ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ «ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ ԵՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ի «սուպեր երեքշաբթին» եւ մարտի 3-ի հանրապետականների բանավեճը Միչիգանում խելահեղ պայքարի նոր ճակատներ սահմանեցին ԱՄՆ նախագահական ընտրություններում: Խաղաղ մթնոլորտում ընթացող դեմոկրատների պայքարին հակառակ` Հանրապետական կուսակցությունում քաոսը շարունակվում է: Միմյանց հանդեպ սուր եւ անգամ անձնական վիրավորանքների հասնող քննադատությամբ հանդերձ` նախագահի պաշտոնի համար պայքարողները պատրաստակամ են սատարել ընտրողների ամենամեծ վստահությունը վայելող միասնական թեկնածուին: Մի բան, որ ՀՀ-ում շարունակաբար տեղի չի ունենում 1996թ. հետո:

«Սուպեր երեքշաբթիից» հետո պարզ դարձավ, որ Թրամփի hաղթարշավը կանգնեցնելու համար հանրապետական «բոսերի» ծրագրերը ձախողվում են մեկը մյուսի հետեւից: Այդ իսկ պատճառով խաղի մեջ ներքաշվեց 2012թ. հանրապետականների միասնական թեկնածու Միթ Ռոմնին, որին նույն շրջանում սատարում էր նաեւ Թրամփը: Վերջինիս Ռոմնին անվանեց կեղծ պահպանողական, որը հաշիվ չի տալիս իր ասածների ու արածների համար: Հանրապետականների շրջանում հեղինակավոր Ռոմնին կոչ արեց մյուս թեկնածուներին միավորվել` կասեցնելու համար Թրամփի առաջխաղացումը: Ռոմնիին միացավ նաեւ 2008թ. հանրապետական թեկնածու Ջեն Մաքքեյնը: Իսկ Առնոլդ Շվարցենեգերն էլ հանդես եկավ Քեյսիքին սատարելու հայտարարությամբ: Հանրապետական գրեթե բոլոր ուժերը ներգրավված են Թրամփի հաղթարշավը տապալելու գործում, ինչը, սակայն, ներկայիս հարցումների համաձայն` գործնական արդյունք չի տալիս:
Զգալիորեն բարդ իրավիճակ է առաջացել նաեւ 2-3 տեղերում ընթացող Քրուզի եւ Ռուբիոյի պայքարում: Վերջինս, համարվելով կուսակցական «բոսերի» ֆավորիտը, «սուպեր երեքշաբթիին» հաղթեց միայն 1 նահանգում` ի հեճուկս Քրուզի 3 նահանգներում տարած հաղթանակի: Ավելին` Քրուզը կարողացավ ջախջախել Դոնալդ Թրամփին իր հարազատ Թեքսասում, ինչը ավելի է դժվարացրել Ռուբիոյի դրությունը, քանզի վերջինս իր հարազատ Ֆլորիդայում զգալիորեն զիջում է Թրամփին: Եթե Ռուբիոն չկարողանա մարտի 15-ին Ֆլորիդայում տեղի ունենալիք քվեարկության ժամանակ հաղթել Թրամփին, ապա նա եւս ստիպված կլինի հավաքել ճամպրուկները: Իսկ 4-րդ տեղում ընթացող Օհայոյի նահանգապետ Քեյսիքն էլ ձգտում է Թրամփին հաղթել իր հարազատ նահանգում` հավակնելով դառնալ կուսակցական «բոսերի» վերջին հույսը Ֆլորիդայում Ռուբիոյի հավանական թվացող ձախողումից հետո: Նկատելի է, որ կուսակցական ղեկավարությունը լուրջ վերապահումներ ունի նաեւ Քրուզի նկատմամբ, որն ԱՄՆ սենատորների շրջանում վստահություն չի վայելում: Իրադարձությունների ընթացքը հուշում է, որ Քրուզը կարող է դառնալ Թրամփի դեմ պայքարի միավորող առանցքը:
Հարկ է հստակեցնել, որ «սուպեր երեքշաբթին» մեծացրեց Դոնալդ Թրամփի շանսերը նոյեմբերին սպասվող ընտրության ժամանակ դառնալու կուսակցության միասնական թեկնածուն: Թրամփի հաղթանակը ոչ միայն ուշագրավ է քանակային առումով, այլեւ որակական: Խնդիրն այն է, որ հանրապետականների առաջատարը մրցակիցներին հաղթում է 15-20 % առավելությամբ, ուստի նրան հնարավոր է կանգնեցնել բացառապես մեկ դեպքում, եթե մնացյալ 4 թեկնածուները միավորվեն: Իսկ միավորումն այն է, ինչ տենչում է Հանրապետական կուսկացության ղեկավարությունը: Հվ. Կառոլինայի սենատոր Լինդսի Գրեմը, որ դեռ դեկտեմբերին էր դուրս եկել ընտրապայքարից, ապա աջակցել Ջեբ Բուշին, հայտարարել է, որ հանրապետականների իրական համախմբում հնարավոր է ներկա պահին երկրորդ տեղով ընթացող Թեքսասի սենատոր Թեդ Քրուզի շուրջը: Գրեմը նկատել է, որ հուլիսին Քլիվլենդում կայանալիք Հանրապետական մեծ համաժողովի ժամանակ միասնական թեկնածու առաջադրելիս իրենք պարտավոր են ենթարկվել քվեարկողների կամքին, եւ եթե վերջնարդյունքում առաջինը լինի Թրամփը, նրա հետ չեն կարող անարդար վարվել եւ այլ թեկնածու ընտրել: Ի դեպ, Հանրապետական մեծ համաժողովի նախագահ, կուսակցության բարձրագույն ներկայացուցիչներից համարվող Ռիենս Փրայբուսն էլ, անդրադառնալով պնդումներին, թե Քլիվլենդի համաժողովում կարող են Թրամփից «գողանալ» հաղթանակը, միանշանակորեն մերժել է նման հեռանկարը: Նա եւս շեշտել է, որ եթե հաղթող դարձավ Թրամփը, նրա շուրջ էլ միավորվելու է ողջ Հանրապետական կուսակցությունը: Թրամփի շուրջ անհավանական թվացող կոնսոլիդացիան պաշտպանել են նաեւ նրա մրցակիցները` նախօրեին կայացած բանավեճի ժամանակ: Պատասխանելով Թրամփի հաղթանակի դեպքում նրան սատարելու հավանականությանը` Ռուբիոն, Քրուզն ու Քեյսիքը հավաստիացրել են, որ պարտավոր են սատարել կուսկացության միասնական թեկնածուին, ով էլ որ նա լինի:
Հետաքրքիր է, որ ՀՀ-ում միասնական թեկնածուին սատարել ստացվում է միայն իշխանական ճամբարում: Ընդդիմությունը 1998թ. ընտրություններից ի վեր երբեք հանդես չի եկել մեկ միասնական թեկնածուով` հնարավորություն ստեղծելով իշխանությունների համար բաժանել ընդդիմադիր ճամբարը եւ հաղթող ճանաչվել: Ամենացայտուն օրինակը 2003թ. նախագահական ընտրություններն են, երբ ընդդիմադիր համարվող գործիչները պարզապես մանեւրելու տեղ չունեին, եւ երկրորդ փուլ անցած Դեմիրճյանին չպաշտպանելն ինքնաբերաբար Քոչարյանին ուղղված աջակցություն էր նշանակում: Եվ այնժամ ծայրահեղ ընդդիմադիր, իսկ այսօր արդեն ՀՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչ Արտաշես Գեղամյանը հրաժարվեց սատարել երկրորդ փուլ անցած ընդդիմադիր թեկնածուին: Հետագայում պիտի Սերժ Սարգսյանը «մեկ զրո ավելի պակասի» մասին հայտարարություն աներ, որ տեղեկանայինք, թե ինչու Գեղամյանը չաջակցեց ինքնաբերաբար միասնական թեկնածու դարձած Դեմիրճյանին: Փաստ է, սակայն, որ ՀՀ-ում ընդդիմադիրները պատրաստ չեն համախմբման, իսկ ԱՄՆ-ում միմյանց կարող են անվանել դատարկախոս, ստախոս, անկիրթ, մոլեռանդ, եւ այլն, սակայն կուսակցական սկզբունքներն ու ընտրողների դիրքորոշումը անբեկանելի են ցանկացած թեկնածուի համար:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 
ՁԿՆԱԲՈՒՅԾՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ՀԱՍՑՆԵԼ ՋՐԱՌԸ

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ վերջերս իրականացված Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ուսումնասիրությունը եւս մեկ անգամ հաստատել է, որ վիճակը խիստ մտահոգիչ է: Ըստ ԱՄՆ ՄԶԳ-ի՝ ստորերկրյա ավազանների մակարդակի նվազման եւ ձկնաբուծարանների կողմից արտեզյան ջրերի չկարգավորված օգտագործման հետեւանքով Արարատի եւ Արմավիրի մարզերի մոտ 30 գյուղ մնացել է առանց խմելու եւ ոռոգման ջրի:

Սակայն ձկնաբույծները պնդում են, որ իրենք ոչ մի կապ չունեն Արարատյան դաշտի ստորեկրյա արտեզյան ջրերի պաշարների աղետալի վիճակի հետ: Խնդրի կապակցությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ բնապահպանության նախարարություն, որտեղից մեզ պատասխանեցին հետեւյալը. «Արարատյան արտեզյան ավազանում առաջացած խնդիրը բազմագործոն է՝ կապված ջրային ռեսուրսների անարդյունավետ օգտագործման հետ բոլոր բնագավառներում… Խնդիրն առավել սրվեց 2007-ից հետո, երբ աննախադեպ ծավալներով սկսեցին զարգանալ ձկնաբուծական տնտեսությունները. տեղի ունեցան ինչպես խորքային հորերի ապօրինի հորատումներ, այնպես էլ օրինական հորերի գերշահագործում»: Հիշեցնենք, որ 2007թ մինչեւ 2014թ ՀՀ ԲՆ նախարար էր Արամ Հարությունյանը: Ստացվում է, որ ԲՆ-ի այժմյան ղեկավարությունը խոստովանում է, որ հենց Հարությունյանի պաշտոնավարման տարիներին է Արարատյան դաշտավայրում ստեղծվել նման աղետալի վիճակ:
Ըստ ԲՆ-ի՝ 2013-ի սեպտեմբերի 6-ին մշակվել է Արարատյան դաշտում գոյություն ունեցող ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման աշխատանքների իրականացման պլան` առաջնահերթությունը տալով ձկնատնտեսություններում առկա հորերին: 2014-2015թթ ընթացքում ԲՆ նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարականով Արարատյան արտեզյան ավազանի ստորգետնյա ինքնաշատրվանող ապօրինի խորքային հորերի լուծարման, կոնսերվացման եւ կարգաբերման աշխատանքների արդյունքում խնայվել է 41867.8 լ/վրկ կամ տարեկան 1մլրդ 320.3 մլն մ3 ջուր:
2016-ին ՀՀ կառավարություն է ներկայացվել նաեւ Արարատյան ջրավազանային կառավարման պլանի նախագիծը, որը թույլ կտա հետագայում արդյունավետ կերպով իրականացնել ստորերկրյա ջրային պաշարի կառավարումը: «Ժողովուրդ»-ը ԲՆ-ից տեղեկացավ, որ ձկնաբուծական տնտեսությունների առջեւ խնդիր է դրվել չվնասել իրենց տնտեսության զարգացման հեռանկարները, ներդնել ջուր եւ էներգիա խնայող ժամանակակից տեխնոլոգիաներ՝ նվազագույնի հասցնելով իրականացվող ջրառը, ինչպես նաեւ օգտագործել ջրի ծախսը հսկող ավտոմատ համակարգեր: Արդյոք ԲՆ-ի առաջարկին կհամաձայնեն ձկնաբույծները, ցույց կտա ժամանակը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԱՆՕԳՈՒՏ ՁԵՌՆԱՐԿ
