Աճուրդի կհանեն կեղծ Սարյան. ժառանգներն անզոր են (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ մարտի 12-ին Նյու-Յորքում «Շապիրո» աճուրդատանը կայանալիք հերթական աճուրդը նվիրված է լինելու ասիական արվեստին, եւ այնտեղ ներկայացվելու է Մարտիրոս Սարյանի «Ամառային ծաղկեփունջ» նկարը, որը Վարպետը ստեղծել է 1916 թվականին: Տեղեկացվում է, որ այն նկարված է տեմպերա տեխնիկայով եւ ունի 73.5 x 53.5 սմ չափեր: Նկարի նախնական արժեքը կազմում է 40.000-60.000 դոլար: Այնինչ՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, արվեստաբան, Սարյանի թոռնուհի Ռուզան Սարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ Վարպետը նման ստեղծագործություն, առհասարակ, չունի, եւ աճուրդում ներկայացված է Սարյանի նկարների մոտիվներով կտավ, որն ընդամենը նկարչի ստեղծագործությունների նմանակման փորձ է:

12834686_1071421056248127_1735266998_n

«40-60 հազար դոլար արժողության մասին տեղեկությունն արդեն խոսում է այն մասին, որ նկարը կեղծ է. Սարյանի՝ 1916-ին ստեղծված գործը կարող էր արժենալ առնվազն 300-400 հազար դոլար: Կտավի անունն էլ հորինված է… Վատն այն է, որ Սարյանի նկարների իրական գներն են «գցում». մարդիկ կարող են կարծել, թե այդ գնով կարող են Սարյան ձեռք բերել, բայց դա այդպես չէ»,-ասաց նա:

Մեր այն հարցին, թե ինքը՝ որպես ժառանգ, իրավական հարթակում ինչ քայլեր է ձեռնարկել՝ նման զեղծարարություններից խուսափելու, իսկ կեղծողներին էլ պատժելու համար, տիկին Սարյանը պատասխանեց. «Ես հեղինակային իրավունքների ժառանգ եմ եւ կարող եմ տվյալ դեպքում ներկայացնել իմ կարծիքն ու պահանջը: Առհասարակ, եթե հեղինակավոր աճուրդները խուսափում են նման երեւույթներից, ապա մյուսներին գումար շորթելուց զատ ուրիշ ոչինչ չի հետաքրքրում: Փորձում ենք հնարավորինս պայքարել կեղծարարությունների դեմ, բայց դա շատ դժվար գործընթաց է, երբեմն ստացվում է, երբեմն ոչ: Բազում էքսպերտներ կան, որոնք կեղծարարների կողմն են բռնում, իսկ երբ փորձում ես փաստարկներ ներկայացնել, ասում են՝ դուք դրա իրավասությունը չունեք, դուք շահագրգիռ կողմ եք… Միայն պատվիրատուն եւ կեղծ նկարի վաճառքի համար կանաչ ճանապարհ հարթողը գիտի, թե ով է կեղծիքի հեղինակը, իսկ դու քանի դեռ չես կարող դա իմանալ, խնդիրը մնում է չլուծված: Այս ամենի վերջը տալն անհնարին բան է, անհնարին բան…»,- մեկնաբանեց Ռ. Սարյանը:
Նա տեղեկացրեց, որ, այնուամենայնիվ, եղել են դեպքեր, երբ իրեն հաջողվել է արգելել Սարյանի կեղծված կտավի վաճառքը. «Երկու տարի առաջ ԱՄՆ-ում աճուրդներից մեկը, իմ փաստարկների վրա հիմնվելով եւ հասկանալով, որ կեղծ Սարյան է վաճառքի հանել, վաճառված կտավի գումարը վերադարձրել է գնորդին՝ ավելորդ աղմուկից խուսափելու նպատակով: Ընդհանրապես, երբ նմանատիպ աճուրդներում Սարյան է ներկայացվում, կազմակերպիչները երբեմն դիմում են ինձ՝ խորհուրդներ հարցնելու նպատակով, իսկ եթե չեն դիմում, ուրեմն իրենց համար այդպես ավելի ձեռնտու է եւ շահավետ»,-նշեց նա:

Մենք զրուցեցինք նաեւ արվեստի քննադատ, արվեստաբան Նազարեթ Կարոյանի հետ, ով նկատեց, որ նմանատիպ դեպքերում արվեստագետի ընտանիքի եւ պետության հարաբերությունները մինչեւ վերջ ճշգրտված չեն: «Ժառանգները մի կողմից պահանջներ են ներկայացնում, նրանց համար պետության մասնակցությունը նման դեպքերում պակաս է թվում անհրաժեշտից, մյուս կողմից իրենք ստացած ժառանգության տնօրինման հարցում ուզում են ունենալ գերիշխող դիրք, ունեն խանդոտ վերաբերմունք եւ նույնիսկ զուտ հետազոտական մակարդակում մասնագետները վստահ չեն, որ իրենց հասանելի է տվյալ արվեստագետի արխիվը, մասունքները: Այդ ընտանիքներն, ի վերջո, մշակութային տնտեսություն են եւ իրենք իրենցով բացահայտում են այդ տնտեսության բնույթը, երբեմն ցույց են տալիս, որ ընտանեկան բիզնեսն աշխատող է, հանրային-հասարակականը՝ ոչ: Սեփական շահերի խնդիր կա, որոնք միշտ չէ, որ նպաստում են զարգացմանը»:

Նրա դիտարկմամբ՝ կարեւոր է նաեւ այն հանգամանքը, թե Հայաստանում որքանով է զարգացած փորձագիտության ոլորտը, եւ որքանով փորձագիտությունն ինքը կապված չէ կեղծիքի հետ. «Փորձագիտության պրոֆեսիոնալ վարկի խնդիր կա, հարց է, թե ինչպես է այդ վարկը կարողանում դիմադրել առեւտրական գայթակղություններին: Իսկ ինչ վերաբերում է մեզ մոտ էքսպերտիզայի ընձեռած հնարավորություններին, ապա մի բան գիտեմ. մարդիկ, որոնք ցանկանում են գործարքներ կատարել նույն Սարյանի հետ կապված, ապահովում են փորձագիտություն Հայաստանից դուրս՝ Մոսկվայում: Սա նշանային բան է, եթե մեր ամենամեծ նկարչի փորձագիտության կենտրոնը Հայաստանում չի, սա անկախության թերիության, եթե չասենք՝ դրա բացակայության մասին է խոսում»,-եզրափակեց Ն. Կարոյանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս