Ընտրական օրենսգրքի նոր նախագծի հանրային քննարկումներն արդեն սկսվել են և ակնհայտ է` ընդդիմությունը ներկայացված փոփոխությունները դրական չեն համարում, իսկ ներկայացված նախագիծն էլ ավելի հետընթաց են համարում: Ընդդիմության և քաղհասարակության ներկայացուցիչները շարունակում են պնդել` նախագիծը չի վերացնում ընտրակեղծիքները, այլ հակառակը` կեղծիքներ իրականացնելու ավելի լայն հնարավորություններ է ստեղծում:
Օրինակ, «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, երեկ հրավիրված քննարկման ժամանակ անընդունելի համարեց նախագծում տեղ գտած պահանջը, ըստ որի կուսակցությունները համապետական ցուցակից բացի ընտրատարածքներում առաջադրում են նաև թեկնածուների ցանկ։
Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ անընդունելի է համարում այն հանգամանքը, որ կուսակցության և ընտրատարածքային թեկնածուների մանդատները բաշխվելու են հավասարապես։ Նրա խոսքով, 100 տոկոսանոց համամասնականի փոխարեն ԱԺ-ի 50 տոկոսը կզբաղեցնեն մեծամասնականով ընտրված պատգամավորները և այդ դեպքում համամասնականի մասին խոսելն ուղղակի անիմաստ է:
Ընդդիմադիրներին անհանգստացնում է նաև տեղամասերում էլեկտրոնային գրանցման մեխանիզմի ներդրումը։ Էլեկտրոնային համակարգն, ըստ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի, չի բացառում կրկնակի քվեարկությունները:
Օրենքի համահեղինակ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այս նորամուծությունն առաջընթաց է համարում: Նա համամիտ չէ նաև ընդդիմախոսների պնդումներին համամասնականի հետ կապված և վստահ է՝ առաջարկվող մոդելը 100 տոկոսանոց համամասնական է․:
Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ավելի կտրուկ գտնվեց և առաջարկեց ընդհանրապես չեղյալ համարել միայն իշխանության ներկայացուցիչների կողմից մշակված նախագիծը: Նա առաջարկեց շահագրգիռ բոլոր ուժերի ներգրավմամբ նոր աշխատանքային հանձնաժողով ձևավորել։
Քաղհասարակության ներկայացուցիչներն ու ընդդիմադիրները մտահոգիչ են համարում նաև ընտրատեղամասերում մ դիտորդների ու ԶԼՄ ներկայացուցիչների սահմանափակման փաստը: Նշենք, որ ըստ նախագծի՝ տեղամասում միևնույն ժամանակ չեն կարող լինել 8-ից ավելի լրագրողներ ու դիտորդներ: Այս փաստը նրանք համարեցին իրավունքների խախտում, իսկ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն էլ ընդունեց, որ դիտորդների ու լրագրողների սահմանափակումը լավագույն լուծումը չէ, սակայն ընդգծեց, որ դրույթն ավելացել է հաշվի առնելով նախորդ ընտրությունները:
Նաիրա Հովհաննիսյան