ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանին` գյուղատնտեսական տնտեսությունների վարկավորման հետ կապված ընթացիկ խնդիրները քննարկելու նպատակով:
Հանդիպման ընթացքում Հակոբ Անդրեասյանը տեղեկացրել է, որ այսօրվանից բանկը պատրաստ է սկսել սուբսիդավորվող վարկերի տրամադրումը գյուղացիական տնտեսություններին` 2016 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու նպատակով:
«Քանի որ այս տարի գարնան գյուղատնտեսական աշխատանքները մոտ մեկ ամիս վաղ են մեկնարկել, ուստի ՀՀ Կառավարությունը քայլեր է ձեռնարկել, որպեսզի գյուղացիական տնտեսություններին վարկերը ևս տրամադրվեն առավել վաղ։ Սուբսիդավորվող վարկերի տրամադրման պետական ծրագիրը, որի շրջանակում այսօր տրամադրվում են մատչելի տոկոսադրույքներով` փաստացի 8 տոկոսով դրամային վարկեր, կարևոր աջակցություն է գյուղացիական տնտեսությունների համար: Մեր երկրի գյուղատնտեսության զարգացման հիմնական ուղիներից մեկն էլ գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումն է, որոնց գործունեության խթանման համար սուբսիդավորվող վարկերի տրամադրումից զատ մեծ դերակատարում կարող է ունենալ նաև առավել արտոնյալ պայմաններով վարկավորման իրականացումը», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Բանկի գործադիր տնօրենը ողջունել է այդ առաջարկը և նշել, որ Հայաստանում կոոպերատիվների շարժմանն աջակցելու նպատակով իրենք պատրաստ են առավել մատչելի տոկոսադրույքով վարկեր տրամադրել, ինչպես նաև հավելել է, որ կարող են նաև փորձի փոխանակման ծրագրեր իրականացնել հայկական կոոպերատիվների համար` առավել փորձառու ղեկավարներին գործուղել Ֆրանսիա կամ այնտեղից մասնագետներ հրավիրել Հայաստան՝ տեղում խորհրդակցություններ անցկացնելու համար:
Բանկի տնօրենը հավաստիացրել է, որ վարկերը գյուղացիական տնտեսություններին կտրամադրեն ժամանակին և կցուցաբերվի անհատական մոտեցում։
Առաջիկայում ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ միջև նախատեսվում է ստորագրել համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: