ՀԱՋՈՂԱԿ ԲԻԶՆԵՍՄԵ՞Ն, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթուր Բաղդասարյանին կարելի է Գինեսի գրքում գրանցել: Արտաքուստ բիզնեսով չզբաղվելով, ներգրավված լինելով պետական կառավարման համակարգում՝ այս մարդն այսօր արդեն կարող է մրցել Հայաստանի եւ աշխարհի շատ մեծահարուստների հետ՝ որպես մեր օրերի ամենահաջողակ մարդկանցից մեկը, ում համար վաղուց ի վեր քաղաքականությունը խթան է բիզնես գործունեության համար…
Իհարկե, մի կարճ շրջան իր կենսագրության մեջ Ա. Բաղդասարյանը նվիրել է գործարարությանը, երբ աշխատում էր «Ավանգարդ» թերթում՝ միեւնույն ժամանակ ներգրավված լինելով «մոմի բիզնեսում»: Դե, ցուրտ ու մութ տարիներին մարդկանց լույս էր պետք, իսկ երիտասարդ ինտելեկտուալին՝ ապրելու միջոցներ: Ա. Բաղդասարյանի համար հերթական բիզնես դաշտը դարձավ համամասնական ցուցակը: Ասում են, որ ցանկացած ընտրությունների ժամանակ իր կուսակցության ցուցակում անցողիկ տեղեր զբաղեցնելու համար նա որոշակի գումարներ է ստացել՝ «ի բարօրություն» կուսակցության… Այս հանգամանքը մենք չենք կարող ճշտել, որովհետեւ եթե ժամանակին մի քանիսը, նեղացած Բաղդասարյանից, այս մասին բարձրաձայնում էին, ապա հիմա պետության ղեկավարներից մեկի դեմ, բնականաբար, ոչ ոք չի խոսի: Համենայնդեպս, ժամանակին մամուլն այդ մասին բարձրաձայնում էր, հիշենք «Հայկական ժամանակ» թերթի հրապարակումը, ուր գրված է. «ՕԵԿ համամասնական ցուցակի անցողիկ տեղերում հայտնվելու համար մարդիկ Արթուր Բաղդասարյանին վճարել են յուրաքանչյուրը 150 հազարական դոլար»:
Արթուր Վահանիչի բիզնեսը հատկապես սկսեց ծաղկում ապրել, երբ նա դարձավ ԱԺ նախագահ: Սակայն 2012թ., լրացնելով հայտարարագիր, արդեն ԱԱԽ քարտուղարը բավական համեստ թվեր է ներկայացրել. նրա դրամական միջոցները կազմել են 500 հազար դրամ եւ երկու հազար ԱՄՆ դոլար, տարեկան եկամուտն էլ, որն առաջացել է աշխատավարձից, կազմել է 4 մլն 274 հազար 700 դրամ: Կարելի է ասել, որ Ա. Բաղդասարյանը մեր երկրի ամենաաղքատ պաշտոնյաներից է, նա աղքատ է անգամ կնոջից, որը, ստանալով ընդամենը 150 հազար դրամ եկամուտ, ունեցել է 3 մլն 700 հազար դրամ եւ 10 հազար ԱՄՆ դոլար… Նման «թվաբանությունը» հասկանալու համար պետք է չափազանց ճարպիկ լինել: Ա. Բաղդասարյանի հայտարարագրերում շատ «տարօրինակ» բաներ կան: Այսպես, 2012թ. մարտի 1-ի դրությամբ նրա բանկային հաշիվներին եղել է 5 մլն դրամ եւ 20 հազար դոլար, իսկ 2007-ին նա հայտարարագրել էր 8 մլն դրամ եւ 190 հազար դոլար: Բնականաբար, ոչ մեկը դրանց ծագումնաբանությունը չի ստուգել:
