ArmԼur.am-ը շարունակում է ներկայացնել ընթերցողների կողմից ուղարկված և նրանց հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն այսուհետ կարող եք ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներով: Ձեզ հուզող հարցերի պատասխաններն կգտնեք մեր կայքում:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե սփյուռքի դիմորդներն ի՞նչ արտոնություններից կարող են օգտվել ՀՀ բուհեր ընդունվելու դեպքում:
Ռիմա Ֆեռոյան (58 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ բացի Հայաստանում բուհական ընդունելության ընդհանուր կարգից՝ սփյուռքահայ դիմորդները կարող են ընդունվել օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված հատուկ կարգով: Յուրաքանչյուր տարի՝ հուլիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ին ընկած ժամանակահատվածում, փաստաթղթերը ներկայացնելով ՀՀ ԿԳ նախարարություն կամ օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ՝ դիմորդը կարող է ընդունվել ՀՀ բուհերի ցանկացած ֆակուլտետի նախապատրաստական բաժին՝ հայոց լեզուն եւ մասնագիտական առարկաները ուսումնասիրելու նպատակով եւ տարեվերջում քննությունները բարեհաջող հանձնելով՝ շարունակել իր ուսումը, կամ անցնել հարցազրույց ընդունելության համար նախատեսված առարկաներից եւ բավարար գիտելիքների առկայության դեպքում անմիջապես ընդունվել համապատասխան ֆակուլտետի 1 կուրս:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ սփյուռքահայերին պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով ընդունելության տեղերի բաշխման ժամանակ նախապատվությունը տրվում է սփյուռքի համար առաջնային համարվող հայագիտական, մանկավարժական եւ արվեստի բնագավառի մասնագիտություններին: