Վերահսկիչ պալատը սոցապ նախարարությունում չարաշահումներ է բացահայտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերահսկիչ պալատը 2015թ.-ի սեպտեմբերի 22-ից մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 30-ը վերահսկողություն է իրականացրել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի «Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ում եւ «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամում, որտեղ բազմաթիվ չարաշահումներ է հայտնաբերել:

Վերահսկողության առարկան է եղել սոցապ նախարարությունում օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից ՀՀ-ին տրամադրված դրամաշնորհային միջոցների եւ դրանց շրջանակներում պետական բյուջետային միջոցների օգտագործումը: Այսպես՝ դեռեւս 2012-2013թթ. եւ 2014-2015թթ. «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամը՝ ԿՀԻԿ-ը, դրամաշնորհի 2 ծրագրերով ստացել է ավելի քան 145 մլն դրամ:

ՎՊ-ի կողմից ուսումնասիրվել են ԿՀԻԿ-ի աշխատակիցներին 2012-2015թ. վճարված աշխատավարձերը եւ մասնագետների հետ կնքված պայմանագրերը, ինչի արդյունքում պարզվել է, որ վարորդ լոջիստիկի, գործավար-վարչական գծով օգնականի եւ երկու թեժ գծի օպերատորների հաստիքները հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված հաստիքացուցակում չկան: Ավելին՝ վերջին երկուսը՝ թեժ գծի օպերատորները, 2014 թվականի մայիսի 1-ից մինչեւ 2015 թվականի մարտի 31-ը, փաստորեն, հիմնադրամի կողմից վարձատրվել են այլ կազմակերպության` սոցապ նախարարության «Նորք» ՏՎԿ աշխատանքների կատարման համար, քանի որ թեժ գիծը պատկանում է այդ կենտրոնին: Հիմնադրամի որոշ աշխատողների վճարվել է հնարավորինս բարձր աշխատավարձ՝ 453 հազար դրամից մինչեւ 1 մլն 482 հազար դրամ:

Ուսումնասիրվել է նաեւ ԿՀԻԿ հիմնադրամի կողմից վառելիքի գնման եւ բաշխման գործընթացը: Ըստ այդմ, 2012-2013թ. եւ 2014-2015թ. ծրագրերով գնվել է համապատասխանաբար 2900 եւ 5500 լիտր բենզին, ընդհանուր 3 մլն 851 հազար դրամ գումարով, որը չի մուտքագրվել հիմնադրամի պահեստ, չի ձեւակերպվել որպես ապրանքանյութական արժեք եւ չի ելքագրվել: Չի կատարվել նաեւ վառելիքի բաշխում, չկան վառելիքի օգտագործումը հիմնավորող փաստաթղթերը, թե որ մեքենային ինչքան է տրվել վառելիքը, մեքենայի ուղեգրերը, մեքենայի կատարած վազքը եւ այլն: Բացի այս՝ ՎՊ-ն պարզել է, որ 2012-2013թ. եւ 2014-2015թ. երկու դեպքով 800 հազար դրամ եւ 1 մլն 10 հազար դրամ ծախսով գործուղումները չունեն հրամաններ:

Մի շարք ընկերությունների հետ կնքվել են պայմանագրեր, որոնցով դրանք պետք է հիմնադրամին մատուցեին տեղեկատվական ծառայություններ, աջակցեին կենսաթոշակային բարեփոխումներին նվիրված միջոցառումների լուսաբանմանը, պատրաստեին տեղեկատվական հոլովակներ եւ հեռուստահաղորդումներ: Հարկ է նշել, որ հիմնականում պայմանագրերը կնքվել են՝ անտեսելով «Գնումների մասին» ՀՀ օրենքը՝ առանց մրցույթի: «Ալֆա կապիտալ» ՍՊԸ-ին վճարված 1 մլն 700 հազար դրամից /20 րոպե տեւողությամբ տեսահոլովակի արժեքը/ 170 հազար 800 դրամը /2.01 րոպեի արժեքը/ ենթակա է վերականգնման, քանի որ 20 րոպեանոց տեսահոլովակի փոխարեն պատրաստվել է 17.59 րոպեանոց տեսահոլովակ:

