարսեղյանը եւ այլք:
-Իսկ Վրթանես Փափազյանի «Կլոր Աստվածներ» հեքիաթի հիման վրա նկարահանվող կարճամետրաժ ֆիլմի աշխատանքները ե՞րբ կավարտեք: Այն ե՞ւս նկարահանվում է ՀՀ մշակույթի նախարարության պատվերով:
-Այո՛, պատվիրատուն նույնն է: Այս կարճամետրաժ ֆիլմը գրեթե պատրաստ է, հուսով եմ` այս տարի կհասցնենք ավարտին եւ այն կներկայացնենք միջազգային փառատոներում: Մնում է միայն՝ ձայնային լուծումները տրվեն. գումար ենք փնտրում: Նախարարությունը հատկացնում է միայն նկարահանելու գումարը, մնացածը փորձում ենք ինքներս հայթհայթել, քանի որ այդ ծախսերը նախատեսված չեն նախարարության կողմից:
-Սուղ միջոցների պատճառո՞վ:
-Կարծում եմ` դա է պատճառը. միշտ գումարը չի հերիքում, դրան գումարած շատ ընթացիկ նախագծեր կան, որոնք նույնպես գումար են պահանջում:
-Հայաստանին ի՞նչ է պակասում` անիմացիոն մուլտերի զարգացման համաշխարհային միտումներից հետ չընկնելու համար:
-Վստահորեն կարող ենք ասել, որ միջին ստուդիաների մակարդակով աշխարհից հետ չենք, այդ սանդղակում «տեղավորվում ենք»: Միակ խնդիրը հայկական մուլտիպլիկացիայի PR-ը եւ առաջխաղացումն ապահովելն է, որը մեզ մոտ թերի է արվում: Հաշվի առնելով այս հանգամանքը` մենք ընտրել ենք լիամետրաժ ֆիլմերի ֆորմատը, քանի որ դրանք ավելի հեշտ է առաջարկել այս կամ այն պրոդյուսերին: Իսկ կարճամետրաժ ֆիլմերը կարճ կյանք ունեն, ու շատ ավելի դժվար է դրանցով դուրս գալ միջազգային շուկա: Այսինքն` եթե պրոդյուսերները, դիստրիբյուտորները զարգացնեն ոլորտը, հայկական մուլտֆիլմը շատ ավելի հասանելի կլինի դրսում: Այն, ինչ մենք պատկերացնում էինք, օրինակ` «Անահիտ»-ի դեպքում, չիրականացավ. խոսքը դերասանների խոսքով ուղեկցվող թարգմանության (ոչ միայն տիտրերով) մասին է: Բայց բանն այն է, որ արտասահմանում նման թարգմանությամբ մուլտֆիլմ գովազդելու, ցուցադրելու համար էլ մեծ գումար էր պահանջվում:
-Հետաքրքիր է` մեր հարեւան Վրաստանում կամ Ադրբեջանում ոլորտը որքանո՞վ է զարգացած:
-Ես գիտեմ, որ Վրաստանում շատ թույլ է զարգացած անիմացիան, կարճամետրաժ գործեր են ստեղծվում, բայց այն, ինչ տեսել եմ, բավական թերի է, միջինից ցածր մակարդակի: Իսկ Ադրբեջանում ընդհանրապես անիմացիա գոյություն չունի. ամեն ինչ արվում է սիրողական մակարդակով: Խորհրդային տարիներին էլ այնտեղ իրավիճակը գրեթե նույնն էր, ինչ հիմա:
-Իսկ որպեսզի մեզ մոտ ավելի շատ եւ ավելի որակով անիմացիոն ֆիլմեր ստեղծվեն, բացի ֆինանսներից` է՞լ ինչ է անհրաժեշտ: Մենք մասնագետների համապատասխան ներուժ ունե՞նք:
-Կոնկրետ մեր ստուդիան մասնագետներ պատրաստելու համար բոլոր պայմաններն ունի: Այսօր երիտասարդների շրջանում մուլտիպլիկացիայով հետաքրքրվողները շատ են: Պարզապես խնդիրն այն է, որ ֆինանսներ չկան, որ կարողանանք այդ քանակի նկարիչների կանչել, սովորելուց հետո էլ նրանք չեն կարող ապահովվել աշխատանքով: Այնպես որ, ֆինանսը որ եղավ, մնացածը հեշտ կլինի կազմակերպել:

