Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանին առաջարկ է արել, ապա՝ խոստում տվել. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախկին ՕԵԿ նախագահ, նախկին ԱԽՔ, ներկայում նորաստեղծ «Հայկական Վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանին առաջարկել է իրեն դիտարկել 2018 թվականի ՀՀ նախագահի հավանական թեկնածուների շարքում։

Այդ պաշտոնին նաև հավակնում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որը 2018 թվականին թոշակի անցնելու պատճառով թողնելու է ՍԴ նախագահի աթոռը։ Արթուր Բաղդասարյանը, սակայն, գտնում է, որ իր շանսերն ավելի մեծ են, որովհետև» երիտասարդ է։ Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնի է, վերջին շրջանում առավելությունը տալիս է երիտասարդությանը։

Փոփոխված Սահմանադրությամբ 2018-ին նախագահն ընտրվելու է խորհրդարանի կողմից՝ խիստ սահմանափակ լիազորություններով։ Ճիշտ է, քաղաքական այլ պաշտոնների դեպքում Բաղդասարյանին դժվար է երիտասարդ համարել, բայց «Անգլիական թագուհու» դերի համար նա բավական թարմ է։ Մեր տեղեկություններով, Բաղդասարյանը խոստացել է Սարգսյանին, որ ոչ մինչև 2017 թվականը և ոչ դրանից հետո իր ղեկավարած կուսակցությունն անակնկալներ չի մատուցի։ «Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական մասի ղեկավար Է. Առաքելյանը երեկ այս աոիթով «ՀԺ»-ի հետ զրույցում պնդում էր, թե Արթուր Բաղդասարյան-Սերժ Սարգսյան հանդիպում առհասարակ չի եղել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս