Ի՞ՆՉ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԿՐԵԼ ԵՎ ՀԱՄԱԴՐԵԼ ԳԱՐՆԱՆԸ՝ ԸՍՏ ՈՃԱԲԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գարնան առաջին օրերն իրենց հետ հասցրին բերել վառ տրամադրություն եւ ներքին ջերմություն, որն արտացոլվում է նաեւ մարդկանց արտաքինում: «Ժողովուրդ»-ն արդեն գրել է գարնանային նորաձեւության այս տարվա միտումների մասին, այժմ էլ ներկայացնում ենք, թե սեփական ոճի կերտման եւ համադրությունների դիմելու հարցերում սեզոնին ինչ տարածված սխալներ կան, որոնցից անհրաժեշտ է խուսափել: Ոճաբան Դիանա Շատվերյանը մեզ հետ զրույցում անդրադարձել է այն հակաթրենդներին, որոնք կարող են «փչացնել» գարնանային լուքերը:

Նրա խոսքով՝ հիմա տարբեր ոճերի միքսման միտումը բավական լայն տարածում ունի, եւ այս պարագայում, բարեբախտաբար, սխալվելն այնքան էլ հեշտ չէ: Աղջիկները հնարավորություն ունեն սպորտային հագուստը համադրել բարձրակրունկների հետ, տղաները՝ դասական կոստյումը կեդերի հետ: «Պարզապես տղաները հաճախ սպորտային հագուստը կրում են դասական կոշիկի հետ. դա սխալ է. այդ պարագայում անհրաժեշտ է սպորտային ոճի կոշիկ կրել»,- նկատեց նա:
Ոճաբանի խոսքով՝ լավ կլինի՝ աղջիկներն էլ իրենց հերթին իմանալով միայն, որ գիպյուրից երկարաճիթ կոշիկները մոդայիկ են, չանտեսեն որակի եւ գույնի գործոնը:
Նա անդրադարձավ նաեւ մուշտակի եւ կոշիկի համադրության հարցին. «Որեւէ փակ միջոցառման շրջանակում դա ընկալելի է, սակայն առօրյայում խորհուրդ չէի տա: Մենք հաճախ ճիշտ ենք ընտրում զգեստը կամ կոշիկը, պարզապես այն ճիշտ պահին եւ ճիշտ տեղում չենք ներկայացնում»,-շեշտեց Դիանան:
Հիմա, երբ բոլորս շտապում ենք ազատվել տաք եւ ծանր հագուստներից եւ մեր պահարանը թարմացնում ենք՝ լցնելով այն գարնանային զգեստներով, մեծ է շտապելու եւ ժամանակից շուտ «թեթեւանալու» հավանականությունը: «Հաճախ կարելի է հանդիպել, օրինակ, երկարաճիթ կոշիկներով եւ կարճաթեւ վերնաշապիկներով աղջիկների. դա սխալ համադրություն է, ճիշտ կլինի դիմել կոշիկի համադրությանը կամ չշտապել կարճաթեւ հագուստի ընտրության հարցում, նույնիսկ երբ նոր շոր կամ կոշիկ ես գնել ու չես համբերում, թե երբ ես այն հագնելու: Հակառակ դեպքում կարող ես հայտնվել ծիծաղելի իրավիճակում»,- բացատրեց ոճաբանը:
Նույն տրամաբանությամբ պետք չէ շտապել նաեւ երեկոյան կամ կոկտելային զգեստների ընտրության հարցում. կարճաթեւ զգեստներ փակ միջոցառումներին, իհարկե, կարելի է հագնել, բայց, ահա, դրսում կրելու համար կա՛մ անհրաժեշտ է սպասել ամռանը, կա՛մ համադրել այն պիջակի հետ:
Ինչ վերաբերում է գարնանային գույներին, ապա դրանց հարցում սեզոնն առատաձեռն է, եւ մենք ընտրության լայն հնարավորություն ունենք, պարզապես այս պարագայում եւս պետք է դիմել գրագետ համադրության, հատկապես, երբ միքսում եք երեք կամ ավելի գույներ:
Այս գարնանը մոդայիկ է կրել շատ մատանիներ, բազկակալներ, մազերի մեջ դնել փետուրներ, ճակատի վրա աբադոկներ եւ այլն՝ դրանք համադրելով շրջազգեստների եւ կիսաշրջազգեստների հետ, սակայն այս դեպքում չարաշահումների դիմելու վտանգը մեծ է, ուստի հարկավոր է ուշադիր լինել:
Աքսեսուարներից վաղուց արդեն նորաձեւ են նաեւ խոշոր ակնոցները, որոնք ընտրելիս, սակայն, անհրաժեշտ է հաշվի առնել դեմքի կառուցվածքը եւ չընկնել նորաձեւության հետեւից այն պարագայում, երբ դրանք ձեզ ոչ մի կերպ չեն սազում: Նույնը կարելի է ասել լայնեզր գլխարկների մասին, որոնք, ի դեպ, ըստ ոճաբանի, ավելի շատ կարելի է կրել աշնանը. «Իմ սուբյեկտիվ կարծիքով, գարնանը գլուխն, այնուամենայնիվ, հաճախ պետք է բաց լինի, առանց գլխարկի, զարդարված գարնանային աքսեսուարներով»,-կարծիք հայտնեց նա:
Ոճաբանը խոսեց նաեւ մի հակաթրենդի մասին, որը մեզանում առկա է բոլոր սեզոններին. «Դրեսկոդին հետեւելու կուլտուրան մեզ մոտ զարգացած չէ: Այնպես, ինչպես շատերը երեկոյան կամ կոկտելային զգեստները կրում են առօրյայում, նույն տրամաբանությամբ էլ կարող են գնալ օպերա սպորտային հագուստով, անգամ եթե կազմակերպիչների կողմից հրավիրվածներին խնդրվել է հետեւել դրեսկոդին: Իսկ ամենավատն այն է, որ արդյունքում հիմար վիճակում են հայտնվում նրանք, ովքեր կատարել են այդ պայմանը՝ համալրելով փոքրամասնության շարքերը»,-եզրափակեց նա:

