ՉԻ ՀԱՋՈՂՎՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՀԱԿ-Ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների նախկին դաշինքը վերականգնելու փորձերն այդպես էլ չեն ստացվում:
Հիշեցնենք, որ ժամանակին ՀԱԿ-ը ձեւավորվեց՝ համախմբվելով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ: Սակայն կամաց-կամաց Տեր-Պետրոսյանի թիմը «մաղվեց», ինչը կանխելու համար ՀԱԿ առաջնորդը ստիպված եղավ ստեղծել ՀԱԿ կուսակցություն: Դրանից հետո ՀԱԿ նախկին անդամ կուսակցություններից 5-ը` «Ժողովրդավարական հայրենիք», «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ», «Ժողովրդավարական ուղի», «Մարդու իրավունքներ-96» եւ Հայաստանի կանաչների կուսակցությունները փորձում են վերակազմավորել դաշինքը: Ի՞նչ փուլում է այդ գործընթացը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԺՀԿ նախագահ Պետրոս Մակեյանն ասաց, թե այդ գործընթացն այժմ էլ ընթանում է, պարզապես ավելի պասիվ, քան նախկինում: Մակեյանը հույս հայտնեց, որ առաջիկայում եւս «հավաք կլինի». «Կարծում եմ՝ ոչ միայն քաղաքական միջավայրից է կախված, այլեւ հետընտրական գործընթացներն են թելադրում պասիվությունը, որը, կարծում եմ, ժամանակավոր է եւ հաղթահարելի»:
ՔԺՎԿ նախագահ Սոս Գիմիշյանը եւս նշեց, թե իրենք այս հարցում սպասողական վիճակում են: «Ժողովուրդ»-ի հարցին, թե կարելի է ենթադրել, որ եթե իրենց այս նախաձեռնության մեջ Լեւոն Տեր-Պետրոսյանը չկա, ուրեմն այն ի սկզբանե ձախողված է, Գիմիշյանը պատասխանեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք էլ կոնգրեսը քանդվում էր, նրա օրոք էլ էին բազմաթիվ կուսակցություններ լքում կոնգրեսը: Նրա գնալն էլ ուղղված էր քանդվելուն: Եթե մնար, միեւնույն է, մի խումբ կուսակցություններ դուրս էին գալու կոնգրեսի կազմից»:
«Ժողովուրդ»-ը նշված հարցի շուրջ զրուցեց նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հետ. «Չեմ կարող ոչ մի մեկնաբանություն տալ, քանի որ ինքս այդ պրոցեսների մեջ չկամ: Բայց, ամեն դեպքում, իրենց մեջ չեմ տեսնում այն ներուժը, որը հնարավորություն կտա նրանց համախմբվելու: Կամ էլ քաղաքական պրոցեսները չեն նպաստում, որպեսզի նրանք համախմբվեն»: Լ. Սարգսյանն ընդգծեց, որ որքան էլ կուսակցություններն առաջնորդվեն գաղափարներով, միեւնույն է, միավորումները տեղի են ունենում կոնկրետ անձի շուրջ. «Սովորաբար մենք ինչքան էլ գաղափարներով առաջնորդվենք, միշտ մարդիկ կոնկրետ անձի շուրջ են համախմբվում, այդ թվում նաեւ` քաղաքական ուժերը, ինչպես եղավ 2007թ. Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ»: Մյուս կողմից տիկին Սարգսյանը նկատեց նաեւ, որ ՀԱԿ նախկին դաշինքի անդամ այդ հինգ կուսակցությունները չունեն այն ներուժն ու կադրային բազան, որի հիման վրա կարողանան համախմբվել: «Հավանաբար չկա այն անձը, ում շուրջ քաղաքական ուժերը կարող էին համախմբվել, իսկ եթե տվյալ անձը չկա, ամեն մեկը կարծում է, որ իր առանցքն է ամենակարեւորը»,-ասաց նա` ընդգծելով, որ դրանք իր ենթադրություններն են:
Հ.Գ. Ամեն դեպքում պետք է արձանագրել, որ Տեր-Պետրոսյանը, որը ղեկավարում էր հարյուրհազարավոր քաղաքացիներից բաղկացած համաժողովրդական շարժումը, ի վիճակի չեղավ իր շուրջ խմբված մի քանի տասնյակ մարդկանց մեջ համերաշխություն սերմանել:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ




Լրահոս