«ՊԱՅՔԱՐԵԼ ՈՒ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՄ ԲԱՇԻԲՈԶՈՒԿՆԵՐԻ ԴԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը, որը հանդես եկավ «Նաիրիտ»-ում  կատարված չարաշահումների բացահայտումներով` դրանցում մեղադրելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ու նրա եղբորը, հեռացել է Հայաստանից ու քաղաքական ապաստան ստացել Չեխիայում: «Ժողովուրդ»-ը զրուցեց Հ. Առաքելյանի հետ:
-Պարո՛ն Առաքելյան, տեւական ժամանակ է, ինչ Հայաստանում չեք. ո՞րն էր Հայաստանից հեռանալու պատճառը:
-Այո՛, ճիշտ եք նկատել: Շուրջ մեկ տարի է, ինչ հաստատվել եմ Չեխիայում եւ փորձում եմ ինտեգրվել իմ կողմից բազմակի անգամ քննադատված Եվրոպայում:
-Այնուամենայնիվ, ինչո՞ւ հեռացաք Հայաստանից:
-Երկրից հեռանալուս հիմնական պատճառն այն էր, որ ուժային կառույցները հանգիստ թողնեն ՀՌԱԿ-ի 50-ից ավելի կուսակցականների` նրանց Երեւանում բերման ենթարկելուց եւ բազմակի անգամ հարցաքննելուց հետո: Այլեւս իմաստ չկար մնալու, մանավանդ որ Հայաստանը դարձել էր մի երկիր, որտեղ այսօր անիմաստ է զբաղվել քաղաքականությամբ, քանի որ իսպառ վերացվեց ընտրական համակարգը, այսինքն՝ ինքս քաղաքական արենա գնալու` պատգամավոր դառնալու շանսեր չունեի…
-Դուք ՀՀ  վարչապետ Տիգրան Սարգսյանի հասցեին մեղադրանքներ էիք հնչեցրել` կապված «Նաիրիտ» գործարանում կատարված չարաշահումների հետ: Արդյոք վարչապետի գործոնը դեր ունի Հայաստանից Ձեր հեռանալու հետ:
-Ոչ միայն մեղադրեցի, այլեւ փաստաթղթերով ապացուցեցի վարչապետական գանձագողությունը. նրա եւ իր շրջապատ հանդիսացող «սկումբրիեւիչների» տված վնասը «Նաիրիտ»-ին գերազանցում է 200 միլիոն դոլարը: Իսկ դա արդեն լցրեց իրենց համբերության բաժակը, եւ անցան սանձարձակ գործողությունների` ոտնատակ տալով ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները: Ողջ Հայաստանով սկսվեցին ՀՌԱԿ կառույցների ղեկավարների հարցաքննությունները դատախազության, ոստիկանության եւ արդարադատության նախարարության տարբեր ռանգի չինովնիկների կողմից: Եվ այս խեղկատակության իմաստն այն էր, որ իմ գաղափարակից ընկերներից որեւէ մեկը ցուցմունք տա իմ դեմ: Բնականաբար, չգտնվեց որեւէ մեկը, որ կգնար այդ գործարքին: Իսկ դա շատ կատաղեցրեց  օֆշորի  նեղ  մասնագետ  գանձագողին: Դրանից հետո սկսվեցին խուզարկություններ ՀՌԱԿ գրասենյակում, իմ եւ ընկերներիս բնակարաններում,  բռնագրավվեցին ՀՌԱԿ ողջ փաստաթղթերը եւ արխիվը, եղավ ՀՌԱԿ ատենադպիրի 74-ժամյա անհիմն ձերբակալություն: Այսինքն՝ ինձ անձնապես չէին կպչում, բայց «մենթական» մեթոդներով իմ դեմ էին փորձում հանել իմ շրջապատի մարդկանց: Կարճ ասած` ՀՀ ուժային կառույցներից միայն բանակը չէին հանել մեր դեմ:
Ի դեպ, իմ հանդեպ սարքած գործը շատ նման էր Օսկանյանի հանդեպ սարքած գործին` բոլոր 50 հարցաքննվողները վկա էին, չկար իրավական պահանջատեր, ու չկար իրավական տուժող, այլ կար «Ազգ» թերթում մի անստորագիր զրպարտություն, դա էր հիմքը: Դրա համար էլ ես ասացի, որ եթե մամուլում անստորագիր նյութը հիմք է հանդիսանում դատախազության եւ ոստիկանության համար` գործ բացելու ՀՌԱԿ-ի ղեկավարության դեմ, ապա ես կհրապարակեմ կոնկրետ խոշոր չափերի հափշտակության մասին հաղորդագրություն` ուղղված ԱԱԾ-ին եւ գլխավոր դատախազին, ընդ որում, կստորագրեմ դրա տակ եւ ցանկացած դատարանում պատրաստ եմ ապացուցել գանձագողության փաստը: Մնում էր գտնել այն դատավորին, որը հայց կընդուներ վարչապետի դեմ… բայց այդպես էլ չգտնվեց:
-Ձեզ արդեն քաղաքական ապաստան տվե՞լ են:
-Այո՛, չեխական կառավարությունն ուսումնասիրեց եւ տեսավ, թե ինչ անօրինականություններ են կատարվել  ՀՌԱԿ-ի,  ընկերներիս, բարեկամներիս եւ իմ հանդեպ: Չեխական համապատասխան կառույցները, մոտ մեկ տարի ստուգելով փաստերը, հանգեցին այն եզրակացության, որ իմ եւ ընկերներիս հանդեպ կիրառվել են պետականորեն կազմակերպված բանդիտիզմին հարիր հակաօրինականություններ, ու Եվրամիության անունից ինձ տրվեց ներկայիս քաղաքական էմիգրանտի կարգավիճակը:
-Իսկ չե՞ք պատրաստվում դիմել Եվրադատարան:  
-Որքան էլ տարօրինակ լինի շատերի համար, ասեմ, որ ո՛չ, չեմ պատրաստվում:
-Ինչո՞ւ:
-Իմաստ չեմ տեսնում, որ դիմեմ Եվրոպայի մարդու իրավունքների դատարան, հաղթեմ, ու հայ հարկատուն վճարի գանձագող վարչապետիկի եւ ղզիկ արդարադատության նախարարի փոխարեն: Խեղճ հարկատուն ինչո՞ւ պետք է վճարի: Դրան ես դեմ եմ: Ինքս զբաղված եմ ավելի արդյունավետ գործով` հայ ազգի հանդեպ մեղքեր գործած բաշիբոզուկների համար աշխարհը նեղացնելով, որ հետագայում փախչելու տեղ չունենան: Աշխարհը հստակ քայլերով գնում է դրան եւ պետությունների կողմից օֆշորների գաղտնազերծումն ասածիս վառ օրինակն է: Իսկ ես միշտ պայքարել եւ հետագայում էլ պայքարելու եմ բաշիբոզուկների դեմ:

Զրուցեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ




Լրահոս