 

 

 
ԷԼ ԱՎԵԼԻ ԲԱՐԴ ԽՆԴԻՐՆԵՐ` «ԴՈՄԻՆՈ»-Ի ՀԵՐՈՍՆԵՐԻ «ԳԼԽԻՆ»

Ընդամենը մի քանի օրից կմեկնարկի «Դոմինո» հայկական սիթքոմի երկրորդ եթերաշրջանը, որն աչքի կընկնի սցենարային նոր լուծումներով եւ նոր դեմքերով: Երգիչ Նարեկ Բավեյանը (սիթքոմում` Նորիկ) «Ժողովուրդ»-ին պատմեց, որ եթե առաջին եթերաշրջանի ավարտին հեռուստադիտողներին կարող էր թվալ, թե սիթքոմի հերոսների` երեք ընկերների ունեցած խնդիրներն արդեն անցյալում են, ապա երկրորդ եթերաշրջանը ցույց կտա ճիշտ հակառակը. նրանց սպասում են նոր, էլ ավելի բարդ խոչընդոտներ:

Նարեկ Բավեյանը, անդրադառնալով իր երաժշտական կարիերային, տեղեկացրեց, որ օրեր առաջ նկարահանվել է իր նոր տեսահոլովակը, որն այժմ մոնտաժային փուլում է եւ մի քանի օրից կներկայացվի երկրպագուների դատին: «Սիրային թեմատիկայով այդ երգի թե՛ երաժշտության, թե՛ խոսքերի հեղինակը ես եմ, այն պարային բնույթի, 6/8 ժանրի գործ է»,- մանրամասնեց Նարեկը:
Մենք երգչի հետ զրուցեցինք նաեւ կանանց միամսյակի մասին: Կան տղամարդիկ, որոնք անընդմեջ դժգոհում են տոների առիթով. Նարեկ Բավեյանը, սակայն, նրանց թվին չի պատկանում. «Դժգոհողները մի ամբողջ ամիս ծաղիկ ու նվեր են տալի՞ս իրենց կողքի կանանց: Ճիշտը որ խոսենք` մենք մեկ-երկու անգամ ենք ուշադրություն ցուցաբերում կանանց նկատմամբ, մեկ մարտի 8-ին, մեկ էլ ապրիլի 7-ին: Մեզնից ո՞վ է մեկ ամիս շարունակ տոներ կազմակերպում, փարթիներ անում… Թող միամսյակ չլինի, վեցամսյակ լինի, թող ամբողջ տարին կանանց համար տոն լինի»,-անկեղծացավ երգիչը:
Նրա խոսքով` ինքը նախընտրում է կնոջը ծաղիկներ նվիրել ոչ թե տոնական, այլ պատահական օրերի. «Նախ` կարծում եմ` ավելի հետաքրքիր է ստացվում, երբ ծաղիկն անառիթ են նվիրում, եւ երկրորդ` չեմ սիրում, երբ ծաղկավաճառներն ինձ հիմարացնում են` ծաղիկը սովորականից մի քանի անգամ թանկ վաճառելով, այդ առումով նրանք մեզ վատ են վերաբերվում: Ուստի տոն օրերին նախընտրում եմ կնոջս այլ նվերներ մատուցել»,- մեկնաբանեց նա:
Հայտնի է, որ Նարեկը երեք ամսից արդեն հայրիկ կդառնա: Նա մեզ տեղեկացրեց, որ ինքը որդի է ունենալու, անունն էլ արդեն որոշված է, սակայն երգիչն այդ մասին դեռեւս չցանկացավ խոսել. «Չգիտես ինչու, սպասում էի, որ աղջիկ եմ ունենալու, բայց հակառակը պարզվեց, ամեն դեպքում, ես երեխայի սեռի վրա չեմ կենտրոնանում»,-եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՎԱԽՃԱՆՎԵԼ Է