Նախօրեին Իջեւան քաղաքի Անկախության 40 հասցեում անցկացվել է «Երիտասարդության հնարավորությունները տեղական աշխատաշուկայում» խորագրով աշխատանքի տոնավաճառ: Այն կազմակերպել է «Գործընկերություն եւ ուսուցում» ՀԿ-ն՝ Իջեւանի զբաղվածության տարածքային կենտրոնի ու մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի աջակցությամբ: Տավուշի մարզպետարանից տեղեկացանք, որ միջոցառման ընթացքում թափուր աշխատատեղեր ներկացնող 15 գործատուներ էլեկտրոնային ցուցադրության, տեղեկատվական նյութերի, իրենց արտադրանքի ցուցադրության միջոցով ներկայացրել են գործունեության բնագավառները, իրենց մոտ առկա թափուր աշխատատեղերը, աշխատանքի պայմանները: Վերջին տարիներին Իջեւանում աշխատանքի 3 տոնավաճառ է կազմակերպվել, որոնք զգալի թվով աշխատատեղեր ստեղծելու առումով շոշափելի արդյունք չեն ապահովել: 2012թ. Իջեւանում աշխատանքի տոնավաճառի ժամանակ Դիլիջանի մեղվաբուծական ՍՊԸ-ներից մեկի տնօրենը ներկայացրել էր իր կողմից հրատարակվող «Մեղվի քաղաք» ամսագրի խմբագրի թափուր աշխատատեղի հայտ: Անցած 4 տարում այդպես էլ չենք տեսել այդ ամսագրի որեւէ օրինակ, թեեւ հետեւում ենք Տավուշի մարզում լույս տեսնող բոլոր պարբերականներին: 2012թ. այդ տոնավաճառի ժամանակ «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ն ներկայացրել էր 26 թափուր աշխատատեղի հայտ: Սակայն Իջեւանի բենտոնիտի կոմբինատն ինչպես անցած տարիներին, այնպես էլ հիմա արտադրական բնականոն գործունեություն չի իրականացնում, աշխատում է ընդմիջումներով, երբ արտերկրից բենտոնիտի փոշու որոշակի պահանջ է լինում: Այս օրինակներից էլ կարելի է ենթադրել, որ այդ տոնավաճառներում առաջարկվող աշխատատեղերը միշտ չէ, որ իրական եւ խոստումնալից են լինում: Ի վերջո, Տավուշի մարզում արտադրական մեծ ձեռնարկություններ չկան, իսկ սպասարկման ոլորտներում, փոքր ձեռնարկություններում աշխատանքի ընդունելիս գործում է «խնամի, ծանոթ, բարեկամ» սկզբունքը: Աշխատանքի տոնավաճառները ռեսուրսների եւ ժամանակի ոչ արդյունավետ օգտագործման օրինակ են. դրանց արդյունքում սակավաթիվ աշխատատեղեր են ստեղծվում: Մինչդեռ դրանց անցկացման ծախսերը հոգալու համար Համաշխարհային բանկի վարկային ծրագիրն ավելացնում է ՀՀ-ի առանց այն էլ ծանր վարկային բեռը:

 

ԱՌԱՆՑ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ
Հայտարարվել է, որ մարտի 6-ին ՀՀ 7 մարզերում, այդ թվում Տավուշում, կդադարեցվի հեռուստատեսային հաղորդումների անալոգային հեռարձակումը: ՀՀ կառավարության 2015թ. դեկտեմբերի 24-ի որոշմամբ հեռուստատեսային հաղորդումների թվային ընդունող սարքերն անվճար տրամադրվել են միայն ընտանեկան նպաստ ստացող ու կարիքավորության համակարգում 34.6 եւ ավելի բարձր գործակից ունեցող ընտանիքներին: Այդ որոշմամբ Տավուշի մարզում անվճար դեկոդերներ ստացել են նպաստառու ընտանիքների մոտավորապես մեկ երրորդը: Մինչդեռ սահմանամերձ մարզում ընտանեկան նպաստառու, սակայն կարիքավորության ոչ այնքան բարձր միավոր ունեցող եւ սոցիալապես ոչ բարվոք, սակայն նպաստ չստացող հարյուրավոր ընտանիքներ մինչեւ հիմա չեն կարողացել գնել թվային ընդունող սարքեր: Նրանք մարտի 6-ին կնայեն մութ էկրանին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս