Տեսել են՝ որտեղ ինչից են նեղվել, հիմա փորձում են ի շահ իրենց նոր բաներ անել. Հեղինե Բիշարյանը` նոր ԸՕ-ի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կայացավ արդարադատության նախարարության կողմից կազմակերպված ընտրական նոր օրենսգրքի հանրային քննարկումը, որին ներկա էին բազմաթիվ քաղաքական ուժեր՝ թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանամետ, ինչպես նաեւ քաղհասարակության ներկայացուցիչներ եւ օտարերկրյա դիվանագետներ:

Նոր ԸՕ նախագծի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հետ:

-Տիկի՛ն Բիշարյան, անցած ամիսներին ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, այդ թվում եւ Դուք բազմաթիվ առաջարկություններով հանդես եկաք` կապված նոր ընտրական օրենսգրքի հետ: Այժմ երբ սկսվել են նոր ԸՕ-ի լայնամասշտաբ քննարկումները, ի՞նչ եք կարծում՝ ընդդիմության առաջարկությունները կարո՞ղ են ընդունվել:

-Երբ մենք խոսում էինք, որ նույնականացման քարտերով արդեն ՏԻՄ-երում եղել են ընտրություններ, եկեք այնպես անենք, որ հանրաքվեին դա չկրկնվի, նրանք՝ որպես քաղաքական մեծամասնություն, բերեցին, օրենքից այդ արգելող հոդվածը հանեցին եւ գնացին հանրաքվեի` նույնականացման քարտերով քվեարկության: Եվ ստացվեց, որ այդ քարտերով, առանց հասցե քաղաքացին որտեղ ուզեց, այնտեղ էլ գնաց քվեարկության, եւ դրա համար բազմաթիվ խախտումներով անցավ հանրաքվեն: Հիմա մենք ասում ենք, եթե ժամանակի խնդիր ունենք, ապա նախ պետք է քաղաքական թիմերին ընդգրկենք. միասին կարող ենք աշխատել այս նախագծի վրա, որը բազմաթիվ մտահոգություններ է առաջ քաշել:

-Կոնկրետ ո՞ր դրույթների հետ են կապված Ձեր մտահոգությունները:

-Մեր մտահոգություններից է էլեկտրոնային այս տարբերակը, որը կիսալուծումներ ունեցող մի շղարշ է, եւ որով նորից գնալու ենք կեղծիքների: Էլեկտրոնային տարբերակով համակարգչի մեջ ամբողջ ինֆորմացիան լցնում են, ով է լցնում, ով է երաշխավորված այդ անելո,ւ եւ դա, արդյոք, նույն ցուցակը չի լինելու… Ակնհայտ է, որ որեւէ բան չի փոխվելու, եւ որեւէ լրջագույն աշխատանք այս փոփոխություններով չի կատարվում: Եւ հետո՝ ինչու պետությունը իր կողմից մոտավորապես 2000 տեսախցիկ չի օգտագործում՝ ամբողջ ընտրատեղամասերը նկարահանելու համար: Անընդունելի է նաեւ, որ սահմանափակել են լրագրողների մուտքը տեղամասեր` ասելով, թե իբրեւ խոչընդոտում են, բայց ես վստահ եմ, որ լրագրողները միշտ աջակցել են, եւ ոչ մեկը աշխատանքը չի խոչընդոտել: Դրեք տեսախցիկներ, թող լրագրողները, քաղաքացիները, մտահոգ մարդիկ ուղիղ հետեւեն ամբողջ գործընթացին: Եթե գնում ենք այդ փուլին, պետք է հաշվի առնենք, որ էլեկտրոնային գրանցման տարբերակով կարող ենք մենք ունենալ քաղաքացիներ, որոնք ի վիճակի չեն լինի ընկալելու: Ստացվում է այնպես, որ նրանց մեկը պարդադիր պետք է մոտենա, ուղղորդի, թե ինչպես գրանցվի, թերթիկը ստանա եւ հետո ինչպես քվեարկի: Սա նշանակում է, որ մենք ավելորդ ինչ-որ օղակ ենք ստեղծել, որը չի լուծում խնդիրը: Կարծես թե իրենց ընտրական պրոցեսների արդյունքում տեսել են՝ որտեղ ինչից են նեղվել, հիմա փորձում են ի շահ իրենց նոր բանել անել, ուրիշ ոչ մի բան:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Արփինե Թովմասյան, Հովսեփ Հովսեփյան

 




Լրահոս