 

 

 
Ի՞ՆՉ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ «ՊՐԵՄԻԵՐԱ 3»-ՈՒՄ

«Շանթ» հեռուստաընկերության եթերում մարտի 6-ից կլինեն «Պրեմիերա 3» երաժշտական նախագծի լսումներից էպիզոդներ: Նախագծի ռեժիսոր եւ պրոդյուսեր Աննա Թադեւոսյանը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ ի տարբերություն առաջին եւ երկրորդ եթերաշրջանների՝ «Պրեմիերա 3»-ի շրջանակներում կլինեն մի քանի էական փոփոխություններ:

Առաջինն այն է, որ եթերաշրջանում կլինի լսումների փուլ. «Եթե մինչ այդ ժյուրին լավագույն 6 երգերը ընտրում էր ձայնագրություններ լսելով, ապա այժմ հեղինակները կգան եւ ժյուրիի առջեւ ելույթ կունենան, իսկ ժյուրին կասի՝ այո կամ ոչ: Այս եթերաշրջանի մյուս առանձնահատկությունն էլ այն է, որ եթե նախկինում նախագիծն ընդունում էր միայն էստրադային, փոփ ժանրի երգեր, ապա այժմ նաեւ` ժողովրդական երգեր: 6 երգիչների թվում էլ կլինեն երեք էստրադային, երեք ժողովրդական ժանրի ներկայացուցիչներ»,-տեղեկացրեց Ա. Թադեւոսյանը:
Ինչպես հայտնի է՝ «Պրեմիերա»-ն ոչ թե երգիչների, այլ երգի մրցույթ է, ուստի 6 մասնակիցներն արդեն ընտրված են` «Իքս-ֆակտոր 3» նախագծի ֆինալիստներ Ժաննա Դավթյանը եւ Հայկ Հունանյանը, երգիչ, երգահան Նիկ Եգիբյանը, «Հայ սուպեր-սթար 2» նախագծի ֆինալիստ Նարե Գեւորգյանը, «Ժողովրդական երգիչ 2» նախագծի հաղթող Հայկուհի Բաբախանյանը եւ նույն նախագծի ֆինալիստ Եվա Թաշչյանը: Մնում է միայն մասնակիցների համար առաջին լսումներից հետո առանձնացված շուրջ 150 երգից ընտրել վեց լավագույնը:
Նշենք, որ ժյուրիի կազմում փոփոխություն է գրանցվել. Անդրեին կփոխարինի Գարիկ Պապոյանը, ով հանդես կգա նաեւ որպես պրոդյուսեր: Ժյուրիի կազմը համալրում են նաեւ «Ռադիո Վան»-ի տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը, երգիչ Արսեն Սաֆարյանը եւ երգահան Գիսանե Պալյանը: Իսկ հաղորդավարը Գրիշա Աղախանյանն է: Նախագիծը եթերում կլինի մոտ երկու ամիս:
Ա. Թադեւոսյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ նախագիծը երկու հիմնական նպատակ ունի. «Մենք ունենք բազմաթիվ երաժշտական նախագծեր, յուրաքանչյուր տարի այդ ծրագրերից շատ տաղանդավոր դեմքեր են ի հայտ գալիս, իսկ հետագայում, երբ նախագծերն ավարտվում են, նրանցից քչերն են շարունակում ճանապարհը կամ դառնում հայտնի: Նրանք չեն կարողանում սեփական երգացանկ ձեւավորել, ճիշտ պրոդյուսերների հետ աշխատել, ուստի «Պրեմիերա»-ն այդ երգիչներին երկրորդ քայլն անելու հնարավորություն է տալիս: Իսկ մեր մյուս նպատակը տաղանդավոր հեղինակ-ստեղծագործողների բացահայտելն է: Նախագիծը երգահաններին, որոնք, հնարավոր է, չունեն բարձրագույն կրթություն եւ նստած են տանը, տալիս է ճանաչվելու եւ ասպարեզում հայտնվելու հնարավորություն»,-բացատրեց ռեժիսորը:
Նշենք, որ «Պրեմիերա»-ն միջազգային գրանցում ունեցող առաջին հայկական երաժշտական ձեւաչափն է:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՆՎԻՐՎՈՒՄ Է ԿԱՆԱՆՑ
Մարտի 7¬11¬ը Երեւանում անցկացվելիք «Իտալական կինոյի շաբաթը» նվիրվում է Կանանց միջազգային օրվան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»¬ը՝ մարտի 2¬ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանում Իտալիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մաուրիցիո Կրոչատելլին: Նա նշել է, որ յուրաքանչյուր օր «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվելու է 5 ֆիլմ, որոնք նկարահանվել են 2010¬14 թթ., ֆիլմերի ցուցադրությունն անվճար է: Մաուրիցիո Կրոչատելլին հույս է հայտնել, որ ինչպես անցյալ տարի, այս անգամ եւս մեծ թվով այցելուներ կունենան: Դեսպանության մշակութային ծրագրերի պատասխանատու, Երեւանի պետական համալսարանի դասախոս Լաուրա Պաչենտին, ներկայացնելով ծրագիրը, նշել է, որ ֆիլմերը նվիրված են իտալական հասարակությանը հուզող հարցերին, սակայն բոլորի կենտրոնական թեման կինն է եւ կնոջն առնչվող տարբեր խնդիրներ: «Ֆիլմերում ներկայացված է կանանց համապարփակ աշխարհը, կան տարբեր կանացի կերպարներ՝ ուժեղ, թույլ կին, մայր, սիրուհի՝ կինն իր ողջ էությամբ: Ի տարբերություն իտալական կինոյում 1980¬ական թթ. ընդունված կերպարների՝ այս ֆիլմերում կինը ներկայացված է այլ կերպ՝ զերծ հասարակության կողմից պարտադրվող ստերեոտիպերից»,¬ ասել է Լաուրա Պաչենտին: Ժամանակագրական առումով ֆիլմերի թեմատիկան ընդգրկում է 1950¬ականներից մինչեւ մեր օրերը:

 

 

ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2016 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակին հավակնելու է 376 թեկնածու՝ 2014 թվականին սահմանված ռեկորդից՝ 278 անվանակարգորդներից, գրեթե հարյուրով ավելի: Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ այս տարի մրցանակի են առաջադրվել 228 մարդ եւ 148 կազմակերպություն, ընդ որում, վերջին տարիներին անվանակարգորդ կազմակերպությունների թիվը, սովորաբար, չէր գերազանցում 50¬ը: Դափնեկրի ընտրության գործընթացը կտեւի յոթ ամիս, նրա անունը հայտնի կդառնա հոկտեմբերին:

 

 

ՄԱԴՈՆՆԱՅԻՆ ԿԱՐԳԵԼԵՆ
57-ամյա Մադոննան օրերս մենահամերգ էր տվել Միլանում, որից փոփի թագուհին կարող է անցանկալի անձ (պերսոնա նոն գրատա) ճանաչվել Ֆիլիպիններում: Բանն այն է, որ Միլանի համերգում իր երգերից մեկը կատարելու ժամանակ երգչուհին իր վրա էր գցել Ֆիլիպինների դրոշը ու մի քանի անգամ այն քարշ տվել հատակով: Ֆիլիպիններում դրոշը որպես հագուստի մաս կրելը քրեորեն պատժելի է ու նախատեսում է պատիժ՝ տուգանքի կամ մեկ տարվա ազատազրկման ձեւով: Իսկ հիմա Մալականանգը (նախագահական պալատը) պնդում է, որ Մադոննային արգելեն Ֆիլիպիններ մտնել դրոշի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով: Այդ մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղարը:




Լրահոս