ArmԼur.am-ը շարունակում է ներկայացնել ընթերցողների կողմից ուղարկված և նրանց հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն այսուհետ կարող եք ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներով: Ձեզ հուզող հարցերի պատասխաններն կգտնեք մեր կայքում:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե աշխատանքային ստաժի հաստատման համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:
Սուսաննա Միրզոյան (67 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Միրզոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ փաստաթուղթ, 1992 թվականի հունվարից մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը` նաեւ սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը: Աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ աշխատանքային ստաժում հաշվառվում է օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի ընդունումից մինչեւ ազատման օրն ընկած ամբողջ ժամանակաշրջանը՝ տարին, ամիսը, օրը, անկախ այն բանից, թե անձը քանի տեղ է աշխատել: Ընդ որում, հաշվառվում են յուրաքանչյուր աշխատատեղում աշխատած ժամանակաշրջանի տարին, ամիսը, օրը, այնուհետեւ գումարվում իրար: