Ով է երկրորդ մեղադրայալը. նոր զարգացումներ ծննդկանի և երեխայի մահվան գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը դեռես 2015 թվականի փետրվարի 13-ին գրել էր, որ ծննդկան Մերի Մարգարյանի գործով «Շենգավիթ» ԲԿ-ի բժիշկ Շուշանիկ Բախշյանից բացի, այլ բժիշկների եւս մեղադրանք կառաջադրվի: Երեկ հայտնի դարձավ՝  ծննդկանի մահվան գործով  երկրորդ մեղադրյալն է ներգրավվել:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հուլիսի 27-ին մահացած ծննդկան Մերի Մարգարյանի հարազատները մեղադրում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժիշկներին: Եվ դեպքից 6 ամիս անց ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բաշխյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով` բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ: Այս հոդվածով նախատեսվում է ազատազրկում 2-6 տարի ժամկետով:

Նշենք, որ տուժող կողմը միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի Շուշանիկ Բախշյանից բացի՝ ԲԿ-ի այլ բժիշկներ եւս պատասխանատվության ենթարկվեն: Միջնորդության հիմքը եղել է փորձագետների գնահատականը, որոնք կատարվածում Շուշանիկ Բախշյանից բացի՝ այլ բժիշկների թերացման մասին են փաստել: Եվ այս ամենի արդյունքում տուժող կողմը միջնորդություն էր ներկայացրել նախաքննությունը իրականացնող մարմնին` խնդրելով բացի Շուշանիկ Բախշյանից՝ եւս 4 բժիշկների պատասխանատվության ենթարկել:

Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ միջնորդության մեջ նշվել է հուլիսի 25-ին հերթապահ բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանի, բաժանմունքի վարիչ Աշոտ Սիրունյանի, հուլիսի 26-ի հերթապահ բժիշկ Տիգրան Սարգսյանի  եւ բուժգծով գլխավոր տնօրեն Դավիթ Մխիթարյանի անունները: Սակայն նախաքննություն իրականացնող մարմինը դեռ միայն Անի Բաբելյանին ներգրավեց ծննդկանի գործով որպես մեղադրյալ:

Թե ինչ է սպասվում մյուս բժշկներին, ապագայում կերեւա:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մերի Մարգարյանի մահվան գործով պաշտպան Մարինե Թովմասյանը հաստատեց մեր տեղեկությունը, որ Շուշանիկ Բաշխյանից բացի՝ իրենք վերոնշյալ բժիշկների պատասխանատվության ենթարկելու հարցը եւս բարձրացրել են. «Եթե անհրաժեշտություն առաջանա, եւս մեկ անգամ լրացուցիչ փորձագիտական քննություն նշանակելու, պիտի դա էլ արվի, որպեսզի երեք բժիշկների թերացումը հստակեցվի: Մենք որեւէ առարկություն չունենք»:

Ի դեպ, նշենք, որ Աշոտ Սիրունյանի հորեղբոր տղան փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն է, իսկ, ահա, փաստաբանը պաշտպանում է այս գործով մեղադրյալ  Շուշանիկ Բախշյանի շահերը:

 Քնար Մանուկյան




Լրահոս