90 տարեկան հասակում վախճանվել է բրիտանացի երաժշտական պրոդյուսեր Ջորջ Մարտինը, որին համաշխարհային ճանաչում բերեց նրա աշխատանքը The Beatles լեգենդար խմբի հետ: Այդ մասին հայտնել է խմբի նախկին թմբկահար Ռինգո Սթարը: «Մենք կարոտելու ենք Ջորջ Մարտինին: Շնորհակալություն քո սիրո ու բարության համար, Ջորջ»,- գրել է նա Twitter-ի իր էջում:
Նշենք, որ Ջորջ Մարտինի ակտիվում են 30 կոմպոզիցիաներ, որոնք հասել են բրիտանական հիթ¬շքերթի գագաթին, եւ 23 երգեր, որոնք առաջին հորիզոնականներն են զբաղեցրել ամերիկյան չարտերում: 1996 թվականին Մարտինը ասպետ է կարգվել՝ թագուհու ձեռքից ստանալով Բրիտանական կայսրության շքանշանը:

 

 

ՍԻՐՈՒՇՈՅԻՑ ՀԵՏՈ
Գերմանական կայքերն անդրադարձել են «Եվրատեսիլ 2016»-ում Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանին եւ նրա «LoveWave» երգին: Այսպիսով` Blog.prinz.de-ը նշել է, որ Իվետան տարբերվող ձայն ունի, եւ նրա կատարումներից երեւում է, թե որքան կիրք կա իր երգերում, ուստի նրա ելույթներից սպասելիքները միշտ մեծ են։ Հեղինակի կարծիքով՝ Սիրուշոյից հետո «Եվրատեսիլ» մրցույթին Հայաստանից մասնակցած երկրորդ ամենահմայիչ երգչուհին Իվետան է։
Հեղինակը նաեւ նկատել է, որ եվրատեսիլյան մեր երգում առկա են հայկական երաժշտության տարրեր։ «Ստեղծագործությունը պարային չէ, բայց բավականին էներգետիկ է, իսկ տեսահոլովակը՝ տպավորիչ»,- նշված է կայքում։

 

 

ՓՈԽԵԼ Է ՍԵՌԸ
Վաչովսկի եղբայրներից կրտսերը՝ Էնդին, պաշտոնապես իրեն կին է ճանաչել: «Մատրիցայի» ռեժիսորները հանրության ուշադրության կենտրոնում հայտնվել էին դեռեւս 2012-ին, երբ ավագ Վաչովսկին՝ Լարին, հայտարարել էր, որ ինքը կին է դարձել, անունը` Լանա: Լարին շուրջ 12 տարի որպես սեռափոխ էր ապրում, եւ գաղտնիք չէր, որ նա վիրահատության էր դիմել:
Vanity Fair-ի փոխանցմամբ` այժմ էլ նմանատիպ քայլի է դիմել Էնդին, ինչը, սակայն, անակնկալի է բերել հանրությանը: Այժմ 48-ամյա ռեժիսորը խնդրում է իրեն Լիլի անվանել:




Լրահոս