Նա ունի 215,3 քմ մակերեսով բնակարան Երեւանի Բայրոնի 3 հասցեում: Նույն հասցեում ունի նաեւ ավտոտնակ` 34,8 քմ մակերեսով: Նրա հաջորդ ձեռքբերումը «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան է, որը եւս նախկինում չի եղել: Չորս տարի առաջ չի ունեցել նաեւ սեփական ընկերություն: Այժմ նրան են պատկանում «Գավեքս» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը: Բայց սրանք էլ ամբողջը չեն: Ինչպես ասում են, երեւացող մասն են միայն: Ասենք, ոչ մի տեղ չի նշվում, որ Ա. Բաղդասարյանը Կոտայքի մարզի Արամուս գյուղում կառուցել է քարի մշակման ձեռնարկություն: Երբ Ոսկեվազ գյուղում ԱԱԽ քարտուղարը գինու եւ կոնյակի գործարան էր կառուցում, նրա կուսակից ընկերները հայտարարում էին, թե այն «կոլեկտիվ» սեփականություն է, փողն էլ տվել է Բաղդասարյանի ընկերներից մեկը, որն ապրում է արտերկրում: Հեղինե Բիշարյանն այդ կապակցությամբ ասել էր. «Նախ, ասեմ, որ գործարանը ոչ թե ձեռք ենք բերել, այլ կառուցվել է Արթուր Բաղդասարյանի եւ նրա ընկերոջ` հայտնի հայազգի գործարար Նվեր Մխիթարյանի համատեղ ջանքերով եւ աջակցությամբ… կառուցվող գործարանը ոչ թե սոսկ խմիչքների, այլ գյուղմթերքների վերամշակման գործարան է»…
Հետո նույն կուսակիցները սկսեցին հավաստիացնել, թե Բաղդասարյանին պատկանող «Արմենո» խանութների ցանցն էլ իրենը չէ, որ պատահականորեն է հիշատակվում նրա անունը: Իհարկե, կոնյակի գործարանը մոտ 700 աշխատատեղ է ապահովում, մարդկանց սոցիալական հարցերը լուծում, ուստի անգամ պետք է շնորհակալություն հայտնել Բաղդասարյանին իր մարդասիրական քայլի համար, բայց ախր մեր Սահմանադրությունն արգելում է պետական պաշտոնյաներին ու պատգամավորներին զբաղվել բիզնեսով: Մանավանդ որ, Ա. Բաղդասարյանն էլ իրավագիտության դոկտոր է, ուրեմն օրենքները լավ պիտի իմանա: Ասենք, պիտի իմանա, որ Կասկադի հարեւանությամբ կառուցված շքեղ առանձնատունը պիտի հայտարարագրվի, ներառվի ունեցվածքի մեջ, այնինչ Բաղդասարյանն այս մասին «մոռացել» է: Մինչդեռ չի մոռացել բառացիորեն իր սեփականությունը հանդիսացող, Աբովյան փողոցում գտնվող կուսակցության գլխավոր շենքը «վերագրանցել» իր հարազատներից մեկի ՍՊԸ անունով՝ այսպիսով իրեն ազատելով ավելորդ գլխացավանքից:
Ռուսական կայքերից մեկը ժամանակին գրել էր. «Բաղդասարյանը հսկայական սեփականություն եւ անշարժ գույք ունի Երեւանում (հիմնականում Արաբկիրում եւ Քանաքեռ-Զեյթունում), որը ձեւակերպված է դրածո անձանց անունով, այդ թվում` ընտանիքի անդամների եւ նախեւառաջ` հոր: Վերջին 2 տարիներին ՕԵԿ առաջնորդը զբաղված է վերամշակման եւ սննդարդյունաբերության ոլորտում ակտիվների «բիրիքով» գնմամբ (հիմնականում Արարատյան դաշտավայրում)»: 2011թ.-ին էլ «168 ժամ»-ը գրել էր, որ Ա. Բաղդասարյանը հյուրանոց է կառուցում, որի մի հարկաբաժինը նվիրաբերվելու է «Կյանքի խոսք» աղանդին. «Թբիլիսյան խճուղում՝ Աբովյան քաղաք տանող ճանապարհի աջ կողմում կառուցվող շենքի շինարարության ընթացքին ժամանակ առ ժամանակ հետեւում է ԱԱԽՔ, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Զանգահարողները համոզված էին, որ այդ շենքի հետ Ա. Բաղդասարյանն առնչություն ունի, այլապես ինչո՞ւ պետք է այցելի ու հետեւի շինարարությանը»:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս