ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԶԵՆՔԻ ԽԱՆՈՒԹ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 29-ին Թումանյան փողոցում հնչած կրակոցներից հետո կայծակնային արագությամբ լուրեր տարածվեցին, որ հերթական անգամ քաղաքի կենտրոնում արձակված կրակոցների հետ առնչվում է ՀՀ ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանի որդին: Սակայն Խուդոյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում հերքեց լուրերը:
Համաձայն ՀՀ ոստիկանության պաշտոնական վարկածի` վերոնշյալ օրը՝ ժամը 04:30-ի սահմաններում, Թումանյան փողոցում նկատվել է, որ “Նիսսան պայտֆայնդեր” մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներից մեկը մեքենայի առջեւի պատուհանից եւ տանիքի արեւահարթակից ատրճանակից կրակոցներ է արձակում: Պարզվել է, որ այն իրականացրել են 1993թ. ծնված Ալբերտ Խ.-ն, 1992թ. ծնված Էրիկ Գ.-ն, 1993թ. ծնված Էդգար Ս.-ն եւ 1996թ. ծնված Մերի Ղ.-ն: Թե ինչն է եղել պատճառը, առայժմ հայտնի չէ: Միայն պարզվել է, որ դեպքի վայրից հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի կրակված 3 պարկուճ, իսկ ավտոմեքենայի տանիքից, շարժիչի կափարիչի արանքից ու առջեւի աջ մասի ոտնատակից՝ 9 մմ տրամաչափի կրակված 3 պարկուճ: Ինչպես նաեւ վարորդի նստելատեղի տակից հայտնաբերվել է անհայտ տիպի ատրճանակ` P38 9364 գրառմամբ, դատարկ պահունակով, իսկ վարորդի դռան գրպանիկից հայտնաբերվել է 26 սմ ընդհանուր երկարության գաղտնի փականով ծալովի դանակ:
Ըստ”Իմեդիա”-ի տեղեկությունների` նշված մեքենայի վարորդ Ալբերտ Խ.-ն ՃՈ երկրորդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանի եղբոր որդին է` Ալբերտ Խուդոյանը: 
Կատարվածի շուրջ “Ժողովուրդ”-ը նախ պարզաբանում ստացավ Սուրեն Խուդոյանից:
-Իմ որդին այս ամեն ինչի հետ կապ չունի: Այդ մարդը միգուցե իմ ազգանվան հետ նմանություն ունի կամ, առհասարակ, ես նայում եմ այդ տեղեկությունը՝ նշված է Խադոյան: Այս պահին որդուս հետ միասին նստած զրուցում եմ, եւ ինքը որեւէ պատմության մեջ չի ընկել:
-Լավ, ենթադրենք՝ ազգանունը համընկավ, բայց անունն էլ է համընկնում: Այս մասին ի՞նչ կասեք:
-Ի՞նչ անեմ:
-Ըստ տեղեկությունների` Ձեր հայրը՝ Ալբերտ Խուդոյանը, կատարվածից հետո նույնիսկ գնացել է ոստիկանություն եւ բոլորի ներկայությամբ ապտակել իր թոռնիկին:
-Հայրս 75 տարեկան մարդ է: Նա ոչ մի տեղ չի գնացել, այն էլ գիշերվա այդ ժամին: Այդ ով է հորինել, ինչի համար են հորինել՝ չգիտեմ: Իմ տղան նման բան չի կարող անել, եթե նա անգամ այդ ժամերին դուրս է գալիս տանից, ապա մենք ընտանիքով ենք ինչ-որ մի տեղ գնում: 
Ինչո՞վ է զբաղվում Ձեր որդին: 
-Որդիս 24 տարեկան է, մասնագիտությամբ իրավաբան: Աշխատում է ընկերոջս հետ հիմնարկում` որպես էքսպորտ-իմպորտի տնօրեն: Ամուսնացած չէ, հեսա մի ամսից էլ ամուսնացնելու ենք:
-Ձեր տղային բավական ակտիվ երիտասարդ են համարում, եւ շատերի համար զարմանալի չէր լինի, եթե նա հայտնվեր նման պատմության մեջ: 
-Շատ լավ է, որ իրեն ակտիվ տղա են ասում, բայց նա ուղղակի չի կարող իրեն նման բան թույլ տալ, չի կարող եւ վերջ: Մենք մի տան մեջ ենք ապրում, ես իր հայրն եմ եւ արգելում եմ իրեն այդ ժամին դուրսը լինել:
-Դեպքի վայրում եղած մեքենայից հայտնաբերվել են զենք, դանակ: Հետաքրքիր է՝ Ձեր տղան օրինական զենք ունի՞:
-Ո՛չ, ո՛չ, չունի: 24 տարեկան տղան օրենքով թույլատրված ի՞նչ զենք պետք է ունենա:
-Դե միգուցե ոստիկան հայրն օգնե՞լ է:
-Ո՛չ, եթե Դուք մտածում եք, որ իմ ասելով որեւէ մեկը կարող է զենք տալ, ապա սխալվում եք: Այդպիսի բաները շատ բարձր ատյաններում են որոշվում, ու արժանավոր մարդկանց են պարգեւատրում:
Թեեւ Սուրեն Խուդոյանը հերքեց որդու կապը միջադեպին, այնուամենայնիվ, զրուցեցինք նաեւ “օրվա հերոս” դարձած 24-ամյա Ալբերտ Խուդոյանի հետ:
-Ալբե՛րտ, հունիսի 29-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, որտե՞ղ եք եղել:
-Տանն եմ եղել եւ պետք է ասեմ, որ այն տեղեկությունները, որ տարածվել են… ամենակարեւորը, դա ես չեմ եղել:
-Ուզում եք ասել, որ Ձեր ընկերների հետ այդ ժամերին դրսո՞ւմ չէիք:
-Չէ՛, ընկերների հետ ուրիշ տեղ կա, ուրիշ ժամ կա, եւ հետո զանգահարում եւ ասում էին հայրիկիս, որ ինչ-որ ակումբի մոտ է եղել այդ դեպքը: Մի խոսքով, արդեն խայտառակություն է, եւ չափն անցնում են:
-Էրիկ, Էդգար, Մերի անունով ընկերներ չունե՞ք:
-Չէ՛, այդ մարդկանց չեմ ճանաչում:  
-Ըստ տեղեկությունների՝ հնչած կրակոցներից հետո, երբ բերման եք ենթարկվել, Ձեր պապիկն է եկել ոստիկանություն եւ ապտակել Ձեզ: 
-Պապիս դժվար թե տենց բան աներ, եւ նա այդ ժամին տունն է եղել:
-Ասում են, որ պապիկդ բիզնեսմեն է, ու դուք միասին եք աշխատում:
-Չէ՛, որ ասեմ՝ ինքը բիզնեսմեն է, այդպես չէ: Ես ու պապիկս իրար հետ ենք աշխատում: Հյուրանոցային համալիր ունենք (հայր Խուդոյանն այլ աշխատանքի վայր մատնանշեց-Ք.Մ.):
-Մեր տեղեկություններով՝ դուք Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցում զենքի խանութ ունեք: 
-Այո՛, ունենք, եւ այն պատկանում է մեր ընտանիքին: Ավելի ճիշտ ներկայացնեմ, որ ինքը զենք-զինամթերք չէ, այլ որսորդական պարագաների խանութ է: Զենք-զինամթերք մարդիկ, չգիտես ինչու, միշտ հասկանում են մարդասպանների զենք: Նշեմ, որ այնտեղ ես գրանցված աշխատող եմ որպես մենեջեր:
Հ.Գ. Նկատենք, որ մարդը, ով որսորդական խանութում գոնե մենեջեր է աշխատում, դժվար թե զենք չունենա: Ուստի ոստիկան հոր ձգտումները՝ որդու ուսերից հրեշտակի թեւեր կախելու, մեղմ ասած, համոզիչ չեն:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 572 համար




Լրահոս