Ընդդիմադիրները ՏԻՄ ընտրություններին չեն մասնակցի. ակտիվ են միայն Հրազդանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 17-ին ՀՀ մի շարք մարզերում կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրման վերջնաժամկետը մարտի 13-ին է, սակայն մինչ օրս Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռիի, Կոտայքի եւ Վայոց ձորի մարզերում ընդդիմադիր քաղաքական ուժերը, բացառությամբ մեկ-երկուսի, թեկնածուներ չեն առաջադրել:

«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է մի քանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ` պարզելու համար, թե, ի վերջո, ՏԻՄ ընտրություններին նրանց կողմից թեկնածուներ առաջադրվելու են, թե ոչ:  ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, անդրադառնալով առաջիկա ՏԻՄ ընտրություններին ՀԱԿ-ի մասնակցությանը, ասաց. «Մենք առաջադրում չունենք: Բայց մեր հանձնաժողովների բոլոր անդամները լինելու են տեղերում, մենք ակտիվ պահպանելու ենք օրինականությունը եւ թույլ չենք տալու որեւէ կեղծիք լինի»:

Ինչ վերաբերում է արդեն աշնանը կայանալիք Գյումրիի և Վանաձորի քաղաքապետի ընտրություններին, Արամ Մանուկյանը նշեց, որ այստեղ վճռորոշ դեր է խաղալու ընտրական նոր օրենսգիրքը: «Բոլոր տարածքային կառույցներում քննարկում ենք մեր մասնակցության ձեւը, չափը, մոտեցումները, բայց շատ բան կախված է ընտրական նոր օրենսգրքի նախագծի բարեփոխումից: Այսինքն՝ ընտրական օրենսգիրքը եթե մնա այսպիսին, ապա լրիվ ուրիշ վիճակ է լինելու: Մենք կփորձենք բարելավել ընտրական օրենսգիրքը եւ այդ դեպքում կորոշենք»- հավելեց նա:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ Տիմ ընտրություններին կուսակցության մասնակցության վերաբերյալ ասաց. «Առաջադրումների հետ կապված առաջիկա օրերին մենք քննարկումները կավարտենք եւ մեր տեսակետը կներկայացնենք: Ընդհանրապես ԲՀԿ-ի սկզբունքը հետեւյալն է՝ ԲՀԿ-ի հանձնաժողովների անդամները ստացել են եւ ստանալու են մեկ հանձնարարական՝ բոլոր տեղերում ապահովել ազատ եւ արդար ընտրություններ»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւս մեզ հետ զրույցում նշեց., որ իրենք ակտիվ են լինելու առաջիկա ՏԻՄ ընտրությունների ժամանակ, բայց ոչ թե առաջադրումների, այլ ընտրական հանձնաժողովներում տարվելիք աշխատանքի առումով «Այս ՏԻՄ ընտրություններին չենք առաջադրվելու, բայց մասնակցելու ենք շատ ակտիվ, այսինքն՝ հանձնաժողովներում հնարավորինս փորձառու եւ ազնիվ անդամների ենք նշանակելու: Իսկ սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին, թեեւ դեռ որոշում չի կայացվել, բայց, ամենայն հավանականությամբ, կմասնակցենք Գյումրիում եւ Վանաձորում»:

«Ժողովուրդ»-ն Աժ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանից էլ հետաքրքրվեց՝ արդյոք Հրազդանում քաղաքապետի թեկնածու առաջադրված Արթուր Միսակյանից բացի՝ ՕԵԿ-ին փոխարինած «Հայկական վերածնունդ»-ից այլ թեկնածուներ էլ են առաջադրվելու առաջիկա ՏիՄ ընտրություններում: «Ժամանակին «Օրինաց երկիր» կուսակցությունն ակտիվորեն մասնակցել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Մենք շատ ենք կարեւորում այդ ընտրությունները մեր երկրում:

Հիմա էլ «Հայկական վերածնունդ» կուսակցությունն է ակտիվորեն մասնակցելու ՏԻՄ ընտրություններին` կարեւորելով այդ ընտրությունները: Ընտրություններից առաջ մենք անդրադառնում ենք թեկնածուներին մինչեւ գրանցումը: Այս պահի դրությամբ միայն Արթուր Միսակյանի թեկնածությունն է առաջադրվել Հրազդանում: Եթե եղան այլ թեկնածուներ, մենք անպայման կանդրադառնանք: Բայց հիմնական ընտրությունները պետք է լինեն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, եւ ժամանակ դեռ շատ կա: Մենք պարբերաբար կանդրադառնանք եւ կտեղեկացնենք: Դա պետք է «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման մարմինը որոշի»:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս