ՀՀ կառավարությունը վաղը կայանալիք նիստում կքննարկի Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին երկու հարց:
Մասնավորապես, առաջին նախագծով նախատեսվում է 2016թ. առաջին եռամսյակում առաջացող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի լրացուցիչ ամբողջ եկամուտը թողնել ընկերությանը՝ ՀՀ դրամի ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկումից առաջացած վնասների փակման և «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության կողմից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ակտիվներում ներդրումների հետ գնման ապահովման նպատակով: Վերը նշված համաձայնագրում երկրորդ փոփոխությամբ՝ ձեռք բերված համաձայնությամբ բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2016 թվականի հունվարի 1-ից սկսած մինչև 2016-ի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի համար պահպանվում է նախորդ տարվա՝ 165 ԱՄՆ դոլար չափով:
Հիմնավորման մեջ նշվում է, որ սույն արձանագրության ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, գործարար ակտիվության բարձրացման շարունակմանը: