ՀԷՑ-Ի ԴԵՄ ԲՈՂՈՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի էներգետիկ համակարգը փաստացի դարձել է մի կթու կով, որի կաթից օգտվում են միայն իշխանության ղեկին գտնվողները, բայց վերջնահաշվարկում դրա դիմաց վճարում է ՀՀ բնակչությունը, կամ այլ կերպ ասած՝ էլէներգիայի սպառողը:

Հայաստանի էներգետիկ համակարգի կորուստների խնդիրը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց անցած տարվա գարնանից, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դիմեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագին բարձրացնելու հայտով: Մինչ այդ էլէներգիա սպառողներին, նույնիսկ Հայաստանի հանրության առավել ակտիվ մասին երբեւէ չի հետաքրքրել, թե ՀԷՑ-ի կորուստները որքան են կազմում, ինչպես են դրանք գոյանում եւ այսպես շարունակ: Բայց անցած տարվա մայիսից բոլորը սկսեցին հաշվել ՀԷՑ-ի փողերը: Արդյունքում պարզվեց, որ ՀԷՑ-ը էլէներգիայի կորուստներով աշխարհում «առաջատար» ընկերություններից մեկն է: Երբ անցած տարի այս խնդիրը հանրային ուշադրության կենտրոնում հայտնվեց, պարզվեց, որ 2014-ի տվյալներով ՀԷՑ-ի կորուստները կազմել էին 13 տոկոս, որը կազմում է 789 մլն 900 հազար ԿՎտ/ժ, կամ նույնն է, թե 33 միլիարդ 150 մլն դրամ: Սա այն դեպքում, երբ, ասենք, հարեւան Վրաստանում էներգետիկ համակարգի կորուստի միջին չափը կազմում է 7 տոկոս:
Օրերս հրապարակվեցին ՀԷՑ-ի անցած տարվա գործունեության հաշվետվությունները, ըստ այդմ, պարզվում է, որ էներգետիկ համակարգի կորուստները անցած տարի կազմել են 11,3 տոկոս, 686 մլն 800 հազար ԿՎտ/ժ: Գումարային արտահայտությամբ անցած տարվա ՀԷՑ-ի կորուստները կազմել են 33 մլրդ դրամ: Այսինքն՝ մեկ տարվա կտրվածքով այն բանից հետո, երբ ՀՀ բնակչությունը սկսեց ՀԷՑ-ի գործունեությամբ հետաքրքրվել, այս ընկերության կորուստները արդեն իսկ կրճատվեցին ավելի քան 103 մլն ԿՎտ/ժ-ով, որը կազմում է մոտ 5 մլրդ դրամ: Ի դեպ, կորուստների ծավալները նվազել են անցած տարվա երկրորդ կեսին, այսինքն՝ այն բանից հետո, երբ հանրության ուշադրությունը սեւեռվեց ՀԷՑ-ի վրա:
Ինչպես հայտնի է՝ Հայաստանի գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները մարզերում փոքր հիդրոէլեկտրակայաններ ունեն: Աշխարհում ընդունված է կարծել, որ ՀԷԿ-ը երկարաժամկետ ներդրման առարկա է: Այսինքն՝ ՀԷԿ կառուցելով՝ ներդրած գումարը կարճ ժամանակում հնարավոր չէ հետ բերել: Դրա համար կարող է 5 կամ 10 տարի պահանջվել: Այս տեսանկյունից Հայաստանի պաշտոնյաների՝ ՀԷԿ կառուցելուն ուղղված մղումներն անհասկանալի էին թվում: Ի վերջո, հայտնի է, որ ՀՀ պաշտոնյաները սովորաբար իրենց գումարները ներդնում են այնպիսի բնագավառներում, որպեսզի դրանք հնարավորին արագ ետ ստանան եւ իրենց համար գեր շահույթ ապահովեն:
Անցած տարվա աշնանը ՀԷՑ-ի հետ կապված մի մեքենայություն բացահայտվեց, որը լույս սփռեց պաշտոնյաների ՀԷԿ-ամանիայի վրա: 2015-ի սեպտեմբերին աշխատանքից ազատվեց ՀԷՑ իրացման տնօրենի տեղակալ Արսեն Գաբրիելյանը, որը «Սիրարփի ԱՀ» ՍՊԸ-ի փաստացի սեփականատերն էր: Այս ընկերությանն էր պատկանում «Սիրարփի» փոքր ՀԷԿ-ը: Գաբրիելյանը մեղադրվում էր այն բանում, որ նա իր ենթակայի՝ ՀԷՑ էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման բաժնի պետ Ռուդիկ Պիվազյանի օգնությամբ արհեստական ավելացրել է «Սիրարփի» ՓՀԷԿ-ի կողմից մատակարարված էլէներգիայի ծավալները: Այսինքն՝ ըստ մեղադրանքի՝ ՀԷՑ-ում «Սիրարփի»-ից ստացված էլէներգիայի չափը արհեստական մեծացնելով՝ Գաբրիելյանն արհեստական եկամուտներ է ստացել: Օրերս վերը նշված անձանց ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես մեղադրանք առաջադրեց, ըստ այդմ, նրանք մեղադրվում են ՀԷՑ-ից շուրջ 96 մլն դրամ գողանալու մեջ:
Արսեն Գաբրիելյանին աշխատանքից ազատելու եւ նրան պատասխանատվության ենթարկելու հանգամանքը ՀԷՑ-ի մեր աղբյուրները կապում են ընկերության բարձրագույն ղեկավարության եւ նրա միջեւ ծագած հակասություններով:
Այս պատմության հմայքն էլ այն է, որ ըստ լուրերի՝ վերը նշված մեթոդով գործում են գրեթե բոլոր ՀԷԿ-երը: Պաշտոնյաների շահագրգռվածության պատճառն էլ հենց այդ համակարգն է: Արդյունքում, ստացվում է, որ Հայաստանի ողջ իշխանական համակարգը օգտվում է ՀԷՑ-ի «կորուստներից»: Մոտավոր հաշվարկներով խոսքը տարեկան մոտ 30 մլն դոլարի մասին է, որը տարբեր համամասնությամբ բաժանվում է պաշտոնյաներին պատկանող ՀԷԿ-երի միջեւ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԿՈՒՍԱԿՑԱՓՈԽ ԿԼԻՆԻ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախկին խոսնակ Վահան Բաբայանը հերթական անգամ կհայտարարի կուսակցությունը փոխելու մասին: Բաբայանը ԲՀԿ-ի այն թեւից է, որի անդամներն ամեն կերպ ցանկանում էին, որ իրենց կուսակցությունը եւս իշխանական կոալիցիայի մաս կազմի: Ըստ լուրերի՝ Բաբայանն այս օրերին փորձում է ուղիներ գտնել, որպեսզի կուսակցափոխությունից հետո 2017-ի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակում տեղ զբաղեցնի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Բաբայանը ցանկանում է կրկին վերադառնալ ՄԻԱԿ: Այս կուսակցությունն ընդունված է համարել ՀՀԿ-ի երիտթեւ: Հիշեցնենք, որ Բաբայանը 2000-ականների սկզբին ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության անդամ էր, այնուհետեւ տեղափոխվեց «Հայաստանի երիտասարդական կուսակցություն»: Երբ այս կուսակցության շրջանն էլ արդեն ավարտին էր մոտենում, որոշ ժամանակ Բաբայանը նույն ՄԻԱԿ-ի շուրջն էր պտտվում: Սակայն, ի վերջո, նա հանգրվանեց ԲՀԿ-ում եւ վերջինիս ցուցակով դարձավ պատգամավոր: Ինչեւէ, «Ժողովուրդ»-ը փորձեց անձամբ Վահան Բաբայանից ճշտել նրա հնարավոր կուսակցափոխության մասին լուրերը, սակայն ապարդյուն: Իսկ ԲՀԿ խմբակցության մամլո խոսնակ Վանիկ Էլիզբարյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին իրենք Բաբայանից կուսակցությունից դուրս գալու մասին դիմում չեն ստացել: «Կուսակցությունը որեւիցե դիմում չի ստացել Բաբայանի` ԲՀԿ-ից դուրս գալու վերաբերյալ: Բայց բոլոր այն ԲՀԿ-ականները, ովքեր չեն ընդունում ԲՀԿ-ի քաղաքական գիծը, իրենք իրենց ավտոմատ կերպով արդեն դուրս են բերել կուսակցությունից»,- ասաց Էլիզբարյանը:

 

 

ՏԵՍՈՒՉՆԵՐԻՆ ԱԶԱՏՈՒՄ ԵՆ
Վերջին շրջանում լուրեր տարածվեցին այն մասին, որ Գյումրիում արտոնյալների մի խավ կա, որի անդամներն իրենց տները գազով են ջեռուցում, սակայն չնչին գումար են վճարում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` այս բացահայտումներից հետո «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի տարածքային կառույցում սկսել են տեսուչներին համատարած հեռացնել աշխատանքից: «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի ԳԳՄ-ի տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանը, սակայն, հրաժարվեց հեռացումների վերաբերյալ մեր բանավոր հարցին պատասխանել:

 

 

ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԿՄԵՐԺԵՆ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «ԲԻԷՍԲԻ» ՍՊԸ-ն բողոքարկել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2015 թվականի հուլիսի 22-ի որոշումը՝ «Խաչի Քար» փոքր ՀԷԿ-ում էլէներգիայի արտադրության լիցենզիան կասեցնելու մասին: «ԲԻԷՍԲԻ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Խաչի քար» փոքր ՀԷԿ-ում 2014-ի հունվարի 21-ին միջադեպ էր տեղի ունեցել, ինչի արդյունքում քրեական գործ էր հարուցվել: Մեր տեղեկություններով` այսօր կայանալիք նիստում ՀԾԿՀ-ն պատրաստվում է մերժել «ԲԻԷՍԲԻ» ՍՊԸ-ի բողոքը: Հիշեցնենք, որ «ԲԻԷՍԲԻ» ՍՊԸ-ն պատկանում է Վայոց ձորի նախկին մարզպետ ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանին:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԱՅՐՎԱԾ ԴԻ ԵՆ ԳՏԵԼ
Երեկ առավոտյան փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի երկաթգծի կայարանի ետնամասում՝ այրված խոտերի մեջ, հայտնաբերվել է տղամարդու դի, եւ անհարաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները Ն. Վ.-ի (ծնվ. 1937 թ.) այրված դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

 

ՆՈՐ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
«Արմենիա» ավիաընկերության առաջին չվերթը տեղի կունենա ապրիլի 21-ին, ուղղությունը՝ Իսրայել: Չվերթի ավիատոմսերն արդեն վաճառքում են: Այսօր տեղի կունենա «Արմենիա» ավիաընկերության բաժնետերեր Թամազ Գաիաշվիլիի, Ռոբերտ Հովհաննիսյանի եւ Աշոտ Թորոսյանի համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն նոր ավիաընկերության առաջիկա ծրագրերը: Նշենք, որ ավելի վաղ ընկերության բաժնետեր Թամազ Գաիաշվիլին հայտարարել էր, որ ավիաընկերությունը պատրաստվում է 49 դոլարով չվերթներ իրականացնել Երեւանից Եվրոպա, ԱՊՀ երկրներ, մասամբ` ասիական պետություններ:

 

ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ
ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանատան մոտ երեկ մի խումբ քաղաքացիներ ակցիա են անցկացրել` պահանջելով ազատ արձակել ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին: Հիշեցնենք, որ ՌԴ իրավապահները Սավչենկոյին մեղադրում են ռուսաստանցի լրագրողների սպանության համար, վերջինս, սակայն, չի ընդունում իր մեղքը եւ հացադուլ ու ջրադուլ է հայտարարել: Դատավորը մարտի 3-ին Սավչենկոյին թույլ չի տվել հանդես գալ վերջին խոսքով՝ հայտարարելով, որ դատական լսումները շարունակվելու են մարտի 9-ին: Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի խոսքով՝ Սավչենկոն դատվում է խայտառակ պայմաններում, անհեթեթ մեղադրանքներով: Բողոքի միջոցառմանը ներկա է եղել նաեւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոնիսյանը: Նա նշել է, որ ենթադրյալ հանցագործությունը, որում մեղադրվում է Սավչենկոն, տեղի է ունեցել Ուկրաինայի տարածքում, եւ ՌԴ դատարանը որեւէ լիազորություն չունի:

 

50-ԱՄՅԱ ՀԵՐՈՍԸ
Եռաբլուրում երեկ նշվել է ազգային հերոս Դուշման Վարդանի 50-ամյակը: Հարազատները լրագրողների եւ ներկաների հետ կիսվել են Վարդանի մասին հիշողություններով, խոսել հերոսի քաջագործությունների մասին: Նշենք, որ Դուշման Վարդանը սովորել է Թումանյանի անվան դպրոցում, եւ երեկվա միջոցառմանը մասնակցում էին նաեւ այդ դպրոցի սաները:

 

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ
Մարտի 9-10-ին, 11-ի գիշերը, մարտի 13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, մարտի 11-ի ցերեկը, մարտի 12-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արեւմտյան 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 11-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Երեւանում մարտի 9-10-ին, մարտի 11-ի գիշերը, մարտի 13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, մարտի 11-ի ցերեկը, մարտի 12-ին սպասվում է անձրեւ:




Լրահոս