Հիմնադրամի եւ Անահիտ Մուրադյանի միջեւ 2012-ին կնքվել է պայմանագիր՝ համաձայն որի վերջինիս վճարվել է մոտ 1 մլն 300 հազար դրամ՝ գրաֆիկական դիզայնի ծառայություն մատուցելու համար: Սակայն պարզվել է, որ գրաֆիկական դիզայնի ծառայությունների մատուցման կատարողական ակտ չի կազմվել, չի նշվել կատարված աշխատանքների քանակն ու ծավալը, եւ գումարը վճարվել է միայն Անահիտ Մուրադյանի հաճախումների հիման վրա:

Հիմնադրամի եւ Արման Սարգսյանի, ինչպես նաեւ Սերգեյ Սուքիասյանի միջեւ 2012-ին կնքվել են պայմանագրեր՝ համաձայն որոնց նրանց վճարվել է մոտ 1.5 մլն դրամ, ՀՀ կենսաթոշակային համակարգի իրազեկման եւ ֆինանսական գիտելիքի տրամադրման ծառայությունների` տնտեսագիտական համալսարանում կենսաթոշակային նոր համակարգի ներդրման համար: Բայց պարզվել է, որ հիմնադրամի կողմից սահմանված աշխատանքների նկարագիրը, որը հանդիսանում է պայմանագրերի անբաժանելի մաս հանդիսացող հավելված, կազմված չէ: Կազմված չեն նաեւ աշխատանքների կատարման կատարողական ակտերը, չկան աշխատանքների կատարման հանձնման-ընդունման ակտերը:

Հիմնադրամը կրկին 2012-ին «Լակոնի» ՍՊԸ-ին է փոխանցել ընդհանուրը 748 հազար 300 դրամ տեղեկատվական նյութերի տպագրության համար: ՎՊ ուսումնասիրությունից պարզվել է, որ գործարքը կատարվել է բանավոր պայմանավորվածության հիման վրա, առանց նախօրոք կողմերի միջեւ պայմանագիր կնքելու: Չի կազմվել աշխատանքների հանձնման-ընդունման ակտ: Տպագրված տեղեկատվական նյութերը չեն մուտքագրվել հիմնադրամ եւ չեն ելքագրվել: Տեղեկատվական նյութերի վրա նշված չէ տպաքանակը եւ տպագրող ընկերության անվանումը:

Հիմնադրամը տարբեր վճարման հանձնարարագրերով «Վամիր», «Զարտպրինտ», «Նուշիկյան Ասոցիացիա» ՍՊԸ-ներին եւ «Մարիա Դավթյան» ԱՁ-ին փոխանցել է ընդհանուր մոտ 2 մլն 400 հազար դրամ տեղեկատվական նյութերի, պաստառների, բաներների տպագրության համար: Ուսումնասիրությունից պարզվել է, որ գործարքները կատարվել են բանավոր պայմանավորվածության հիման վրա, առանց նախօրոք կողմերի միջեւ պայմանագիր կնքելու: Այս դեպքում նույնպես բացակայել են տպաքանակը եւ տպագրող ընկերության անվանումը:  ՎՊ-ն պարզել է նաեւ, որ 2011-2015թ. ընկած ժամանակահատվածում հիմնադրամում աուդիտ չի իրականացվել:

Թե ինչ ընթացք կստանա չարաշահումների եւ խախտումների այս երկար ցուցակը, եւ արդյոք որեւէ մեկը պատասխանատվության կենթարկվի, պարզ կդառնա առաջիկայում: Թեեւ եղած փորձը հաշվի առնելով` դժվար է այս հարցում թերահավատ չլինել: Ամեն դեպքում փոշիացված պետական միջոցների վերադարձի մասին հազիվ թե կարելի է մտածել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս