ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ ՓՈՐՁՈՒՄ Է «ՊՈՒՊՈՒՇ» ԵՐԵՎԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության երեկվա նիստում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, թե չնայած կարկուտի հասցրած մեծ վնասներին՝ հանրապետությունում աննախադեպ բարձր բերք է ստացվել: Գյուղնախարարի այս հայտարարությունը, «Ֆերմերային շարժում» ՀԿ-ի նախագահ Սարգիս Սեդրակյանի կարծիքով, կապված է Վերահսկիչ պալատի կողմից հայտնաբերված «ատկատների, մսխված գումարների» հետ. «Մյուս նախարարները խոսեցին, նա էլ փորձ արեց ցույց տալ, որ իր նախարարությունում ամեն ինչ կարգին է»:
Ըստ գյուղնախարարության պաշտոնական կայքի՝ հուլիսի 3-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է պտուղ-բանջարեղենի շուրջ 25,493 տոննա, որը եռակի անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատությամբ: Նախորդ տարվա նույն օրը Հայաստանից արտահանվել էր 8303 տոննա պտուղ-բանջարեղեն: Միայն ծիրանի արտահանումը 12,243 տոննա է, ինչը գրեթե կրկնապատկվել է. նախորդ տարվա նույն օրվա տվյալը 6,170 տոննա էր: Մթերվել է շուրջ 4502 տ պտուղ եւ 338 տ բանջարեղեն, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշն էր 2282 տ պտուղ եւ 309 տ բանջարեղեն: Ծիրանի մթերման ծավալները զգալի աճել են. բավական է նշել, որ 2012-ի հուլիսի 3-ի տվյալով մթերվել էր 1944 տ ծիրան, իսկ հաշվետու պահի դրությամբ՝ շուրջ 3956 տ:
Այգեշատ համայնքի ղեկավար Արամայիս Մխիթարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ գյուղացիներն օրերով հերթ են կանգնում «Նոյան» հյութերի գործարանի դիմաց, որպեսզի բերքը հանձնեն: Արդյունքում ողջ ծիրանը փչանում է. «Հերթ կանգնելն արդեն նշանակում է, որ ծիրանը փչացավ: Իսկ վաճառած ծիրանի գումարից պետք է ե՛ւ բեռնատարի վարորդին գումար տա, ե՛ւ ծիրան հավաքող մարդկանց: Չէ՞ որ ծիրանն էլ այն տեսակի միրգն է, որը մի տասն օրում է հասնում: Ինչ անում ես, այդ ընթացքում պետք է անես: Ու եթե այս ընթացքում երկու-երեք օր գյուղացին մթերող կազմակերպությունների ճանապարհին կանգնի, սպասի, թե երբ են իր ծիրանը մթերելու, էլ ի՞նչ եկամուտ կարող է ունենալ»:
Ա. Մխիթարյանի խոսքով՝ այս տարի ոչ մի գյուղացի ծիրանից եկամուտ չի ստացել, քանի որ ծախսը շատ է մեծ եղել. «50 դրամով են հանձնում: Էս գինն էլ գյուղացուն չի բավարարում, եթե ծախսերը հանենք, տակը բան չի մնում: Ոչ մի եկամուտ: Բոլոր համայնքների գյուղացիները, որոնք ծիրան ունեն, գնում են ու օրերով հերթ կանգնում գործարանի դիմաց»:
«Ֆերմերային շարժում» ՀԿ-ի նախագահ Սարգիս Սեդրակյանն էլ է նշում, որ այս տարի բերքը շատ է, բայց դժգոհ է գյուղնախարարության աշխատանքից. «Ես նախարարին մեղադրում եմ այն հարցում, որ ծիրանը բազմաթիվ գյուղերում փչացավ, գյուղացիները չէին կարողանում մթերող կազմակերպություններին հանձնել: Հենց գյուղնախարարության պաշտոնական կայքէջում էլ յուրաքանչյուրը կարող է հանգիստ մտնել ու նայել, թե ինչպես է գրված, որ գյուղնախարարն այսինչ օրը հանդիպեց այսինչ վերամշակող ընկերության հետ եւ պայմանագիր կնքեց, որպեսզի իբր լավ կազմակերպեն, իբր ժամանակին բերքն իրացնեն: Բա ինչո՞ւ չարեցին, թե՞ կարող է մեր հայկական ծիրանը լավը չէ: Մենք էլ հայերով հպարտանում ենք ու աշխարհով մեկ գոռում, թե ծիրան ունենք, մեր ծիրանը լավն է, համով է: Թե ինչն է պատճառը, ինձ համար էլ հանելուկ մնաց»:
Ս. Սեդրակյանի կարծիքով՝ կառավարության երեկվա նիստում գյուղնախարարի արած հայտարարությունը հիմնականում կապված էր ՎՊ-ի հայտնաբերած «ատկատների, մսխված գումարների հետ». «Մյուս նախարարները սկսեցին խոսել, ինքն էլ փորձեց ցույց տալ, որ իր նախարարությունում ամեն ինչ կարգին է ընթանում: Ոչ մի տեսակի թերություն չկա, ավելին, բերքն էլ շատ է եղել, եւ գյուղատնտեսությունում գրանցվել է 1.3 տոկոսի աճ: Նա այսպես արեց, որպեսզի նախագահի աչքին պուպուշ երեւա: Թե չէ գյուղացին առավոտից մինչեւ երեկո դաշտում չարչարվել է, դու ի՞նչ կապ ունես դրա հետ: Ինչո՞ւ է բերքի շատությունն իրեն վերագրում, իսկ քչությունը՝ ոչ»:
Իսկ «Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության նախագահ Վարդան Համբարձումյանը, խնդրի  հետ կապված, նշեց. «Ամբողջ հարցն այն է, որ գյուղացին չի կարողանում իր ապրանքն իրացնել: Ոչ մի երկրում պետությունն ապրանքն իրացնելու համար, այդ թվում նաեւ՝ գյուղացու, չունի պատասխանատվություն: Միայն մի քանի երկրներ կան, որտեղ իշխանությունները որոշակի հարցերով միջամտում են` քվոտավորմամբ աջակցելու, բայց այդ քվոտավորում հասկացողությունը գյուղնախարարությունից կախված չէ»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս