Հարց քաղաքացիներից` ի՞նչ կարգով է հաշվարկվում վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmԼur.am-ը շարունակում է ներկայացնել ընթերցողների կողմից ուղարկված և նրանց հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն այսուհետ կարող եք ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներով: Ձեզ հուզող հարցերի պատասխաններն կգտնեք մեր կայքում:

ՀԱՐՑ. Խնդրում եմ՝ ասեք, թե ի՞նչ կարգով է հաշվարկվում վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը, եւ կցանկանայի իմանալ, թե ի՞նչ միջոցներից է վճարվում այն:

Լիաննա Պողոսյան (29 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Պողոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 25-ի եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով: Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 21-ի եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության ու ծննդաբերության նպաստի դեպքում՝ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով: Հայտնում ենք նաեւ, որ բացառությամբ հղիության եւ ծննդաբերության նպաստի՝ ժամանակավոր անաշխատունակության 2-րդ, 3-րդ եւ 4-րդ աշխատանքային օրերի համար գործատուն վարձու աշխատողի նպաստը վճարում է իր միջոցների հաշվին, իսկ 5-րդ աշխատանքային օրվանից սկսած՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ համատեղությամբ աշխատելու դեպքում նպաստը հաշվարկվում, նշանակվում եւ վճարվում է յուրաքանչյուր գործատուի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի կողմից՝ անկախ մյուսների կողմից նպաստը նշանակելու եւ վճարելու հանգամանքից:




Լրահոս