ArmLur.am-ը ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ այսօր Ադրբեջանի «ագիտպրոպը», օգտագործելով հանրությանը հերթական անգամ մոլորեցնելու սեփական մարտավարությունը, տեղեկություն տարածեց առ այն, թե իբր հայկական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությանն ի պատասխան ադրբեջանական զինուժը դիմել է պատժիչ քայլերի և շարքից հանել «շուրջ 15 դիվերսանտների և մի քանի ռազմական տեխնիկա»:
Հատկանշական է, որ Բաքվի քարոզիչները նշում են նաև գործողության ընթացքում իրենց կողմից կիրառված ծանր հրետանու և անօդաչու թռչող սարքերի մասին: Որ իրականում մարտի 10-ի լույս 11-ի գիշերը հակառակորդը ձեռնարկել է և՛հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ, և՛ կիրառել հրետանի, դա փաստ է և այդ մասին արդեն համապատասխան տեղեկություն տարածվել է ԼՂՀ ռազմական գերատեսչության մամլո ծառայության կողմից: Իսկ ինչ վերաբերում է հայկական կողմին հասցվածվնասներին և հատկապես 15 զոհերին, ապա դա ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական քարոզիչների կողմից հերթական անգամ ցանկալին իրականի փոխարեն մատուցելու հորինվածք: