ՓԱՍՏՈՐԵՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է
Կիպրոսյան կայքերից մեկի տեղեկացմամբ` մի շարք կիպրոսյան գրանցում ունեցող ընկերությունների սեփականությունը կասկածելի հանգամանքներում փոխանցվել է երրորդ անձանց, ինչը խարդախության եւ հնարավոր փողերի լվացման ռիսկ է պարունակում: Երեկ Կիպրոսի խորհրդարանը քննարկել է բողոքներ, որոնք ներկայացվել էին ընկերությունների սեփականատերերի կողմից` այն բանից հետո, երբ առանց վերջիններիս համաձայնության իրենց ընկերությունները վերագրանցվել են ուրիշների անուններով` փաստաթղթեր կեղծելու միջոցով:
ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ
«Ժառանգություն» կուսակցությունը Ռուսաստանի վերջին քայլերի կապակցությամբ հայտարարություն է արել. «Ռուսաստանի կողմից Ադրբեջանին շուրջ մեկ միլիարդ դոլարի զենքի մատակարարումը եւ Ադրբեջանի Շահ Դենիզ-2 հանքավայրի շահագործման իրավունքը Trans-Adriatic Pipeline-ին տրամադրելու որոշումն անդրադառնում են Հայաստանի շահերին եւ Հարավային Կովկասի եվրաինտեգրման ընթացքին: Ռուսաստանի նման անընդունելի վարքագիծը շարունակվելու դեպքում Հայաստանը պետք է վերանայի այդ երկրի հետ իր հարաբերությունների բնույթը: Եթե Հայաստանի կամ ԼՂՀ թեկուզ մեկ քաղաքացի զոհվի Ադրբեջանի կողմից «Սմերչ» համակարգի գործադրման հետեւանքով, դրա պատասխանատվությունը կիսելու է մատակարարող երկիրը»:
ԱՆԻՄԱՍՏ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
Հուլիսի 5-ին Սահմանադրության օրվա հետ մեկտեղ պետք է նշվի նաեւ պետական խորհրդանիշների օրը: ՀՀ կառավարությունը երեկ հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, որը կներկայացվի խորհրդարանի հաստատմանը:
ԹԱԿՈՒՄ ԵՆ ԴՌՆԵՐԸ
Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Շիրակի գյուղերում մատչելի գներով դիզելային վառելանյութ եւ ազոտական պարարտանյութ տրամադրելու թեմայով գյուղացիներին սկսել է հարցուփորձ անել նաեւ ՀՀ ոստիկանության հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչությունը: «Առավոտ»-ի տեղեկություններով` ոստիկանները հերթով թակում են գյուղացիների դռները` հարցնելով` դուք ստացե՞լ եք պետության կողմից հատկացրած վառելանյութը: Այս պահին ոստիկանների ուշադրության կենտրոնում են Շիրակի մարզի մոտ 20, այսպես ասած, կասկածելի գյուղեր:
ՆՍՏԱՑՈՒՅՑ Է ԱՆՈՒՄ
Զոհված զինվորի մայր Մարգարիտա Խաչատրյանը (Մորոզը) երեկվանից կառավարության առաջ նստացույց է սկսել` պահանջելով ՀՀ դատախազությունից ուսումնասիրել ոչ թե 2011թ.-ի հունվարից հետո ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերը, այլ հրադադարից հետո` 1994թ.-ից մինչ օրս չբացահայտված գործերը: Նա ասել է, որ պայքարելու է մինչեւ վերջ, եւ եթե իր պահանջը չբավարարեն, խոստանում է արտաշիրիմում անել եւ սպանված որդու մասունքների հետ լքել Հայաստանը: Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ դրանից մեկ օր առաջ ՀՀ վճռաբեկ դատարանի վճռով Մորոզը պարտվեց «Հրապարակ» թերթին: